Լրահոս
Օրվա լրահոսը

«Միտում եմ տեսնում՝ քրեական գործերը հարուցվում են հարուցելու համար»․ Անի Գևորգյանը՝ իր ու իր օպերատորի նկատմամբ բռնություն գործադրելու գործի մասին

Նոյեմբեր 16,2023 15:12

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո լրագրող Անի Գեւորգյանի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու գործով առաջին դատական նիստն այսօր հետաձգվեց։ Անի Գևորգյանի ներկայացուցիչ Շուշան Ավետիսյանը տեղեկացրեց․ «Պատասխանող կողմը չէր եկել դատական նիստի։ Դատարանը չուներ ապացույց այն մասին, որ պատասխանող կողմը պատշաճ ծանուցված էր եղել։ Մենք ներկայացրինք առարկություն, որ պատասխանող կողմը կարող էր Դատալեքսով էլ իմանար նիստի օրվա մասին»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2024-ի փետրվարի 7-ին՝ ժամը 12։00-ին։

Շուշան Ավետիսյանն ասաց՝ հայցադիմում են ներկայացրել՝ ընդդեմ Լալա Բեռնեցյանի․ «2023-ի հունիսի 25-ին Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով, որտեղ հրավիրված էին բազմաթիվ լրագրողներ և լրատվամիջոցներ՝ այդ թվում Անի Գևորգյանը։ Նա հնչեցրել էր մի շարք հարցեր, որոնք քննադատական էին, և դուր չէին եկել մի շարք քաղաքացիների, ուստի դրանից հետո սկսվել էին վիրավորանքներ, բռնության կոչեր։ Մենք նույնականացրել էինք Լալա Բեռնեցյանին, որը Lala Edo էջով էր հանդես եկել։ Հայցադիմումով պահանջել էինք, որ հրապարակային ներողություն խնդրի Անի Գևորգյանից և համապատասխանաբար 400 հազար ՀՀ դրամ գումարի պահանջ ենք ներկայացրել»։

Անի Գևորգյանը հայտնեց, որ միայն այս դեպքը չէ, Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո եղել են նաև սպառնալիքներ, որոնց մասով էլ են հաղորդում ներկայացրել։

Անի Գևորգյանի կարծիքով՝ դատական գործերը կարող են ձգձգվել, որովհետև միայն հայցվորից չի կախված, այլ նաև պատասխանող կողմի պատշաճ վարքագծից․ «Դա այս պարագայում բացակայում է։ Նշեմ ավելին, որ տվյալ դեպքում Լալա Բեռնեցյանը տեղյակ է եղել, քանի որ իր ֆեյսբուքյան էջում մեր հայցն իր բոլոր փաստաթղթերով հրապարակել էր։ Նա ոչ միայն չէր զղջացել, այլև շարունակել էր նույն ոգով և ասել, որ եթե փող էր պետք, կարող էի իրենից ուզել, կտար։ Շարունակում է պարբերաբար նաև ինձ հետ կապված հրապարակումներ անել, կիսվել իրենց շրջապատի այլ անձանց հետ, որոնք ասում են, որ ես լրագրող չեմ, ինձ վիրավորելու փորձերն իր կողմից շարունակվում են»։

Անի Գևորգյանը մտահոգություն հայտնեց, որ արդեն տևական ժամանակ է անցել, երբ Տիգրան Ավինյանի քարոզարշավի եզրափակիչ երթի ժամանակ, որը գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը, իր ու իր օպերատորի նկատմամբ ֆիզիկական ուժ էր կիրառվել ուղիղ եթերում՝ բոլորի աչքի առաջ, ու թեև քրեական վարույթ է նախաձեռնված, բայց այդ մարդիկ, որոնց դեմքերը պարզ երևում են, մեկի ձեռքին էլ «ասեք, կանենք» դրոշն էր, չեն հայտնաբերվում․ «Միտում եմ տեսնում՝ քրեական գործերը հարուցվում են հարուցելու համար, քանի որ առկա է մասնագիտական գործունեության խոչընդոտում, ֆիզիկական ուժի կիրառում, բայց դրանցով ոչինչ չի արվում։ Տպավորություն է, որ այդ գործերը հետագայում փորձ են անելու կարճել։ Ինձ տուժող ճանաչել են, իսկ իմ օպերատորին՝ ոչ։ Մենք ունենք իրականություն, որտեղ եթե ընդդիմության երթի ժամանակ որևէ իշխանության աջակցի հարվածում են՝ տվյալ դեպքում Արմեն Մարտիրոսյանի մասին է խոսքը, անմիջապես հայտնաբերում են, երբ այստեղ երկու անձի հարվածելու մասին է, մասնագիտական գործունեության խոչընդոտման մասին, վերջին վիրավորանքները հնչեցնելու մասին, այդ անձինք չեն հայտնաբերվում։ Հարգելի իրավապահներ, դատախազություն, եթե գործ եք հարուցում, բարի պիտի լինեք պատշաճ բոլոր գործողություններն իրականացնել։ Հարցաքննությունն այնպես է ընթանում, որ գուցե մենք ենք մեղավոր, որ մեզ հարվածել են։ Ի սկզբանե ես տեսնում եմ սուբյեկտիվ մոտեցում գործերի նկատմամբ։ Եթե մենք տուրք տանք, կուլ գնանք վիրավորանքներին, ճնշումներին, ապա հաջորդը լինելու ենք ոչ թե ես ու լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը, այլ ուրիշ լրագրողներ։ Դրանից տուժում է նաև հասարակությունը, որովհետև այլընտրանքային տեղեկությունն արդեն կորչելու է դաշտից։ Հաջորդը լինելու են նաև այն լրագրողները, որոնք կհամարձակվեն ցույց տալ երկրի իրադարձությունների հակառակ կողմը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930