Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվ վոկալ տեխնիկան, եւ ձայնի մասին հասարակության ընկալումը փոխվում է մոտավորապես 20-30 տարին մեկ»

Նոյեմբեր 16,2023 12:30

Կամ «կրթական չափորոշիչ արտահայտությունը կիրառելի չէ ստեղծագործ մարդկանց համար»

Հարցազրույց Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի գեղարվեստական ղեկավար Դմիտրի Վդովինի հետ

– Պարոն Վդովին, միանգամից ձեզ փոխանցենք հանդիսատեսի հիացմունքը օրերս մեր օպերային թատրոնում կայացած երկու թատրոնների Երիտասարդական օպերային ծրագրի երգիչների համատեղ համերգից՝ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ եւ մաեստրոներ Վերեշչակինի ու Արզումանյանի ղեկավարությամբ։ Ընթերցողին էլ հիշեցնենք, որ ձեր այցը Երեւան արդյունք է ընթացիկ տարվա գարնանը Ռուսաստանի արվեստի ու մշակույթի գործիչների Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության։ Ընդ որում, պատվիրակության կազմում էր նաեւ «Բոլշոյ» թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը։ Մեր թատրոնի ձեր գործընկերը՝ Երիտասարդական օպերային ծրագրի գեղարվեստական ղեկավար Լեւոն Ջավադյանն էլ տեղեկացրեց, որ 2024թ. հունիսի 2-ին նշանակված է հայ երգիչների ելույթը Մոսկվայում։

– Ես էլ շտապեմ տեղեկացնել, որ ըստ միջազգային վարկանիշի՝ Մոսկվայի եւ Երեւանի օպերային թատրոնների Երիտասարդական օպերային ծրագրերը լավագույնն են։ Նման գնահատականի արժանանում են հաշվի առնելով ծրագրի շահառուների ձեռքբերումները, մասնակցությունը հեղինակավոր մրցույթներին ու փառատոներին, տարբեր թատրոններում նրանց ելույթները, բեմելները եւ այլն։ Ասեմ նաեւ, որ հիացած եմ օպերային հայ երգիչներով, աստղերով, իսկ դուք ունեք աստղեր եւ, անշուշտ, երիտասարդ ձայներով։

Դմիտրի Վդովինը եւ Լեւոն Ջավադյանը՝ համերգին մասնակից
երգիչների հետ։

– Ձեր գրեթե յուրաքանչյուր հարցազրույց շոշափում է վոկալ կրթության թեման։ Միտված ենք մտածել, որ այդ խնդիրը ի հայտ եկավ Խորհրդային Միության փլուզումից հետ։

– Իրավացի եք։ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ սահմանները բացվեցին, մենք շատ նոր բաներ տեսանք ու լսեցինք։ Օպերային թատրոնների եւ ֆիլհարմոնիաների կյանքը կտրուկ փոխվել է, երգիչներին բոլորովին այլ պահանջներ ներկայացվեցին՝ թե մասնագետների եւ թե հանրության կողմից։  Բնականաբար, կրթական համակարգը պետք է արձանագրեր դրանք։ Ի դեպ, սա շատ ընդարձակ թեմա է…

– Գուցե հարցը հետեւյալ կերպ ձեւակերպենք. ի՞նչ գլոբալ փոփոխություններ տեղի ունեցան օպերային ոլորտում վերջին 20-30 տարիների ընթացքում։

– Օպերային առաջնորդության վեկտորը թեքվել է դեպի ռեժիսորը։ Ոչ վաղ անցյալում՝ 20-րդ դարի երկրորդ կեսին, դիրիժորներն իրենց կամքն էին թելադրում օպերային թատրոնին։ Օրինակ՝ Հերբերտ ֆոն Կարայանը, լինելով Զալցբուրգի  փառատոնի գաղափարախոս եւ երաժշտական ղեկավար, երբեմն ինքն էր որոշում բեմական հարցերը։ Իմ երկրում, ասեմ այսպես՝ դիրիժորական թատրոնը, բաղկացած էր մի քանի դարաշրջաններից, որտեղ նաեւ հայազգի մեծանուն երաժիշտ Ալեքսանդր Մելիք-Փաշաեւն է, նրանից առաջ՝ Արի Պագովսկի, Սամուիլ Սամոսուդ, Նիկոլայ Գոլովանով, հետո՝ Կոնստանտին Սիմոնով, Եվգենի Սվետլանով, Գենադի Ռոժդեստվենսկի, Եվգենի Կոլոբով, Յուրի Տեմիրկանով. այսպիսի հսկաներ։ Այսօր մենք հասել ենք նրան, որ նոր բեմադրությունների համար քաստինգն իրականացվում է ռեժիսորների կողմից։

– Ուրեմն այս առումով մեր բախտը բերել է՝ թատրոնի տնօրենը դիրիժոր է։

– Գուցե դուք կեսկատակ-կեսլուրջ եք ասում, բայց դա իսկապես այդպես է։ Կարեն Դուրգարյանը ոչ միայն մաեստրո է, այլեւ ցանկալի հյուր հեղինակավոր թատրոններում։


– Հաճախ լսելով մեր հանդիսատեսի դիտարկումները, կարծիքները, եզրակացության ենք հանգել, որ նրանք չլինելով մասնագետ, համեմատություններ անցկացնելով խորհրդային ու այսօրվա երգիչների միջեւ, քանիցս նշել են, թե մեր օրերում օպերային երգեցողությունն էլ է փոխվել։– Կայացած համերգին ես դա նկատեցի հանդիսատեսի վերաբերմունքից՝  ծափերից, երկարատեւ ծափողջույններից, բռավոներից, որոնք տեղին էին արտահայտվում։ Հայ հանդիսատեսն իսկապես պատրաստված է, ավելին՝ պրոֆեսիոնալ։

Այո, եւ վոկալ տեխնիկան, եւ ձայնի մասին հասարակության ընկալումը փոխվում է մոտավորապես 20-30 տարին մեկ։ Փաստեմ հետեւյալը. խորհրդային տարիներին հաղթեց ռուս-վերիստական ոճի գեղագիտությունը։ Այլ ձայներ պահանջվեցին, երբ սկսվեց ռեպերտուարային հեղափոխությունը։ Այդ ժամանակ սկսեցին կատարել մոռացված ռոմանտիկ բելկանտոն եւ բարոկկոն։ Հայտնի օպերային թատրոններ սկսեցին հաճախ անդրադառնալ Մոցարտի գործերին, կոմպոզիտորի ոչ այնքան հայտնի օպերաները մեկը մյուսի հետեւից ներառվեցին աշխարհի թատրոնների ռեպերտուարներում։ Պետք է նշել, որ գործընթացի վրա ազդել է նաեւ փառատոնային շարժման ընդլայնումը, հետեւաբար նոր ձայների, արվեստագետների անհրաժեշտություն առաջացավ, որոնք ամեն առումով ավելի ճկուն էին։ Երբ մենք խոսում ենք ռոմանտիկ բելկանտոյի եւ բարոկկո երաժշտության մասին, երգիչները երբեմն պետք է կատարեն կոմպոզիտորի, այո, ճիշտ լսեցիք՝ կոմպոզիտորի, գործառույթներ։ Նրանք պետք է հասկանան նաեւ, թե ինչ դեկորացիաներ կարելի է օգտագործել, ինչն է խելամիտ կամ անընդունելի եւ այլն։

– Այսինքն՝ մերօրյա երգիչները պետք է դուրս գան նեղ վոկալի շրջանակից։

– Իհարկե։ Հաճախ երգիչները պարզապես չեն հասկանում, թե ինչ են երգում, հատկապես երբ խոսքը վերաբերում է օտարալեզու գրականությանը։ Տարօրինակ է, բայց փաստ, որ արվեստագետներն այսօր բավական ժամանակ չունեն տեքստը թարգմանելու, այն յուրացնելու, խորանալու սյուժեի եւ պատմամշակութային համատեքստի մեջ։ Օպերային երգչի մասնագիտությանը պետք է վերաբերվել որպես ինտելեկտուալ  մասնագիտություն։

– Կրթություն, կրթություն եւ կրթություն…

– Երգչի հետ դասատուի աշխատելու գործընթացում չպետք է լինի ֆորմալ կարգապահություն, առավելագույն ճկունություն է պետք։ Կրթական համակարգում այսօր շատ հնչող «կրթական չափորոշիչ» արտահայտությունը կիրառելի չէ ստեղծագործ մարդկանց համար։

– Նոր պահանջներին երկիրը պետք է նոր հնարավորություններ ստեղծի, տրամադրի… Այսօր ձեր երկրի համար դժվար ժամանակներ են…

– Ես հուսով եմ, որ այս դժվար ժամանակները ոչ միայն կզրկեն մեզ մի բանից, ավելի ճիշտ՝ այն բանից, որին մենք սովոր ենք, այլեւ հասարակության մեջ կարթնացնեն նոր մոտիվացիա, հնարավորություն կտան նորացման։

Զրույցը՝

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
15.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930