Այսօր լրագրողները աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին հարցրեցին՝ մամուլը գրում է, որ Փաշինյանը ձեզ պաշտոնից հեռացնելու հարցն է քննարկում, քանի որ լավ չեք կատարում ձեր պարտականությունները, պարզապես տեւական ժամանակ հարմար կադր չի գտնում, որ ազատի, դուք տեղյա՞կ եք այդ մասին: Նախարարը պատասխանեց. «Ինձ հե՞տ պետք է քննարկեն ինձ հեռացնելու հարցը: Ես տեղյակ չեմ»:
Հարցին՝ դուք արդյունավետ համարո՞ւմ եք ձեր աշխատանքը՝ հատկապես արցախցիների տեղահանումից հետո՝ նախարարը պատասխանեց. «Ճիշտ չի լինի, որ սեփական աշխատանքի վերաբերյալ կարծիք հայտնեմ: Առհասարակ նախարարների, հանրային պաշտոնյաների արդյունավետության կամ ոչ արդյունավետության գնահատականը պետք է տան հասարակության տարբեր շերտեր՝ գնահատելով ծառայությունները:
Տեղահանման առաջին օրից սկսած՝ մենք կտրված չենք եղել իրականությունից: Գրասենյակներում նստած չենք եղել, մինչեւ ուշ գիշեր իրենց հետ միասին, ամենատարբեր խնդիրները լսելով՝ փորձել ենք ծրագրեր ներկայացնել: Հիմա էլ շարունակվում են մեր հանդիպումները՝ ամենատարբեր ֆորմատներով՝ ե՛ւ նախարարությունում ընդունելություններով, ե՛ւ ոչ ֆորմալ, ե՛ւ ընկերական հարաբերություններով, որովհետեւ շատերի հետ արդեն կան անձնական ջերմ հարաբերություններ»:
Հարցին՝ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպե՞լ եք՝ Նարեկ Մկրտչյանը պատասխանեց. «Ոչ: Ես իր հետ չեմ հանդիպել, նախկինում էլ շփում չեմ ունեցել»: Նա ասաց, որ Արցախի սոցապնախարարի, Արտակ Բեգլարյանի, Արցախի ԱԺ-ի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպել է ու նաեւ իրենց կարծիքն է հաշվի առնում՝ տարբեր ծրագրեր մշակելիս:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ