Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամեն ինչ արել են, որ ոստիկանները աղջկան չտան իր ընտանիքի անդամների ձեռքն ու ճանապարհեն. իրավապաշտպանը՝ տնից փախած 21-ամյա աղջկա մասին

Նոյեմբեր 16,2023 13:45

Ընտանեկան բռնության պատճառով Ինգուշեթիայից՝ հարազատներից փախած և Հայաստանում ապաստան գտած Ֆաթիմա Զուրաբովան ապահով ապաստարանում է, նաեւ հայ իրավապաշտպանների աջակցության ներքո:

Ռուս գործընկերների ահազանգին արագ արձագանքած ու Հայաստանում 21-ամյա աղջկա անվտանգության ապահովման գործընթացում ներգրավված «Pink Armenia» հ/կ իրավապաշտպաններից Մամիկոն Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դասական գենդերային բռնության դեպք է. «Սեռական այլ կողմնորոշումներ ընդհանրապես չունի: Հալածվում է որպես կին, դա է հիմքը ու ինքը գենդերային բռնության զոհ է, ընտանիքում բռնությունների է ենթարկվել որպես կին»:

Տեղեկությունների առնչությամբ, թե աղջկա մայրն էլ է ոստիկանություն եկել ու սպառնացել աղջկան, Մամիկոն Հովսեփյանը շարունակեց. «Սովորաբար հայրիշխանական համակարգը ոնց է աշխատում, կանայք ինչ-որ պահի դառնում են այդ համակարգի մասը ու բռնության այդ ցիկլը շարունակվում է: Եթե խորանանք, երեւի մայրն էլ է ժամանակին շատ բռնությունների միջով անցել: Տեղեկություններ չունեմ աղջկա՝ սեռական բռնությունների ենթարկվելու մասին, գիտեմ՝ միայն ֆիզիկական բռնության է ընտանիքում ենթարկվել»:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանությունում աղջկա արձանագրած դժգոհություններին, մասնավորապես, որ նա պնդել է, թե հայ ոստիկաններն իրեն լուրջ չեն վերաբերել, կատակներ են արել, Մամիկոն Հովսեփյանն ասաց. «Ոստիկաններն աղջկան բերել են իր ընտանիքի անդամների հետ նույն սենյակում պահել, ընտանիքի անդամները ոստիկանների աչքի առաջ սպառնացել են այդ աղջկան, ոստիկանները ոչինչ չեն արել: Ակնհայտ է, որ ոստիկանների գործողությունները համաչափ չեն եղել: Մենք օգնել ենք, ամեն ինչ արել, որ ոստիկանները աղջկան չտան իր ընտանիքի անդամների ձեռքն ու ճանապարհեն: Ինչքանով որ հնարավոր է, ապահով տեղ ենք նրա համար ապահովել, բայց այս ոստիկանական համակարգում, ինձ թվում է՝ ապահովագրելը բարդ է»:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայից» էլ Aravot.am-ին հայտնեցին, որ չունեն հստակ տեղեկություններ ու փաստեր, որ աղջկա մայրն էլ եկել է ՀՀ ու ոստիկանությունում սպառնալիքներ հնչեցրել կամ, որ նա էլ է բռնարար: Աղջկա անհետացումից հետո, ընտանիքի անդամները նրան սկսել են փնտրել, դիմել են իրավապահներին ու հայտարարվել է հետախուզում:

«Բռնության ենթարկված ցանկացած կին, որը մեր ապաստարանում է լինում, նման շատ դեպքեր ենք ունեցել, որ հայտարարել են հետախուզում, մենք ոստիկանությունում տեղեկություն ենք տալիս, որ այդ մարդը ողջ է: Սա նորմալ իրավական գործընթաց է, որն այս պահին տեղի է ունեցել, որեւէ արտասովոր բան չենք տեսնում, որ ընտանիքի անդամներն իրենց կորած երեխային գտնելու համար հետախուզում են, իսկ թե մայրն ինչքանով է սպառնացել, ինչքանով է բռնարար, ես չեմ կարող մեղադրել, որովհետեւ այս պահին որեւէ փաստ չունենք: Մենք շուտով հայտարարություն ենք տարածելու, որի մեջ հստակ ամեն ինչ ներառված է, ամեն ինչ պարզ կդառնա»,- կոալիցիայից ասաց Հասմիկ Խաչատրյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930