Հեռավար հարցազրույց Լոլա Աստանովայի հետ
– Լոլա, մի քանի օր է, ինչ Երեւանի գլխավոր՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճակատին է դեկտեմբերի 20,21-ին կայանալիք Հայաստանում ձեր առաջին մենահամերգի՝ անսահման հմայիչ մեծադիր լուսանկարով աֆիշը։ Ձեր արվեստով հիացած է ողջ աշխարհը։ Տարբեր հեղինակավոր պարբերականներ իրենց հոդվածներում ձեզ ներկայացնում են աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահարուհի, դաշնակահարուհի՝ չտեսնված գեղեցկությամբ եւ այլն։ Իսկ մենք կներկայացնեինք որպես ամենասեքսուալ դաշնակահարուհի։
Ասվածի վկայությունն են արդեն մեզ մոտ շրջանառվող խոսակցությունները, լուրերը, ասեկոսեները, նույնիսկ կարծիքներ են պտտվում, թե «Արամ Խաչատրյան» համերգասրահը չի կարող երկու համերգի ընթացքում ընդունել բոլոր ցանկացողներին։ Համացանցից հայտնի են ձեր ոչ միայն բարձրարվեստ, այլեւ զարմացնող կատարումները, օրինակ՝ նվագել միաժամանակ երկու ռոյալի վրա։ Կներեք, բայց թույլ տվեք որպես գաղտնիք հայտնել, որ հայ տղամարդկանց մի մասը մտավախություն ունի, թե տեսնելով ձեզ՝ կկորցնի լսելու ունակությունը։
– Նախ՝ շնորհակալ եմ ձեր բարի խոսքերի, նաեւ հաճոյախոսությունների համար։ Հայաստանյան համերգին անհամբերությամբ ու սիրով եմ սպասում։ Կներկայացնեմ դասական ստեղծագործություններ, կինոերաժշտություն, մի քանի իսկապես օրիգինալ երկեր։ Ձեզ համար պատրաստել եմ նաեւ մեկ գործի համաշխարհային պրեմիերա, ինչը, բնականաբար, նոր կոմպոզիցիա է… Լավ, եկեք չբացահայտենք բոլոր մանրամասները։ Ձեր ընթերցողներին սիրով հրավիրում եմ համերգի, ինչպես ասվում է՝ ամեն ինչ տեսնել սեփական աչքերով։ Ես սիրում եմ իմ հանդիսատեսին։ Այո, ոմանք կարող են ներկա գտնվել պարզապես երաժշտություն լսելու համար, մյուսները, նույնիսկ չգիտեմ ինչպես արտահայտվել՝ բեմում գործողություններ տեսնելու, ոմանց համար էլ դա հանգստանալու միջոց է։ Այդ բոլոր մարդիկ իմ հանդիսատեսն են։ Խնդիր չեմ տեսնում, թե մեկն, ասենք, ավելի շատ ուշադրություն կդարձնի արտաքինիս՝ քան երաժշտությանը, եւ այլն, եւ այլն…
Ես հայկական մշակույթն ընկալում եմ որպես աշխարհի լուսավոր հատված, քանի որ վստահ եմ՝ Հայաստանը հարստացրել է աշխարհը։ Ո՛չ ամերիկյան, ո՛չ եվրոպական մշակութային որեւէ տարածք այսօր, իսկ ինչու այսօր, անհնար է պատկերացնել առանց Արամ Խաչատրյանի, Ազնավուրի, Փարաջանովի, Շերի եւ շատ այլ արվեստագետների, գիտնականների։ Ճանաչում եմ նույնիսկ հայազգի մեկ-երկու գործարարի։ Իսկ ինձ համար՝ որպես երաժիշտ, առանձնահատուկ է Արամ Խաչատրյանը։ Վաղուց մտածել եմ եւ այդ կարծիքին էլ կմնամ, որ «Սպարտակ» բալետի ադաջիոն բավական կլիներ, որպեսզի նա համարվեր աշխարհի մեծագույն կոմպոզիտորներից մեկը։ Պատահական չէ, որ կոմպոզիտորի հոբելյանական տարվա առիթով եմ լինելու Հայաստանում…
– Մոռացանք շնորհակալություն հայտնել հարցազրույցի համաձայնելու համար։ Նշեցիք, որ սիրում եք ձեր «բազմանպատակ» հանդիսատեսին, դրա համար խնդրում ենք բավարարել հետաքրքրասեր հանդիսատեսին նույնպես՝ հրապարակելով կենսագրական մանրամասներ։ Գիտենք, որ ծնվել եք Տաշքենդում, վաղուց բնակվում եք ԱՄՆ-ում, ընդ որում՝ որոշ լրատվականներ ձեզ ներկայացնում են որպես ամերիկացի դաշնակահարուհի։
– Սիրով։ Մայրս երաժշտության ուսուցչուհի է եւ որքան էլ տարօրինակ թվա՝ հայրս է նրան համոզել, որ ինձ դաշնամուրի դասեր տա։ Առաջին դասական ստեղծագործությունը, որով տպավորվել եմ, Շոպենի «Ֆանտազիան» էր, որը, կարելի է ասել՝ լսել ու սիրել եմ մանկությունից։ Առաջին ելույթս դպրոցում է եղել, 7 տարեկան էի, Շուման եմ նվագել։ Իսկ նվագախմբի հետ առաջին ելույթս 8 տարեկանում էր, Տաշքենդի «Բախոր» մեծ ու գեղեցիկ համերգասրահում։ Ամուսնացած չեմ, այդ կարգավիճակում ինձ մոտ ապագայում չեմ էլ տեսնում։ Հարաբերություններս Steinway-ի հետ են։ Այո, դրանք շատ կրքոտ են, բայց միեւնույն ժամանակ՝ խիստ պրոֆեսիոնալ։ Իհարկե, ռոյալից բացի, կարեւոր է ու պարտադիր ունենալ այլ հետաքրքրություններ, որոնք ունեմ, բայց այս պահին դրանց մասին չեմ բարձրաձայնի։ Հպարտանում եմ, որ նվագել եմ անկրկնելի երաժիշտ Հորովիցի դաշնամուրով, ում ազդեցությունը հսկայական է ինձ վրա։ Կարծում եմ, որ նա վերաիմաստավորեց, թե ինչ է նշանակում դաշնակահար լինել։ Միեւնույն ժամանակ չեմ կարող ասել, որ ինձ դուր է գալիս նրա մատուցած ամեն ինչ, ավելին՝ նրա որոշ մեկնաբանություններ համարում եմ սարսափելի։ Բայց դա նշանակություն չունի. նա ուներ հստակ երաժշտական անհատականություն եւ ոճ, որը նման չէր ուրիշներին, եւ դա այն է, ինչը ես ամենաարժեքավորն եմ համարում։
– Ինչպե՞ս կբնութագրեք ժամանակակից կոմպոզիտորական արվեստը կամ՝ տեսնո՞ւմ եք այսօր մի հեղինակի, ում անունը կարելի է դնել դասականների կողքին։
– Ինձ համար մեծանուն կամ մեծ կոմպոզիտորը հոմանիշ է բնօրինակ, ներդաշնակ բառերին, այլ կերպ ասած՝ ստեղծել մի բան, որը գերազանց է հնչում եւ նման չէ մնացածին։ Այդ առումով ցանկացած կոմպոզիտոր այսօր բախվում է երկու հսկայական մատահրավերի։ Առաջինը՝ շատ բան արդեն արվել է ներդաշնակության առումով։ Իսկապես հեշտ չէ ստեղծել մի բան, որը եւ արժեքավոր է, եւ օրիգինալ։ Երկրորդ՝ սեփական ներդաշնակ լեզվի եւ ոճի զարգացումն ու կատարելագործումը շատ դանդաղ ու տքնաջան գործընթաց է, ինչը, գոնե այսօր, լիովին հակադրվում է ժամանակակից կյանքի գերարագ տեմպին։ Եվ մի մոռացեք, որ բացի հսկայական տեխնիկական հմտություններից եւ գիտելիքներից, կոմպոզիցիան պահանջում է որոշակի ստեղծագործական միջավայր կամ մթնոլորտ, որն այլեւս գոյություն չունի այնպես, ինչպես, ասենք՝ Մոցարտի կամ Շոպենի ժամանակներում էր։
– Շնորհակալ ենք՝ մեզ ժամանակ տրամադրելու համար եւ անհամբեր սպասում ենք հանդիպմանը Երեւանում։
Զրույցը՝ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
16.11.2023