Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես էնքան լավ գիտեմ դու ինչով ես զբաղվում, ոնց ես զբաղվում… Բութ չես, պարզապես հրահանգավորումը «Առավոտյան» ձեր մի քիչ ուրիշ ձեւ է». Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին

Նոյեմբեր 16,2023 21:44

Aravot.am-ը այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին փոխանցեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հայտարարությունը, որ եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իրենց ահազանգին չարձագանքի ու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ժամկետը չհայտարարի ավարտված օգոստոսի 11-ին իրենք դիմելու են դատախազությանը:

Ըստ Արծվիկ Մինասյանի, եթե դատախազությունը ճիշտ իրավական գնահատական տա Անդրանիկ Քոչարյանի արարքին, նրան լուրջ պատասխանատվություն է սպասվում. «Առնվազն 10 տարբեր հոդվածներ կարող են այստեղ կիրառվել՝ սկսած իշխանության յուրացումից, ավարտված լիազորությունների չարաշահում»:

Անդրանիկ Քոչարյանը մեզ հետ զրույցում սկսեց բարձր տոնով վիճել, թե՝ «պարզաբանումը տրված է իրեն ուղարկված նամակով, կարաք նամակը կարդաք»: Նրա խոսքով՝ «Արծվիկ Մինասյանը հասկացել է, որ քննիչ հանձնաժողովը պետք է ունենա, եթե 3 անգամ է, 18 ամիս ժամանակ՝ առանց որեւէ բանի, բայց ինքը հաշվի չի առնում, թե առաջին աշխատանքի ավարտումից հետո ե՞րբ դիմեց, լիագումար նիստը ե՞րբ եղավ, ե՞րբ կայացվեց որոշում, որովհետեւ կարող է քննիչ հանձնաժողովը ավարտեր աշխատանքը եւ լիագումար նիստ չլիներ, ԱԺ նախագահը դներ նիստին, ենթադրենք, 15 օր հետո: 15 օր հետո, երբ որոշում կայացվեց, նոր այդ ժամանակ երկրորդ անգամ ավելացավ 6 ամիս:

Արձակուրդը մի անգամ եղել է քառօրյայի ժամանակ եւ հիմա: Էլի այդ անորոշությունը «Կանոնակարգ» օրենքում կա: Եվ հիմա շատ կարեւոր է քննիչ հանձնաժողովի եզրակացությունը որակյալ, այլ ոչ թե այն թվաբանությունը, որի մեջ իրանք խճճվել են»:

Երբ փոխանցեցինք՝ դուք գրության մեջ արձակուրդն եք մեջբերել, դա նույնն է, որ ԱԺ-ի աշխատանքը լինի ոչ թե 5, այլ 5 ու կես տարի՝ հաշվի առնելով արձակուրդները՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Այդքանը բավարար է, ինչ ասեցի, մնացածը Արծվիկ Մինասյանի հետ գնացեք զբաղվեք, թե ոնց եք Սահմանադրական դատարան դիմելու»:

Անդրանիկ Քոչարյանին հիշեցրինք, որ Արծվիկ Մինասյանի հետ, բացի լրագրությունը, ուրիշ որեւէ բանով չենք զբաղվում, նա արձագանքեց. «Ես էնքան լավ գիտեմ դու ինչով ես զբաղվում, ոնց ես զբաղվում, ինչ որակով ես զբաղվում: Իմ հետ ձեր հարաբերությունները շատ բան են…կանոնակարգված են, լրագրողական են, ինչպես Աննա Իսրայելյանի հետ»: Ասացինք՝ մեզ հետ բոլոր պաշտոնյաների հարաբերություններն էլ կանոնակարգված են օրենքով, քանի որ այլ բան քան լրագրող-պաշտոնյա հարաբերությունը, չենք էլ ակնկալել որեւէ պաշտոնատար անձից:

Հետո Անդրանիկ Քոչարյանն անցավ վիրավորանքի, թե՝ «իմ ասածները բավարար են քեզ՝ ճիշտ եզրահանգումներ անելու համար, չնայած քո պարագայում դա մի քիչ բարդ ա, բայց քո գործն ա»: Զարմացանք՝ ինչի այդքան բո՞ւթ ենք, որ սխալ եզրահանգումներ անենք՝ նա արձագանքեց. «Բութ չես, պարզապես հրահանգավորումը «Առավոտյան» ձեր մի քիչ ուրիշ ձեւ է»: Ասացինք՝ հրահանգներ չենք ստանում որեւէ մեկից, ի տարբերություն ոմանց: Քանի որ Անդրանիկ Քոչարյանը հետ եկավ խմբակցության նիստի աշխատասենյակի դռան մոտից ու հարկ համարեց ներկայանալ՝ «Ձեզ հետ խոսում է պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը», մենք էլ ի պատասխան ներկայացանք ինչպես հարկն է: Մանրամասները՝ ձայնագրությունում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930