«2024 թվականի բյուջեով 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը։ Բայց սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ խաղաղության»,- ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես վստահ եմ՝ մեր բոլոր հարեւան երկրները համոզված են, որ մենք որեւէ մեկի վրա հարձակվելու որեւէ մտադրություն չունենք։ Եվ այդ առումով Զինված ուժերի բարեփոխումների եւ ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստություններն անկեղծ չեմ համարում երկու պատճառով։ Նախ, յուրաքանչյուր ինքնիշխան պետության ոչ միայն իրավունքը, այլեւ պարտականությունն է բարեփոխել, ամրացնել բանակը, ինչը մենք անում ենք։ Երկրորդ, վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավելի են եղել եւ շարունակում են այդպիսին մնալ»,- ասաց Փաշինյանը։
Նշենք, որ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանության ոլորտի հատկացնել 555 մլրդ դրամ։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ