«Մայր Հայաստան» խմբակցության հանդիպումը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ չկայացավ
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները երեւանցիների հետ անմիջական կապն ապահովելու եւ նրանց խնդիրներին անձամբ ծանոթանալու նպատակով հանդիպումներ են կազմակերպում մայրաքաղաքի վարչական շրջաններում:
Խմբակցության անդամները Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ նախապես համաձայնեցված ժամին թաղապետարանի շենքում էին: Արդեն մեկուկես ժամ անցել էր, սակայն համայնքի ոչ մի բնակիչ չէր եկել հանդիպման: Պարզվեց, որ օրվա հարցում է սխալմունք եղել եւ թաղապետարանի մուտքի վրա իրազեկման հայտարարությունում հանդիպման օր նշված էր նոյեմբերի 14-ը:
Ստեղծված իրավիճակում որոշվեց բնակչության հետ հանդիպումը իրականացնել շրջայցի ձեւաչափով, մանավանդ, որ ինչպես «Մայր Հայաստան» ֆրակցիայի ղեկավար Մանուկ Սուքիասյանը Aravot.am-ին ասաց, նախօրեին էլ Նուբարաշենում բնակչության հետ շփումները կայացել են ինչպես շենքային պայմաններում, այնպես էլ շրջայցերի միջոցով:
Կարդացեք նաև
Շրջայցերի ավելի արդյունավետ լինելու մասին խոսեց նաեւ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը: «Մենք, անկեղծ ասած, ձեզ երեկ էինք սպասում, չնայած, չէի ասի, թե բնակիչներ եկել էին: Մեր մոտ էլ ընդունելությունների եկողների քանակը նվազել է: Եթե ցանկանում եք, որ մարդիկ խոսեն, թերեւս, ավելի արդյունավետ է դրսում՝ բակերում, մարդաշատ վայրերում նրանց հետ հանդիպելը: Մեկը որ խոսեց, ասես, կայծը տալիս է ու մյուսներն էլ են սկսում արտահայտվել: Դա մեզ էլ օգտակար կլինի, որպեսզի մենք էլ ավելի լավ իմանանք եղած խնդիրները, որովհետեւ եթե բնակիչը ասում է, ուրեմն դա կա»,-ասաց համայնքի ղեկավարը:
Կարճատեւ քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում, թաղապետարանում, այնուամենայնիվ, կկազմակերպվի հանդիպում:
Թաղապետարանից դուրս գալուց հետո` «Մայր Հայաստան» խմբակցությանը մոտեցան Գարեգին Նժդեհի 24 հասցեի երկու բնակիչներ եւ ուղեկցեցին նշված հասցե, որտեղ արդեն մեկ շաբաթ կոյուղու դիտահորից կեղտաջուր էր արտահոսում: Ավագանու անդամները անմիջապես զանգահարեցին թաղապետարան, որտեղից խոստացան անմիջապես զբաղվել խնդրով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ