Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հուշագրում գումարի վերաբերյալ որեւէ կետ չկա». «Արմադա Կո ՍՊԸ»-ի կոմերցիոն տնօրենը՝ Մատենադարանի հետ համագործակցության մասին

Նոյեմբեր 16,2023 14:45

Մաշտոցյան Մատենադարանի ֆեյսբուքյան էջում գրառում էր տեղադրված, որով «կիսվել էր» նաեւ տնօրեն Արա Խզմալյանը: Ըստ այդ գրառման. «Մատենադարանի բացառիկ ձեռագրական հավաքածուների, մշակութային և հոգևոր արժեքների հանրահռչակման նպատակով Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի եւ «Արմադա Կո ՍՊԸ»-ի տնօրեն Միհրան Փիլոսյանի, կոմերցիոն տնօրեն Նելլի Ավետիսյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր»։ Նաեւ նշված էր, որ հուշագիրը նպաստելու է Մատենադարանի հանրային իրազեկվածության բարձրացմանը՝ մասնավորապես գիտացուցադրական գործունեության տեսանելիությանը մայրաքաղաքի բոլոր հատվածներում, համատեղ նախագծերի և գովազդատեղեկատվական արշավների իրականացման հնարավորությանը։

Aravot.am-ը՝ հաշվի առնելով Մատենադարանի բացառիկությունը, մի քանի հարց էր ուղղել «Արմադա Կո ՍՊԸ»-ի կոմերցիոն տնօրեն Նելլի Ավետիսյանին: Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե նախկինում ինչ ընկերությունների ու հաստատությունների, անձանց հետ են նման նախագծեր իրականացրել, դրանց թվում կա՞ գիտական որեւէ կառույց կամ թանգարան: Հետաքրքրվել էինք, թե ինչ չափի գումար է ենթադրում Մատենադարանի հետ համագործակցությունը: Նաեւ հարցրել էինք՝ արդյոք վստա՞հ են, որ Մատենադարանի բացառիկ արժեքները կարելի է հանրահռչակել իրենց իրականացրած գովազդատեղեկատվական արշավներով ու նման տիպի նախագծերով:

«Ճիշտն ասած, մինչ այժմ գիտական եւ թանգարանային որեւէ հաստատության հետ դեռ չենք համագործակցել, սա առաջին դեպքն է, մանավանդ Մաշտոցյան Մատենադարանը Հայաստանի ամենակարեւոր կառույցն է՝ պատմական, գիտական եւ այլ առումներով: Ինչ վերաբերվում է գումարին, որեւէ գումար այս համագործակցությամբ նախատեսված չէ, դա մեր բարի կամքի արտահայտությունն է: Հուշագրում եւս գումարի վերաբերյալ որեւէ կետ չկա: Հուշագրով կողմերը համաձայնության են եկել համագործակցել միմյանց հետ հետեւյալի շուրջ՝ Մատենադարանի հովանավորների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացում, համատեղ գովազդատեղեկատվական արշավների իրականացում, երբ Մատենադարանում որեւէ միջոցառում կամ ցուցադրություն լինի, դրա մասին հանրությունը իմանա, գնա, տեսնի, ծանոթանա»,-ասաց Նելլի Ավետիսյանը:

Նա հավելեց, որ գաղտնի ոչինչ չկա, Մատենադարանից բացի, եթե որեւէ միջոցառում Հայաստանում պիտի կայանա, իրենց դիմելու դեպքում՝ իրազեկում են. «Դա համարվում է սոցիալական գովազդ: Մենք մեծ հաճույքով այդ հոլովակները տեղադրում ենք մեր էկրանների վրա, որպեսզի մարդիկ իմանան: Հաճախ լավ ցուցահանդեսներ ու այլ միջոցառումներ են լինում, որոնց մասին շատերը տեղյակ չեն լինում, քանի որ ոչ բոլորն են ֆեյսբուք մտնում ու այնտեղից տեղեկանում:

Մեր մոնիտորները գտնվում են քաղաքի բանուկ մասերում, խաչմերուկներին: Ու այն տեղեկատվությունը, որը հաղորդվելու է մեր գովազդային կրիչների միջոցով, Գովազդի մասին օրենքի համաձայն՝ նախ ներկայացվում է Երեւանի քաղաքապետարանի գովազդի վարչություն, որի հաստատումից հետո ենք տեղադրում: Նաեւ ուզում եմ կրկին տեղեկացնել, որ բացարձակ ոչ մի ֆինանսական շահ չկա: Ինչպե՞ս կարող է Մատենադարանի համար լինել վճարովի ծառայություն: Բացի Մատենադարանը, բոլոր սոցիալական գովազդները Հայաստանի Հանրապետությունում հաղորդվում են անվճար»:

Նելլի Ավետիսյանը այլ օրինակներ էլ բերեց, հիշեցրեց, որ, օրինակ, իրենց մոնիտորների վրա տեղադրում են Մայր Աթոռի շնորհավորանքը՝ Ամանորի եւ Սուրբ ծնունդի առիթով, կամ կամ եթե որեւէ թանգարան ցանկանում է, որ ցուցահանդեսի կամ իրադարձության մասին տեղեկացնի, տեղադրում են առանց ֆինանսական շահ հետապնդելու:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Մատենադարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930