Լրահոս
Օրվա լրահոսը

«Համազեկուցողները քննարկել են նաև ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման և քաղաքական հակառակորդների դեմ ուղղված անօրինական վարույթների մասին պնդումները» ԵԽԽՎ

Նոյեմբեր 15,2023 19:44

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) ԵԽ անդամ երկրներին կոչ են արել աջակցել ՀՀ-ին լուծելու այն «հսկայական մարտահրավերները», որոնց առնչվում երկիրը՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների խնդիրները լուծելուն զուգահեռ առաջ մղելով  ժողովրդավարական բարեփոխումները:

Համազեկուցողները նոյեմբերի 6-8-ը փաստահավաք այց էին կատարել Հայաստան։ ԵԽԽՎ մամուլի հաղորդագրության համաձայն՝ ամփոփելով իրենց առաքելությունը՝ համազեկուցողները նշել են, որ 106000 հայեր Լեռնային Ղարաբաղից, որոնք բռնի կերպով լքել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ռազմական հարձակման պատճառով, որը հաջորդել էր 9-ամյա շրջափակմանը, ինչի պատճառով պարենի և առաջնային պարագաների խիստ սղություն կար, այժմ բնակություն են հաստատել Հայաստանում։ Նրանք շնորհակալություն են հայտնել ՀՀ իշխանություններին և հասարակությանը աջակցության և համերաշխության համար։ Համազեկուցողները նաև հայտարարել են․ «Այնուամենայնիվ, այս օգնության կայունությունն ապահովելու համար Հայաստանին շտապ անհրաժեշտ է բոլոր եվրոպացիների համերաշխությունը։ Չնայած այս բարդ իրավիճակներին, մենք տեսնում են ՀՀ-ի շարունակական պատրաստակամությունը ժողովրդավարական բարեփոխումների հանդեպ։ Ընտրական կարգավորումները բարեփոխվել են եվրոպական չափանիշներին համապատասխան և մի քանի ընտրություններ՝ տեղական և ազգային մակարդակում  կազմակերպվել և անցկացվել են այնպես, որ որևէ վերապահում չի եղել արդյունքների հետ կապված։

Վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել դատական ​​համակարգի նկատմամբ հանրային վստահությունը բարելավելու առումով՝ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ: Այնուամենայնիվ, կարգապահական վարույթը դեռևս դժգոհություն է առաջացնում, և քաղաքական դրդապատճառներով որոշումների մասին պնդումները խաթարում են դրա օրինականությունը: Բարեփոխման նախագիծ է ներկայացվել Վենետիկի հանձնաժողովին` այս մտահոգություններից մի քանիսը լուծելու համար։ Կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է, և այն այս առումով մի քանի կարևոր քայլեր է ձեռնարկել։ Վերջին երեք տարիների ընթացքում ստեղծվել են երկու նոր մարմիններ՝ ուժեղ մանդատներով և իրական լիազորություններով, և ստեղծվել են հակակոռուպցիոն հատուկ դատարաններ»։

Համազեկուցողները քննարկել են նաև ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման և քաղաքական հակառակորդների դեմ ուղղված անօրինական վարույթների մասին պնդումները և կհետևեն այս հարցերի շուրջ զարգացումներին:

Հայաստանում գտնվելու ընթացքում համազեկուցողները եղել են նաև Երասխում և հանդիպել Լեռնային Ղարաբաղից Արտաշատ և Երևան տեղափոխված վերջերս տեղահանված ընտանիքներին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930