Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունում Սոնա Հարությունյանը երկրորդ մեդալն է նվաճել Հայաստանի համար: 63,5 կգ քաշային կարգային Սոնան քառորդ եզրափակչում ավելի քան վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ներկայացուցիչ Վալերիա Ստրիժակի նկատմամբ, անցավ կիսաեզրափակիչ եւ իր ու Հայաստանի համար ապահովեց առնվազն երկրորդ բրոնզե մեդալը:
Կիսաեզրափակիչ փուլում Սոնայի մրցակիցը մալթացի Գեյլ Դյակոնոն է, իսկ Էլիդա Քոչարյանը 60 կգ քաշում եզրափակիչ մտնելու համար մենամարտելու է իռլանդուհի Ջոզեֆին Բետիստի հետ:
Այսօր պայքարի մեջ մտնելու են տղաները՝ 51 կգ՝ Ռոբերտ Գարբոյանը, 57 կգ՝ Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ՝ Էրիկ Իսրայելյանը, 63,5 կգ՝ Արթուր Շախպազյանը, 67 կգ՝ Արարատ Հարությունյանը, 86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ՝ Հենրիկ Ճղրիկյանը եւ +92 կգ՝ Հովհաննես Փափազյանը: Քառորդ եզրափակիչ փուլում հաջողության հասնողները եւս իրենց համար կապահովեն նվազագույնը բրոնզե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ