«Մենք Հարավային Կովկասում գործ ունենք խորհրդային և ավելի շատ ռուսական ներգրավվածության ժառանգության հետ և այժմ դրա հետևանքների հետ ենք առնչվում»,-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի՝ «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումների ժամանակ հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ-Բրայենը։
Նա նաև տեղեկացրեց՝ ԱՄՆ-ն՝ պետքարտուղարի հանձնարարությամբ, համապարփակ և թափանցիկ զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ։
Ջեյմս Օ-Բրայենը նշեց՝ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք ունենան ամբողջական հասանելիություն Լեռնային Ղարաբաղի տարածք, իրենց ունեցվածքի պաշտպանություն և ստանան համարժեք տեղեկատվություն, որպեսզի կարողանան իրենց ապագայի հետ կապված ընտրություն կատարել՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղ վերադարձի հետ կապված։
Ջեյմս Օ-Բրայենը տեղեկացրեց՝ իրենց գործունեության մյուս ուղղությունը Հայաստանին աջակցությունն է․ «Ես շատ տպավորված եմ ՀՀ կառավարության պատրաստակամությամբ դեպի բարեփոխումները և դեպի դիվերսիֆիկացվող հարաբերությունների կառուցումը տնտեսական, քաղաքական, էներգետիկ և անվտանգության ոլորտում՝ հատկապես անդրատլանտյան համայնքում։ Ուստի մենք պետք է օգնենք ՀՀ ժողովրդին հաղթահարել այս դժվարին իրավիճակները, որ այն խիզախ որոշումը, որ նրանք կայացրել են, օգնի նրանց հասնել բարեկեցության և անվտանգության ապահովման։ Մենք սերտորեն աշխատում ենք ԵՄ-ի հետ ներկայացնելու Հայաստանին աջակցության առաջարկություն հաջորդ ամսվա ընթացքում, և ՀՀ վարչապետի հետ վերջին հանդիպման ընթացքում սա մեր քննարկման հիմնական թեման էր»։
Կարդացեք նաև
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ասաց, որ առաջ են մղում խաղաղության համաձայնագրի գործընթացները․ «Հանդիպել եմ ԵՄ միջնորդներին այս շաբաթ, խոսել եմ այս առավոտ, շատ կարևոր է հասնել դրական պատասխանի»։
Ջեյմս Օ-Բրայենն ասաց, որ սեպտեմբերի 19-ից հետո մի շարք բարձրաստիճան այցեր դեպի Բաքու չեղարկվել են և կարևորեց նաև թուրք գործընկերների ներգրավմամբ քննարկումների վերսկսումը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ