«Այս մոլորակի վրա դեռեւս միայն մեր ընդդիմությունն է քննադատում «խաղաղության խաչմերուկը»։ Ես կոչ եմ անում, որ նրանք լծվեն Հայաստանի Հանրապետության շուրջ եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեր օրակարգի իրականացմանը»,- ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Հարց հնչեց դահլիճում, թե որքանո՞վ է 2024 թվականի պետական բյուջեն արտահայտում խաղաղության նախագծի իրականացումը։ Ես էլ ունեի այդ հարցը, բայց հիմա վստահորեն կարող եմ հայտնել, որ առաջիկա տարվա բյուջեն խաղաղության օրակարգն սպասարկող բյուջե է, որովհետեւ ենթակառուցվածքների զարգացումը, տնտեսական առաջընթացը, կրթական եւ քաղաքակրթական ծրագրերը ՀՀ-ն միջազգային հանրության ընկալելի եւ առաջադեմ անդամ դարձնելու մասին են, որը հնարավորություն կտա ՀՀ-ին դառնալ մի պետություն, որը կարող է առաջարկել աշխարհին եւ ոչ միայն լսել առաջարկներ։ Հետեւաբար, ես կուզեմ նաեւ այս բյուջեն անվանել խաղաղության բյուջե»,- ասաց նա։
ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանն էլ ասաց․ «Երբ լսում ես մեր ընդդիմադիր գործընկերների ելույթները, վախ է առաջանում նույնիսկ շենքից դուրս գալ։ Տպավորություն է, որ մենք ապրում ենք ոչ թե զարգացող Հայաստանում, այլ, օրինակ, Գազայի հատվածում։ Տպավորություն է, որ մեր բյուջեն ոչ թե աննախադեպ աճ է գրանցել՝ դառնալով 7,5 մլրդ, այլ նվազել դարձել է 2, 3 կամ 4 մլրդ, ինչպես եղել է երկար տարիներ։ Հարգելի գործընկերներ, վստահեցնում եմ, որ դրսում այլ իրողություն է, այլ Հայաստան է, որտեղ կա տնտեսական աճ, որտեղ բարձրանում են աշխատավարձերն ու թոշակները, որտեղ ամեն անկյունում տեղի են ունենում շինարարական աշխատանքներ։ Հայաստան, որի Պաշտպանության նախարարության բյուջեն աննախադեպ ավելացել է։ Իմ մոտ ձեր տված հարցի հակառակ հարցն է առաջանում՝ եթե ամեն ինչ այդքան վատ է, ինչո՞ւ է այսքան լավ։ Իհարկե, դա չի նշանակում, որ չկան խնդիրներ, որոնցից ամենակարեւորն անվտանգային խնդիրներն են։ Եվ դա ամենաշատը մենք ենք բարձրաձայնում, բայց կա նաեւ առաջընթաց»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ