Լրահոս
Օրվա լրահոսը

Նախազգուշացում Ալիեւին` ԵՄ-ից

Նոյեմբեր 16,2023 12:00

Հստակ աջակցություն Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում ծանր հետեւանքներ կունենա

Նոյեմբերի 13-ին ԵՄ արտգործնախարարների խորհուրդը Բրյուսելում, Եվրամիության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի գլխավորությամբ, քննարկեց Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ վերջին զարգացումները։

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը հայտնել էր, որ խորհուրդը Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ քննարկումն անց է կացնում այս տարվա սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի ռազմական գործողությունների եւ դրան հաջորդած ավելի քան 100 հազար ԼՂ-ի հայերի տեղահանման եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարունակվող ջանքերի ֆոնին: Ադրբեջանի, որպես ռազմական գործողությունների պատասխանատուի փաստը, ԵՄ-ն, ինչպես նկատում ենք, հարկ էր համարել արձանագրել անգամ քննարկման ծանուցման տեքստում:

Կայքը նաեւ հիշեցրել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Գրանադայում հոկտեմբերի 5-ին հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նույն օրը, հիշեցնենք, որ հանձնաժողովը հայտարարեց Հայաստանին աջակցելու միջոցառումների, այդ թվում՝ 10,45 միլիոն եվրո մարդասիրական փաթեթ եւ 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն տրամադրելու մասին։ Հոկտեմբերի 31-ին հանձնաժողովը հայտարարեց հավելյալ 1,7 միլիոն եվրո տրամադրելու մասին՝ Հայաստանին մարդասիրական օգնությունը հասցնելով ավելի քան 12 միլիոն եվրոյի: «Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը շարունակում է սերտ շփումը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հասնելու կայուն եւ տեւական խաղաղության», – նշվում էր հայտարարության մեջ։

«Արմենպրեսի» Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը քննարկմանը հաջորդած մամուլի ասուլիսում արձանագրել է, որ ԵՄ-ն իր անխտիր աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին եւ սատարում երկրի անվտանգությանը։ Բորելը նշել է, որ հաշվի առնելով երկրում բարեփոխումների շարունակականությունը, ԵՄ-ն որոշել է ուժեղացնել իր առաքելությունը Հայաստանում եւ ավելի շատ պարեկություն անցկացնել սահմանի զգայուն հատվածներում։

«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ներքին, թե արտաքին։ Իսկ Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ դա ծանր հետեւանքներ կունենա մեր հարաբերությունների որակի համար։ Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ Եվրոպական խորհրդի նախագահի կատարած աշխատանքի ներքո, քանի որ մեզ դա պետք է։ Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, եւ մենք պարտավորվում ենք շարունակել մեր միջնորդական դերը», շեշտեց Բորելը։

Քննարկմանը նախորդած ճեպազրույցում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ընդգծել էր, որ Արտգործնախարարների խորհուրդն «այսօր հստակորեն հաստատի իր աջակցությունը Հայաստանին, Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»: Այդ համատեքստում Կոլոննան կարեւորել էր Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ուժեղացումը «մանդատով եւ միջոցներով», ինչպես նաեւ Հայաստանին աջակցությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: «Կարծում եմ՝ կարեւոր է, որ այս ուղերձը մեր խորհուրդն այսօր ընդունի հստակորեն եւ վճռականորեն, ժամանակն է դա անել՝ մենք այդ մասին խոսում ենք արդեն մի քանի շաբաթ», – ընդգծել էր Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը նկատել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ավելի քան երեսուն տարի տեւած հակամարտությունը կենտրոնական խնդիր է նաեւ Եվրոպայի համար. «Հատկապես ամենադժվար աշխարհաքաղաքական ժամանակաշրջանում բոլորն ունեն նույն շահագրգռվածությունը՝ ապահովելու, որ տարածաշրջանում բոլորի համար լինի խաղաղություն եւ անվտանգություն»: Բերբոքը համոզված է, որ ավելի քան արժե ուժեղացնել համատեղ ջանքերը՝ աջակցելու խաղաղ գործընթացին։ Գերմանիայի արտգործնախարարը կարեւորել էր եվրոպական ներկայությունը տարածաշրջանում եւ ընդգծել, որ եթե ԵՄ-ն այնտեղ չլինի, այդ բացը շատ արագ կլրացվի այլ դերակատարներով։ «Եվրոպական հարթակն այն հարթակն է, որը պաշտպանում է իրական անվտանգությունը, իրական վստահությունը եւ տարածաշրջանում իրական խաղաղությունը», – «Արմենպրեսի» փոխանցմամբ, նշել էր Աննալենա Բերբոքը։

Լատվիայի արտգործնախարար Կրիշյանիս Կարիշը եւս իր խոսքում ընդգծել էր, որ Եվրոպան պետք է իր ներդրումն ունենա, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը վերջապես գան խաղաղ լուծման: «Ես հավատում եմ, որ դա հնարավոր է: Հատկապես եթե դրա հետեւում Եվրոպական Միություն կշիռն է», – ասել էր Կարիշը։ Իսկ Իսպանիայի արտգործնախարար Ալբարես Բուենոը հակիրճ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին, նշելով, որ Եվրոպան պետք է ջանք չխնայի իրավիճակը կայունացնելու համար Հարավային Կովկասում խաղաղություն երաշխավորելու, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված լուրջ իրավիճակից հետո Հայաստանին աջակցություն եւ կայունություն առաջարկելու համար։

Հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության ընդլայնմանը

Եվրամիության արտգործնախարարները հավանություն տվեցին Հայաստանում տեղակայված դիտորդական առաքելությունն ընդարձակելու, Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ քննարկումներն ակտիվացնելու առաջարկին: Նոյեմբերի 13-ին Բրյուսելում հայտարարեց ԵՄ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը։ Որոշումն ընդունվել է Արտաքին քաղաքական խորհրդի նիստում, որի օրակարգում էր նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը: «Խորհուրդը քննարկեց՝ ինչպես աջակցել Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին, Հայաստանի դիմադրողականությանը, անվտանգությանն ու բարեփոխումների շարունակմանը։ Մենք որոշել ենք ընդլայնել մեր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ավելի շատ պարեկներ, ավելի շատ պարեկություն՝ սահմանի խնդրահարույց հատվածներում։ Կքննարկենք նաեւ Եվրոպական Խաղաղության մեխանիզմի միջոցով Հայաստանին օգնելու հնարավորությունը եւ վիզայի ազատականացման հնարավորությունները»,- հանդիպումից հետո հայտարարեց Ջոզեպ Բորելը։

Եվրոպական Խաղաղության մեխանիզմը գործիք է, որով Բրյուսելը միջոցներ է տրամադրում Միության անդամ չհանդիսացող երկրների պաշտպանունակությունը բարձրացնելու, հակամարտությունները կանխելու, խաղաղությունն ամրապնդելու համար։ Այս մեխանիզմի միջոցով նախկինում ԵՄ-ից օգնություն են ստացել եւ ստանում են Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան։

Առաջիկայում արտգործնախարարների այս որոշումները պետք է դրվեն Եվրամիության կառավարության՝ Եվրահանձնաժողովի սեղանին, որն էլ պետք է առաջարկներ ներկայացնի դրանք իրագործելու վերաբերյալ։ Ակնկալվում է, որ հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ որքանով եւ ինչպես կարող է ընդարձակվել Հայաստանում տեղակայված դիտորդական առաքելությունը, եւ կամ ինչ օգնություն կարող է Երեւանը Բրյուսելից ակնկալել։ Եվրահանձնաժողովի որոշումներն իրենց հերթին պետք է վավերացվեն ԵՄ անդամ երկրների կողմից։

Դեռեւս նոյեմբերի սկզբին պաշտոնական Երեւանը հայտնեց, որ արձանագրվել է առաջընթաց Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում: Ազգային ժողովում, 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ շուտով պետք է ստորագրվի պայմանագիր՝ Եվրամիության դիտորդների իմունիտետի եւ արտոնությունների վերաբերյալ. «ԵՄ դիտորդական առաքելության ուժեղացումը եւ ընդլայնումը Երեւանի օրակարգում է»։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Հոկտեմբերին արդեն հայտնի էր Բրյուսելի մտադրությունը, որ` Եվրամիությունը ծրագրում է ընդարձակել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում։

Վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը «տեղից շարժվել է»

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտնեց, թե տարբերակներ են քննարկվում Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման համար։

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանը ողջունում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ «Վիզաների ազատականացման հարցը Հայաստանի եւ ԵՄ-ի օրակարգի ամենաբարդ խնդիրներից մեկն է։ Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը վերաբերում էր Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսելուն։ Գործընթացն այսպիսով տեղից շարժվել է։ Կարեւոր է, որ չի եղել որեւէ երկիր, որն առարկել է, որովհետեւ այդ կոնսենսուսն ապահովելը բարդ է։ Սա շատ դրական զարգացում է։ Կշարունակենք ակտիվ աշխատել Եվրամիության եւ անդամ երկրների հետ, որպեսզի այս գործընթացը հնարավորինս արագացնենք», – նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 15.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930