Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ Նազիկ Ամիրյանն է ղեկավարել ու ուղղություն տվել ԵԿՄ-ին. Նազիկ Ամիրյան

Նոյեմբեր 16,2023 18:25

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Հայաստանի Նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Դատաքննությունը մտել է դատական վիճաբանությունների փուլ: Դատարանն այսօր լսեց Նազիկ Ամիրյանի ճառը:

«Ինձ մեղսագրվում է մի արարք, որը չեմ կատարել: Մասնավորապես, մեղադրանքում ներկայացված ապօրինի զենք-զինամթերքի մասով նշեմ, որ նշված փամփուշտները, զենքերը, որոնք հայտնաբերվել են Էջմիածնում գտնվող տանը, երկար տարիներ գտնվել են այն նույն սենյակում, որտեղից հայտնաբերվել են, երկար տարիներ չեն տեղաշարժվել: Հանրությանը ցնցելու համար նախաքննական մարմինը մի ամբողջ հեքիաթ է կառուցել՝ ձեռք է բերել հրազեն, փամփուշտներ, պահել, իրացրել եւ այլն»,- ասաց Նազիկ Ամիրյանը:

Նրա խոսքով, անօրինական զենքերի ցանկից մի հրազենի վերաբերյալ օրինականությունը հաստատող փաստաթուղթն էլ ներկայացրել են, սակայն այն այդպես էլ դուրս չի եկել անօրինական հրազենների ցանկից: Ինչ վերաբերում է այլ հասցեում հայտնաբերված զենք-զինամթերքին, տիկին Ամիրյանն ասաց, որ այդպես էլ չի հասկացել, թե ինչ կապ ունի դրանց հետ: Նա ասաց, որ իր անունով է գրանցված երկու ակոսափող հրացան, եւ երեք հատ ատրճանակ, որոնք առգրավվել են Էջմիածնում գտնվող տներից մեկում:

Ինչ վերաբերում է իրեն պատկանող ավտոմեքենաներին, նա ասաց, որ իր անունով մեքենաները միշտ սպասարկել են իրեն ու եղել են Էջմիածնի իրենց տանը: Ինքը այլ հասցեում գտնվող մեքենաների հետ կապ չի ունեցել:

Մեղադրանքում նշվում է նաեւ, որ Մանվել Գրիգորյանը, որպես ԵԿՄ նախագահ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր կնոջ՝ նույն կազմակերպության եռասերունդ ուսումնամարզական ճամբարի տնտեսական հարցերով պատասխանատու Նազիկ Ամիրյանի օժանդակությամբ իրականացրել է կազմակերպությանը վստահված ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն: Նազիկ Ամիրյանի խոսքով, վարույթ իրականացնող մարմինը, հիմք է ընդունել Մամիկոն Խուրշուդյանի ցուցմունքը, որը, ըստ նրա, իրականությանը չի համապատասխանում.« Ստացվում է, որ Նազիկ Ամիրյանն է ղեկավարել ու ուղղություն տվել ԵԿՄ-ին, որտեղ 2018 –ին նշանակվել էի ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի շինարարական հարցերով պատասխանատու: Հրամանում ընդգրկված էին նաեւ ԵԿՄ երկու փոխնախագահները, իսկ ինչու նրանք չեն հարցաքննվել, չէ որ նրանք եւս հերթապահություն են կատարել ճամբարում: Ենթադրում եմ, որ նախաքննական մարմնին պետք էր գործը ցույց տալ այնպիսին, ինչպիսին ուղղորդված էր իշխանության կողմից»:

Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինաբար զենք-զինամթերք ձեռքբերելու, փոխադրելու ու իրենց պատկանող տներում պահելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930