«Հանրապետության հրապարակում ամանորյա զարդարումը մի փոքր այլ եղանակով է լինելու, տեղադրվելու են մետաղական կոնստրուկցիաներ՝ կարկասներ, որոնց վրա ամրացվելու են սարքավորումները, հրապարակի շենքերի վրա էլի անցքեր լինելու են, բայց ավելի քիչ, հիմնականում այն անցքերն են օգտագործվելու, որոնք անցած տարի բացվել են, հետո լցվել»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ տոնական միջոցառումների ավարտից հետո հրապարակի շենքերի վրա բացված անցքերը կրկին փակվելու են։
Թե ինչու անցած տարի էլ նույն մեթոդով Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումը չիրականացվեց, փոխքաղաքապետն ասաց՝ անցած տարի ժամանակը քիչ էր․ «Եվրատեսիլի բացման արարողությունն էր։ Այդ աշխատանքները ենթադրում են շենքի գեոդեզիա, նախագծում, կոնստրուկցիաների պատրաստում։ Ժամանակի առումով սահմանափակված էինք»։
Փոխքաղաքապետն ասաց, որ այս տարի դեռեւս մեկ պայմանագիր է կնքվել մեկ կազմակերպության հետ՝ ամանորյա լուսավորության աշխատանքները կազմակերպելու համար։ Նրա խոսքով՝ օգտագործվելու է նախորդ տարի ձեռք բերված գույքը, իհարկե իրականացվելու են նաեւ լվացման եւ վերանորոգման աշխատանքներ․ «Անցած տարի ձեռք բերված գույքը, լուսավորության սարքավորումները արդարացված են, դրանք բազմակի օգտագործման են»։
Գրիգորյանը չասաց, թե որքան գումար է հատկացվելու մայրաքաղաքի լուսավորության եւ տոնակատարության համար․ «Մի տարի էդպես ճոխ Նոր տարի անելով մենք իմիջ չենք ձեռքբերում։ Բացառված չէ, որ լրացուցիչ բյուջե տրամադրվի ավելի լավ մակարդակով իրականացվի ասենք ոչ թե լուսավորությունը, այլ ամանորյա տոնավաճառը։ Գումարի չափ չեմ կարող ասել, մյուս աշխատանքների մասով՝ տոնավաճառի, այս պահին գնահատման աշխատանքներ են կատարվում, թե ինչ ծավալի անել։ Չի կարող լինել պայմանագիր, որի մասին հանրությունը չիմանա»։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ ամանորյա զարդարումները լինելու են նույն տարածքներում, որտեղ որ անցած տարի էր, բացառությամբ մեկի․ «Անցած տարի մարզահամերգային համալիրի աստիճանավանդակի զարդարում ենք ունեցել։ Շատ քաղաքացիներ չտեսան այն այնպես, ինչպես հրապարակում, Մաշտոցի պողոտայում։ Ինձ համար անձնապես ցավոտ էր, ինձ համար սիրելի լոկացիան համալիրն էր։ Անցած տարի պատճառ կար, քանի որ Եվրատեսիլն էր։ Այդ նույն սարքավորումներով այլ լոկացիա ենք զարդարելու, օրինակ՝ նոր որակի ամանորյա տոնավաճառը։ Ամեն տարի պետք է լոկացիաներն ընդլայնենք»։
Փոխքաղաքապետի խոսքով՝ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերն ու ամանորյա լուսավորությունն ավելի ուշ են վառվելու, քանի որ անցած տարի Եվրատեսիլի միջոցառումների եւ ժամանած հյուրերի համար լույսերն ավելի շուտ էին վառել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ