Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիլյամ Սարոյանը եւ արվեստը» կոնֆերանսը կբացահայտի երգեր գրող, նկարող եւ այլ շնորհներ ունեցող Սարոյանին

Նոյեմբեր 16,2023 17:15

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը եւ «Վիլյամ Սարոյան» հիմնադրամը կազմակերպել են «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտական կոնֆերանս, որը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը Aravot.am-ի հետ զրույցում որակեց արվեստագիտության եւ սարոյանագիտության մեջ աննախադեպ գիտական միջոցառում:

Տիկին Ասատրյանը նշեց, որ Սան Ֆրանցիսկոյում գործող Վիլյամ «Վիլյամ Սարոյան» հիմնադրամը, որը 1961 թվականին ստեղծել է հենց ինքը՝ Վիլյամ Սարոյանը, ներկայումս գլխավորում է Սքոթ Սեդրակյանը, որը նույնպես միջոցառման մասնակիցների թվում է:

Աննա Ասատրյան

«Երեւի առաջին հայացքից տարակուսանք ու զարմանք կառաջացնի մեր կոնֆերանսի խորագիրը՝ «Վիլյամ Սարոյանը և արվեստը»: Չէ՞ որ Վիլյամ Սարոյանը, ինչպես գիտենք բոլորս՝ ականավոր գրող է: Ու թեեւ ստեղծագործել է անգլերեն ու նկարագրել ամերիկյան կյանքը, սակայն ոգին, որը նրան մղել է ստեղծագործելու՝ եղել է իր հայ ինքնությունը: Հետևաբար՝ «Ի՞նչ կապ ունի Վիլյամ Սարոյանն արվեստի հետ, իսկ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտն էլ՝ Վիլյամ Սարոյանի հետ»,- կհարցնեն շատերը ու ճիշտ կանեն»,-ասաց Աննա Ասատրյանը՝ ընդգծելով, որ այս տեսակետից կոնֆերանսը դառնալու է հայտնությունների հարթակ:

Նրա խոսքով, Վիլյամ Սարոյանը, տաղանդավոր է իր բոլոր դրսևորումներում. նա նկարել է, երգեր հորինել, ունի շատերի համար անհայտ նկարչական եւ երաժշտական ժառանգություն։ Սարոյանի ստեղծագործությունները խթանել են հայ և ոչ միայն հայ արվեստի զարգացումը. «Օրինակ, ասում են՝ Վարդուհի Վարդերեսյանի «Ջոնին» կամ Աճեմյանի «Իմ սիրտը լեռներում է»…Դրանք բեկումնային դեր են կատարել… Ի թիվս այլնի՝ կոնֆերանսի ժամանակ սպասվում են բացահայտումներ Սարոյանի Սարյանական եւ Սիրավյանական կերպարների մասին:

Սարոյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի և սփյուռքի թատրոններում և մեծ դեր կատարել հայ ռեժիսորների եւ դերասանների ստեղծագործական ճակատագրում: Այդ մասին եւս կլինեն զեկուցումներ»:

Տիկին Ասատրյանը հիշեցրեց նաեւ, որ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա գրվել են երաժշտական ստեղծագործություններ՝ երգերից մինչև օպերաներ:

ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենը նշեց, որ Սարոյանի հանճարի շուրջ համախմբվել են սարոյանասերներ եւ սարոյանագետներ՝ աշխարհի 6 երկրներից, ոչ միայն Հայաստանից ( ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտից, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտից և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից), այլեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Նյու Յորքից ու Վաշինգտոնից, Սան Ֆրանցիսկոյից ու Բոստոնից, Նյու Ջերսիից, Ռուսաստանից՝ Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից, Մեծ Բրիտանիայից՝ Լոնդոնից, Իսլանդիայից՝ Ռեյկյավիկից, Սերբիայից՝ Բելգրադից: Կոնֆերանսի ընթացքում նախատեսված է 35 զեկուցում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930