Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, տարածաշրջանի այդ հատվածի վերաբերյալ մենք խոսում ենք երթուղիների մասին»․ Մարիա Զախարովա

Նոյեմբեր 16,2023 09:55

168.am. «ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, տարածաշրջանի այդ հատվածի վերաբերյալ մենք խոսում ենք երթուղիների մասին, որոնք անցնում են Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի Սյունիքի մարզի միջոցով»,- այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով այս հարցով Ռուսաստանի ճնշումների մասին խոսակցություններին։ Նա նշեց, որ նույնիսկ չի պատկերացնում, թե ինչ են հասկանում, երբ խոսում են ճնշման մասին, թե ով է ում նկատմամբ ճնշում բանեցնում, բարդ է հասկանալ, գուցե կան փաստեր, թող ներկայացնեն։

«Մենք հանդես ենք գալիս ոչ թե մեկ երթուղու ձևավորման օգտին, այլ տնտեսական ու տրանսպորտային բոլոր կոմունիկացիաների բացման օգտին Հարավային Կովկասում և հանդես ենք գալիս, որ դա տեղի ունենա թափանցիկ ու փոխշահավետ պայմաններով։ Սրանք բառեր չեն, սա աշխատանք է և հենց նմանատիպ աշխատանք են իրականացնում փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը։ Ինչ է՝ այդ մասին Երևանում չգիտե՞ն։ Շատ լավ գիտեն»,-ասաց Զախարովան, հավելելով, որ այդ աշխատանքի ընթացքում կայուն փոխըմբռնում է ձեռքբերվել, որ երկրները ունենալու են ինքնիշխանություն այն երթուղիների նկատմամբ, որոնք իրենց տարածքով են անցնում։

Նա ընդգծեց, որ երբևէ խոսք չի գնացել արտատարածքային միջանցքների ձևավորման մասին, ինչը ևս լավ հայտնի է հայկական կողմին։

Նա նշեց, որ այս տարիների ընթացքում կողմերը մի քանի անգամ մոտեցել են փոխշահավետ որոշումների փաթեթի ընդունմանը, որը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին հնարավորություն կտար օգտվել միմյանց ճանապարհային ենթակառուցվածքներից, որով հսկայական առաջընթաց կարվեր հայ-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր բարելավման և ամբողջ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ «Բայց այս հնարավորությունը բազմիցս բաց է թողնվել։Եվ հերթական անգամ այս տարի, երբ մայիսի 25-ին Մոսկվայի եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով առաջնորդները հանձնարարեցին եռակողմ աշխատանքային խմբին ավարտել աշխատանքը ապաշրջափակման հետ կապված տեխնիկական հարցերի համաձայնեցման ուղղությամբ,մեկ շաբաթ անց՝ հունիսի 2-ին, եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստում զգալի առաջընթաց էր արձանագրվել բանակցություններում։ Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում էր ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման վերաբերյալ։ Բայց դարձյալ ինչ-որ բան խանգարեց Հայաստանի ղեկավարությանը թղթի վրա վերջնական տեսքի բերել պայմանավորվածությունները, և մենք լավ գիտենք, թե ինչը խանգարեց՝ Հայաստանի ներկայիս ղեկավարության արևմտյան «բարեկամների» «բարի», այս դեպքում այս բառը պետք է չակերտների մեջ առնել, խորհուրդները»,- ընդգծեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովայի խոսքով, այդ «ընկերները» «փոխարենը նպաստեն եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը և, համապատասխանաբար, Բաքվի և Երևանի հաշտեցմանը, տորպեդահարում են դրական ամեն բան, որոնց հնարավոր է եղել հասնել, տորպեդահարում են Ռուսաստանի ջանքերը, փորձում են պարտադրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման իրենց բաղադրատոմսերը և նորմալացման փոխարեն կեղծ նորմալացում առաջարկում»։

«Հենց դա տեսանք հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրամիության հովանու ներքո կայացած հանդիպմանը, որտեղ, ի դեպ, տարածաշրջանային հարցերի վերաբերյալ հայտարարությունն ընդունվեց Ադրբեջանի բացակայությամբ։ Արդյունքում Հայաստանը, գործելով ԱՄՆ-ի և Եվրամիության հուշումներով, եռակողմ համաձայնագրերի շրջանակներից դուրս, մեր կարծիքով, հայտնվում է տարածաշրջանային հաղորդակցությունների հետագա կոնֆիգուրացիայից կտրվելու վտանգի առաջ։ Ուղղակի, ապացույցներ բերեմ։ Շատ տեղերում են ԱՄՆ-ն և Եվրամիությունը, և՛ որպես միավորում, և՛ առանձին-առանձին հանդես եկել որպես երաշխավոր։

Քիչ տեղերում է հաջողվել լավ ու դրական բան անել։ Ամենից հաճախ նրանք շատ բան են խոստանում, քիչ անում և իրավիճակը օգտագործում են բացառապես իրենց նպատակների համար։ Նրանց օրակարգում ռուսատյացությունն է,հակառուսական քայլերն են։Ինձ թվում է, նրանց ճանապարհային քարտեզն է, մոլագար կիրքը։ Նրանք բացարձակապես անտարբեր են նույն տարածաշրջանի երկրների ապագայի նկատմամբ, նրանց բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչպես այդ երկրներն ու ժողովուրդները դուրս կգան այս իրավիճակից, ինչ վնասներ կկրեն։ Նրանց հետաքրքրում է մեկ մոլագար նպատակ՝ ինչպես կռվեցնել բոլորին, ինչպես իրադարձությունների թնջուկի մեջ գցել այս քարը, որը բոլորին կկռվեցնի, ինչպես կռվախնձոր նվիրել, որ բոլորը վիճեն, և այլն, և այլն։ Հսկայական թվով օրինակներ կան»,- ասաց Մարիա Զախարովան։

«Հայաստանի հետ մենք ինտենսիվ շփումներ ունենք մեր փոխադարձ պարտավորությունների, պայմանավորվածությունների, երկկողմ հարաբերությունների համաձայն»,-ասաց Մարիա Զախարովան, պատասխանելով հարցին, թե արդյոք կա նոր քաղաքական երկխոսություն ՀՀ իշխանությունների հետ։ Նա նշեց, որ կա, ըստ երկկողմ փաստաթղթերի։

«Սակայն, իհարկե, մենք չենք կարող չարձանագրել Հայաստանի տարածքում առանձին քաղաքական գործիչների երբեմն ագրեսիվ հռետորաբանությունը, որն ընդհանրապես դուրս է ադեկվատության շրջանակից՝ հասցեագրված ոչ միայն Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչներին, այլև լրագրողներին, փորձագետներին և, ընդհանրապես, մեր երկրին։ Մենք չենք կարող չարձագանքել սրան, և, իհարկե, կան նաև կոնկրետ գործողություններ ու քայլեր, որոնք անում է պաշտոնական Երևանը, որոնք նույնպես չեն համապատասխանում այն ամենին, ինչի շուրջ պայմանավորվել ենք, այն ամենին, ինչի տակ ստորագրել ենք, այն ամենին, ինչից ելնում ենք։ Անկասկած, մենք սրան նույնպես կարձագանքենք»,-հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930