«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ժամկետն ավարտվել է, բայց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ուզում է ձգել, ինչը օրենքի, սահմանադրության խախտում է:
Այսօր լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ քննիչ հանձնաժողովը գործում է, ավելին` հրավերներ է ուղարկել Սամվել Շահրամանյանին եւ Ջալալ Հարությունյանին, որ գան ու հարցերին պատասխանեն՝ մինչեւ դեկտեմբեր. «Այն հարցերը, որոնք պարտադիր պետք իրեն ուղղենք, կարողանան գալ ու պատասխանել: Այսօր առավոտյան խոսել եմ նաեւ Ջալալ Հարությունյանի հետ»:
Արցախի նախագահն ընդունել է Անդրանիկ Քոչարյանի հրավերը. նա կներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով եւ կպատասխանի հանձնաժողովի հարցերին:
Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանի պնդմանը՝ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց. «Սխալ տեղեկատվություն եք տարածում: Երեկ ես, իմ ստորագրությամբ, ինչպես խոստացել էի, ամբողջ փաթեթը ուղարկել եմ պարոն Արծվիկ Մինասյանին»:
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հրավիրած ասուլիսում հնչեցրել էր զորակոչի թվեր, որոնք, ըստ մասնագետների, գաղտնի ռեժիմի տակ են ու հրապարակման ենթակա չեն եղել: Այս առնչությամբ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Եթե ունի պետական գաղտնիքի խնդիր, դա կարող է դառնալ խնդրահարույց: Ես չեմ կարող գնահատել, չգիտեմ: Այդ տեղեկատվությունը, որը հրապարակվել է, փոխանցվել է, ինչքան հասկացա, նախկին նախարար Դավիթ Տոնոյանի օրոք, եթե դա ունի գաղտնիության գրիֆ, բնականաբար, դա կարող է լինել խնդրահարույց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ