Ամանորյա տոնավաճառի կազմակերպման համար այս տարի «Սինեմարտ» ընկերության հետ պայմանագիր չի կնքվելու։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը (լուսանկարում)։
Հիշեցնենք, որ «Սինեմարտ» ընկերությանհետ Երեւանի քաղաքապետարանը մեկ անձից գնումով 2023-ի ամանորյա լուսավորության համար պայմանագիր էր կնքել, ընկերությունն աշխատանքներն իրականացնելու համար Հանրապետության հրապարակի շենքերի վրա անցքեր էր բացել, ինչը հարուցել էր մասնագիտական համայնքի դժգոհությունը։
Սուրեն Գրիգորյանն այսօր անդրադառնալով մեկ անձից գնումներին՝ ասաց, որ ՀՀ օրենսդրությամբ թույլատրվում է մշակութային միջոցառումների եւ հրատապ դեպքերի համար մեկ անձից գնում կատարել։
«Մեկ անձից գնումը գնման ձեւերից մեկն է։ Դա չի բացառում պայմանագրի անորակ կամ որակյալ մատուցումը»,-ասաց Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Փոխքաղաքապետը հիշեցրեց նախորդ տարիներին գլխավոր տոնածառի գնումը․ «Մենք ունեցել ենք 2019-2020 կամ 2021-2022 –ի Ամանորը, երբ գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքների համար շահել էր մի կազմակերպություն եւ տեղադրման աշխատանքներից հետո մյուս տարի այդ 80 միլիոնանոց տոնածառն այն վիճակում էր, որ մեծ կասկածի տակ էր՝ կարո՞ղ էր տեղադրվել, թե՞ ոչ, որովհետեւ նախորդ կապալառուն անբարեխիղճ էր կատարել աշխատանքը, շատ դետալներ վնասվել էին։ Մենք որոշակի գումար ենք ստիպված եղել ծախսել։ Այդ կապալառուն մրցույթով էր ընտրվել։ Այսինքն, պետք է հասկանալ, թե ինչ որակի աշխատանք է կատարվում։ Անցած տարվա այն կազմակերպությունը, վստահ եմ այս տարի էլ կազմակերպելու է։ Բովանդակային ոչ մի խնդիր չեմ լսել, ոչ ոք չի ասել, որ գեղեցիկ չէր, որակով չէր, լույսերն անընդհատ անջատվում էին։ Անցքերը խոստացել էր փակել, փակեց։ Մեկ անձից գնումով էր ու որակով էր կատարել»։
Գրիգորյանն ասաց՝ եթե անցած տարի Հանրապետության հրապարակի լուսավորության համար շատ սարքավորումներ ուղղակի ամրացվում էին հենց պատերին՝ անցքեր բացելով, որոնք հետո փակվել են, այս տարի անցքերը բացվելու են, որպեսզի այդ պատերի վրա հավաքվեն մետաղական կոնստրուկցիաներ, որոնց վրա մնացած սարքավորումները ամրացվեն։
Փոխքաղաքապետի վստահեցմամբ՝ճարտարապետական գիտամեթոդական խորհրդին տեղեկացրել են, որ նշված մեթոդով են այս տարի իրականացնելու աշխատանքները, արդյոք կա ՞ մասնագիտական այլ առաջարկ՝ ավելի քիչ միջամտությամբ, ոչ մի առաջարկ չի եղել․ «Շենքերին վնաս չի հասցվում, միջամտություն է կատարվում, որի հետեւանքները վերացվում են։ Այս տարի անհամեմատ ավելի քիչ միջամտություն է լինելու»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ