Լրահոս
Օրվա լրահոսը

Բուզանդի փողոցից օտարված բնակարանների դիմաց պետությունից փոխհատուցում չեն ստացել

Նոյեմբեր 16,2023 13:00

Սահմանադրական դատարանի նոր` ՍԴՈ-1699 որոշմամբ՝ դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է օրենքով սահմանված կարգով վերանայման:

Բազմիցս հետաձգված գործով, ըստ Սահմանադրական դատարան դիմողների պնդման՝ իրավական բացի պատճառով դատարանները չեն կարողացել ապահովել իրենց սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված հայցապահանջի բովանդակային՝ ըստ էության քննությունը: Դիմողները գտնում էին, որ հայցային վաղեմության ինստիտուտի նպատակն իրավական պետությունում իրավական որոշակիությունը, կանխատեսելիությունը եւ անվտանգությունն է, իսկ տեւական եւ շարունակական խախտման դեպքում իրավական որոշակիության մասին խոսք լինել չէր կարող, քանի որ տվյալ դեպքում առաջնահերթությունն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքն է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեփականության օտարման գործերով միանշանակ ճանաչել է Եվրոպական կոնվենցիայի խախտմումները, նաեւ մեր քաղաքացիների գործերով՝ «Պողոսյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի», «Երանոսյանն ընդդեմ Հայաստանի», «Եդիգարյանն ընդդեմ Հայաստանի», «Վահանյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի», «Գրիգորյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերով:

Նոյեմբերի 7-ին դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ռուբեն Գրիգորյանի եւ Գոհար Գալստյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Նոյեմբերի 10-ին ՍԴ-ն իր կայքում տեղեկացրեց, որ այս գործով եղել է դատավորի Հատուկ կարծիք: Սակայն երբ այն կհրապարակվի՝ պարզ չէ: Ներկայացնենք այս գործը:

Դիմող Գոհար Գալստյանը 1964 թվականից, իսկ դիմող Ռուբեն Գրիգորյանը 1986 թվականից հաշվառվել եւ բնակվել են Երեւանի Փավստոս Բուզանդի 11 եւ 12 հասցեում գտնվող բնակարաններում։ 1998 թվականի փետրվարի 25-ին Կառավարությունն ընդունել է թիվ 114 որոշումը, որով դիմողները կարող էին գրանցել Բուզանդի նշյալ հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը: Դիմող Գոհար Գալստյանը, այդ որոշման համաձայն, 1998 թվականի մայիսի 25-ին դիմել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով, սակայն պատասխան չի ստացել:

Կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն որոշմամբ դիմողների բնակարանը հայտնվել է հասարակության եւ պետության կարիքների համար իրացման գոտում, որի ուժով դրա նկատմամբ դիմողների սեփականության իրավունքի գրանցումը սահմանափակվել է: Կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի թիվ 1748-Ն որոշմանը (3-րդ կետ) համապատասխան՝ դիմողների բնակարանի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը ենթակա չի եղել օրինականացման:

Դիմող Ռուբեն Գրիգորյանը 2004 թվականի հոկտեմբերի 29-ին դիմել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ բնակարանն օրինականացնելու նույնատիպ խնդրանքով, սակայն 2004 թվականի նոյեմբերի 1-ին ստացել է մերժում այն պատճառաբանությամբ, որ ինքնակամ կառույցը գտնվում է պետության կարիքների համար վերցվող իրացման գոտում:

Դիմող Ռ.Գրիգորյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ պետական մարմնի անգործությունը, գործողությունն օրենքին հակասող եւ անվավեր ակտ ճանաչելու, բնակարանի նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, եւ դատարանի 2005 թվականի մարտի 16-ի որոշմամբ դիմողի պահանջը մերժվել է այն պատճառաբանությամբ, թե Կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն որոշմամբ նրանց բնակարանը ներառվել է հասարակության եւ պետության կարիքների համար գույքի իրացման գոտում: Դիմողները 2005 թվականի հունիսի 15-ին արագացված կարգի կիրառմամբ վտարվել են նշված հասցեում գտնվող իրենց բնակարանից այն պատճառաբանությամբ, որ Կառավարության թիվ 950 որոշմամբ սահմանվել է Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույք գնելու, վերցնելու, գնային ձեւավորման իրացման կարգ, իսկ Կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ին թիվ 1151-Ն որոշմամբ հաստատվել է Երեւանի քաղաքային համայնքի վարչական սահմանում պետության կարիքների համար անշարժ գույքի (հողամասեր, շենքեր եւ շինություններ) օտարման գոտի, որում ներառված է նաեւ Երեւանի Փավստոս Բուզանդի 11, 12 հասցեում գտնվող գույքը:

Դիմողներն օտարված բնակարանի դիմաց պետությունից փոխհատուցում չեն ստացել այն պատճառաբանությամբ, որ բնակարանն օրինականացված չէ, եւ չունեին դրա նկատմամբ սեփականության իրավունք: 2006 թվականի ապրիլի 18-ին Սահմանադրական դատարանի ՍԴՈ-630 որոշմամբ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր են ճանաչվել դիմողների բնակարանի օտարման հիմքում ընկած օտարման իրավահարաբերությունների պահին գործող Քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածը, Հողային օրենսգրքի 104-րդ, 106-րդ, 108-րդ հոդվածները եւ Կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն որոշումը։ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին դիմողները հայցադիմում են ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության՝ պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց նախնական եւ համարժեք փոխհատուցում տրամադրելու պահանջի մասին:

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34667/02/19), բավարարելով Կառավարության ներկայացուցչի կողմից ներկայացված՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը, 2022 թվականի մարտի 3-ին կայացրել է վճիռ, որով դիմողների հայցը մերժվել է՝ Քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա՝ հայցային վաղեմությունը լրացած լինելու հիմքով: Դիմողները 2022 թվականի հուլիսի 11-ին ներկայացրել են վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ մերժվել է նույն պատճառաբանությամբ, իսկ դիմողների՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունել մերժել է 2023 թվականի մարտի 22-ի որոշմամբ:

Ըստ դիմողների՝ իրենց համար բացասական իրավական հետեւանքներ է առաջացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից իրենց նկատմամբ կիրառված եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 3-ի վճռի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման մեջ անմիջականորեն վկայակոչված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը:

Վիճարկվող հոդվածը սահմանում է. «Հայցային վաղեմությունը չի տարածվում`1) անձնական ոչ գույքային իրավունքների եւ այլ ոչ նյութական բարիքների պաշտպանությանն ուղղված պահանջների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 2) ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների կողմից բանկին ներկայացվող պահանջների վրա. 3) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների վրա: Սակայն նման վնասի հատուցման իրավունքի ծագման պահից երեք տարի անցնելուց հետո ներկայացված պահանջներն անցյալ ժամանակի համար բավարարվում են ոչ ավելի, քան հայցի ներկայացմանը նախորդած երեք տարիների համար. 4) սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզեւ այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277). 5) սեփականատիրոջ` պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտը, որով խախտվել են սեփականատիրոջ գույքի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքները, անվավեր ճանաչելու մասին պահանջների վրա. 6) օրենքով սահմանված այլ պահանջների վրա»:

Նշեմ, որ ընդունումից ի վեր Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը փոփոխությունների չի ենթարկվել:

Դիմողների պնդմամբ՝ իրենց կողմից ներկայացված հայցադիմումի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի կիրառումը հանգեցրել է իրենց հայցապահանջի ըստ էության՝ բովանդակային քննության մերժման՝ դատարանի մատչելիության իրավունքի խախտման:

Սահմանադրական դատարանի դիրքորոշումը

Սահմանադրական դատարանն արձանագրեց, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության եւ պետության կարիքների համար) սեփականության օտարման սահմանադրական ինստիտուտին առնչվող իր նախկին երկու որոշումներում (ՍԴՈ-92 եւ ՍԴՈ-630) հետեւողականորեն անդրադարձել է սեփականության օտարման դիմաց սահմանադրական «նախնական եւ համարժեք փոխհատուցման» սահմանադրական երաշխիքի անխախտելիության եւ անձեռնմխելիության որակներին:

«Չնայած Սահմանադրական դատարանի ՍԴՈ-92 եւ հետագայում՝ ՍԴՈ-630 որոշումներով հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերություններում «նախնական եւ համարժեք փոխհատուցման» երաշխիքի սահմանադրական ամրագրման եւ դրա ուժով հանրային իշխանության միջամտություններից պաշտպանված լինելու հանգամանքի մասին հիշեցումներին եւ վերահաստատմանը՝ իրավակիրառ պրակտիկան, ինչպես սույն գործով դիմողների ներկայացրած եւ Սահմանադրական դատարանի կողմից պահանջված նրանց քաղաքացիական գործից է բխում՝ 25 տարի անփոփոխ շարունակվել է այն ուղղությամբ, որ Քաղաքացիական օրենսգրքով օրենսդրի սահմանած իրավունքի պաշտպանության սահմանափակումները կիրառվում են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դեպքում «նախնական եւ համարժեք փոխհատուցման» պահանջների նկատմամբ», փաստվել էր որոշման մեջ:

ՍԴ-ն սահմանադրական այս վեճի շրջանակը սահմանափակեց՝ դրանում ներառելով միայն օտարված սեփականության դիմաց փոխհատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության սահմանադրականության ստուգման շրջանակը, որոնք կարգավորվել են վերոնշյալ առաջին ժամանակահատվածում գործող իրավակարգավորումներով, ինչը ժամանակագրորեն ներառում էր 1999 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2006 թվականի հոկտեմբերի 1-ը։

Դատարանն արձանագրեց, որ սեփականության հիմնական իրավունքը, թեպետ որոշ բովանդակային փոփոխություններով, սակայն որպես հիմնական իրավունքի իրավական ամրագրում 1995 թվականից մինչ այժմ կայուն հետեւողականությամբ տեղ է գտել Սահմանադրության մեջ եւ դրանում կատարված բոլոր փոփոխություններում։

Ըստ իրավական գնահատականների՝ սեփականության իրավունքը բացարձակ չէ եւ ենթակա է սահմանադրաչափ սահմանափակումների: Դատարանը դրանց մեջ նշել էր՝ «սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների կամ ազատությունների պաշտպանության նպատակով» սահմանափակումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930