Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական նպատակահարմարության որեւէ հաշվարկ չկա «խաղաղության խաչմերուկի» հետեւում, դա թշնամու կողմից պարտադրված ծրագիր է»․ Արթուր Խաչատրյան

Նոյեմբեր 16,2023 11:23

«Երեկ, երբ խոսք գնաց այսպես կոչված «խաղաղության խաչմերուկի» մասին, հավանաբար նկատեցիք, որ տնտեսական նպատակահարմարության մասին հարցը մնաց անպատասխան, որովհետեւ տնտեսական նպատակահարմարության որեւէ հաշվարկ չկա այդ ծրագրի հետեւում։ Դա թշնամու կողմից պարտադրված ծրագիրը որպես սեփական նախաձեռնություն ներկայացնելու նուրբ արվեստի դրսեւորումն է։ Եթե կա տնտեսական նպատակահարմարություն, ներկայացնեիք, բյուջեի քննարկումը դրա լավագույն տեղն ու ժամն է»,- ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյան

Անդրադառնալով ռազմական բյուջեի աճին՝ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Երբ հանձնաժողովներում քննարկվում էր այդ հարցը, ես փորձում էի պարզել՝ լավ, թվային արտահայտությունից բացի, այսպես կոչված բնեղեն արտահայտությամբ ի՞նչ էական տարբերություն կա։ Ինչքա՞ն ավելի փամփուշտ է գնվել կամ հասկանանք՝ այդ գումարը, որը ծախսվել է այսօր, եւ գումարը, որը ծախսվել էր 5 տարի առաջ, որակական առումով պաշտպանունակության վրա ի՞նչ ազդեցություն է ունենում։ Բյուջեն ներկայացնում էր ֆինանսների փոխնախարարը, հենց զենքի մասին հարց էինք տալիս, ասում էր՝ ես զինվորական չեմ, ԳՇ-ից մարդ չկա»։

Արթուր Խաչատրյանը հավելեց, որ «Հայաստան» խմբակցության տեսակետը հետեւյալն է՝ առաջարկվող բյուջեն ՀՀ առջեւ ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր ու միջոցներ չի նախատեսում։ Առաջին հերթին դա վերաբերում է անվտանգային մարտահրավերներին։ «Արցախի Հանրապետության բռնակցման, Արցախի բնակչության էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 250 քկմ բռնազավթման պայմաններում պաշտպանության բյուջեի ընդամենը 7 տոկոսանոց աճը բավարար չէ՝ նամանավանդ հաշվի առնելով թշնամու շարունակական զինումը, զորավարժությունների անցկացումը եւ ագրեսիվ հռետորաբանությունը»,- ասաց նա։

Պատգամավորն ասաց, որ 2024 թվականին 18 տոկոսով ավելացվում է ՆԳՆ բյուջեն։ «Փաստորեն, ՀՀ կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանը եւ նրա հովանավոր Թուրքիան, այլ ՀՀ քաղաքացիները»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով կառավարության տնտեսական բարեփոխման ծրագրին՝ Արթուր Խաչատրյանն ասաց, որ այս բյուջեն որեւէ էական կառուցվածքային բարեփոխում չի առաջարկում։ Ըստ պատգամավորի՝ կառավարության անդամների հայտարարությունները մանիպուլյատիվ են։ «Առաջին երեք եռամսյակի ընթացքում ՀՀ-ից -26000 արտահոսք է եղել։ Դա նշանակում է, որ մեր քաղաքացիները կամ չեն հավատում տնտեսական հրաշքին, կամ չեն հավատում, որ մենք թեւակոխել ենք խաղաղության դարաշրջան։ Այլապես ինչո՞ւ պիտի մարդիկ իրենց տներից գնային»,- ասաց նա։

Արթուր Խաչատրյանը հավելեց, որ 2024 թվականին կառավարությունը նախատեսում է կառավարության պարտքը հասցնել շուրջ 12 մլրդ դոլարի։ «Երբեք այսպիսի պարտքերի մեջ մենք թաղված չենք եղել։ Եթե այդ պարտքը բիզնեսի զարգացման պարտք լիներ, կոնկրետ թիրախային ենթակառուցվածքային ծրագրերի զարգացման պարտք լիներ, կասեի՝ նորմալ է։ Ամբողջ  աշխարհում պարտքը տնտեսական աճի մղիչ ուժն է։ Բայց մեզ մոտ վերցվում են բյուջետային աջակցության վարկեր։ Պարզ՝ փող չկա, որպեսզի առաջին անհրաժեշտության ծախսերը կատարենք»,- ընդգծեց նա։

Արթուր Խաչատրյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930