Նոյեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը անցկացրել է 2023 թվականին հայրենադարձների համար իրականացված հայոց լեզվի անվճար դասընթացների ամփոփիչ հավաք-հանդիպումը։ Այս տարի կենտրոնի կողմից կազմակերպված հայերեն լեզվի դասընթացներն ընթացել են չորս փուլով՝ ունենալով շուրջ 250 հայրենադարձ 30 երկրից։
Միջոցառմանը ներկա են եղել ինչպես դասընթացներին մասնակից հայրենադարձները, այնպես էլ կենտրոնի գործընկեր կառույցների ներկայացուցիչները։
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանն ու Լեզվի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Գևորգ Հակոբյանը։
Դասընթացների արդյունքներն ամփոփել է կրթական մասի պատասխանատու «Բիգ Մայնդ» կազմակերպության ներկայացուցիչ Հակոբ Մակդիսը։
Դասընթացներին տարվա ընթացքում մասնակցել են տարիքային տարբեր խմբեր։ Այս տարվա հոկտեմբերին Իսրայելից Հայաստան տեղափոխված Արմինե Խանյանի երկու դպրոցահասակ զավակները ևս հաճախել են կենտրոնի հայոց լեզվի անվճար դասընթացներին։
«Մենք շնորհակալ ենք այս հնարավորության համար, քանի որ հայերենի դասընթացներն օգնեցին իմ երախաներին հոգեբանորեն ինտեգրվել հայաստանյան կյանքին և մոռանալ այն բացասական զգացմունքները, որոնք նրանք ապրեցին Իսրայելում ստեղծված վերջին իրադարձությունների ժամանակ։ Որպես հայ ընտանիք՝ մենք տանը խոսել և խոսում ենք հայերեն։ Բայց այստեղ նրանք ավելի խորացված գիտելիքներ են ստանում», – նշել է Արմինե Խանյանը։
Դասընթացների մասնակիցներից Դմիտրի Մյակուշկոն Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել մեկ տարի առաջ և սկսել հաճախել հայերեն լեզվի դասընթացներին։ «Մասնագիտությամբ բժիշկ եմ։ Հիմա աշխատում եմ Երևանում։ Նոր եմ սովորում հայերեն։ Այն ինձ անհրաժեշտ է բուժառուներիս հետ հաղորդակցությունը հեշտացնելու համար։ Կինս ազգությամբ հայ է, երկու զավակ ունենք, նրանք ևս շուտով կսկսեն հայերեն սովորել», – նշել է Դմիտրի Մյակուշկոն։
Կենտրոնի մասնագետները միջոցառման շրջանակում տրամադրել են նաև խորհրդատվություն հայրենադարձության հետ կապված տարաբնույթ հարցերի վերաբերյալ։
Հայրենադարձների համար հայոց լեզվի անվճար դասընթացների մասին տեղեկանալու համար անհրաժեշտ է այցելել հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/pages/137/learn-Armenian:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ