Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվեց

Նոյեմբեր 15,2023 22:30

Անազատության մեջ գտնվող գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական կողմը այսօր առաջին ատյանի դատարանում գեներալ-մայորի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 7-ից բանավոր ընթացակարգով Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը ՝դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ , որոշեց Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ վարույթը կասեցնել: Նախագահող դատավորը վարույթի ընթացքում սահմանադրականության խնդիր էր տեսել և դիմել Սահմանադրական դատարան, որը, սակայն վարույթ չընդունեց Վերաքննիչ դատարանի որոշումը:

Նախագահող դատավոր Մարաբյանը որոշման մեջ գրել էր, որ առերեւույթ մեղադրանքը չի պարունակում փողերի լվացման հատկանիշներ: Վերաքննիչ դատարանը գտել էր, որ այլ հանցագործության հատկանիշներ հնարավոր է պարունակում է, բայց ոչ փողերի լվացման հատկանիշներ:

«Ու քանի որ այդ հարցի քննարկումը հիմնականում առաջին ատյանի դատարանին է վերապահված, թե ինչ հանցագործության հատկանիշներ կան, դրա համար մենք բերեցինք առաջին ատյանի դատարան, դրա հիման վրա, դատարանին ներկայացրինք խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդություն:

Հիմնավորմամբ՝ քանի որ 190 հոդվածով դատարանը հիմնավոր կասկածը չի տեսել, դուք էլ ինչ հոդված ուզում եք տակը դրեք, այդ պարագայում էլ վաղեմության ժամկետներն անցած կլինեն, քանի որ այլ առանձնապես հանցանք չի կարող տեղավորվել այստեղ, բայց դատարանը անհասկանալի կերպով մերժեց: Ինչ-որ մեկնաբանություն տվեց, որից մեզ համար պարզ էր, որ չի ընկալել Վերաքննիչ դատարանի որոշումը: Հիմա գրավոր կստանանք դատարանի որոշումը ու կպատրաստենք վերաքննիչ բողոք»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպանական թիմից փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930