Լրահոս
Օրվա լրահոսը

«Առնվազն 1996 թվականից Ղարաբաղի հարց այլեւս գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց»․ Փաշինյան

Նոյեմբեր 16,2023 12:17

ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընդդիմության՝ Արցախի վերաբերյալ ելույթներին։

«Մեր մի շարք ընդդիմադիր գործընկերների ելույթներում կարմիր թելով էր անցնում հետեւյալ միտքը՝ լավ, ո՞ւմ են պետք այս ցուցանիշները, թվերը, եթե կորցրել ենք Ղարաբաղը։ Ավելի լա՞վը չէին այն ժամանակները, երբ թվերն այսքան չէին, բայց ունեինք Ղարաբաղը, իսկ հիմա այս իշխանությունների պատճառով այլեւս չունենք»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ հայտարարությունները լավ առիթ են՝ Երրորդ Հանրապետության պատմությանը կրկին անդրադառնալու, այդ պատմությունը վերագնահատելու համար։ «Իսկ այդ պատմության ազնիվ վերագնահատումը մեզ պիտի ասի հետեւյալը՝ այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլեւս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո։ Եվ նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի կոնսենսուս մինուս մեկին (ընդ որում, մինուս մեկը Հայաստանն էր) միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում եւ ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է ու անպայման լինելու է, եւ մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մեկ նպատակ ունեին միայն՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա։ Եվ նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել՝ Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար, թույլ չտալ որեւէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչեւ նրա լուծման պահին հնարավոր չլինի նաեւ լուծել ՀՀ հարցն այնպես, որ դե ֆակտո կամ դե յուրե Հայաստանի Հանրապետությունը դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն։ Առնվազն 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլեւս գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել ՀՀ հարց։ Եվ 1998, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի, 2020 թվականի, 2023 թվականի իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում։

Իսկ չէինք կարո՞ղ արդոք ավելի վաղ հասկանալ այս ամենը՝ առանց այս աղետների, ողբերգությունների միջով անցնելու։ Միայն մի պարագայում կարող էինք՝ մտածողության փոփոխության։ Իսկ դա ոչ թե դժվար, այլ անհնար էր, որովհետեւ դեռեւս կոմունիստական ժամանակներում ձեւավորված հայրենասիրական ծայրագավառային մոդելը մեզ թույլ չպիտի տար դա անել»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ հենց հիմա Հայաստանում դա է տեղի ունենում՝ մտածողության փոփոխություն․ հայրենասիրության ծայրագավառային կամ սովետական մոդելին փոխարինելու է գալիս հայրենասիրության պետական մոդելը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930