Հայաստանի հավաքականի եւս երեք բռնցքամարտիկներ կշարունակեն պայքարը մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ 60 կգ քաշային կարգում երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը կրկին ցուցադրել է ռինգում մարտ վարելու իր բարձր ունակությունները եւ մրցավարների միաձայն որոշմամբ մեծ առավելությամբ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ։ Ընդ որում, Էրիկը հասցրել է մեկ անգամ էլ նոկդաունի ենթարկել նրան։
Կամային բարձր որակներ է դրսեւորել 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը, որն առաջին ռաունդում տանուլ տալուց հետո իր մեջ ուժ է գտել եւ հաջորդ երկու ռաունդներում ոչ միայն հետ է բերել կորցրածը, այլեւ հաղթանակի նժարը թեքել իր կողմը։ Վստահ հաղթանակ է տարել նաեւ 63,5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, որը նույնպես շարունակելու է պայքարել մրցանակային տեղի համար։
Այսօր հերթը մեր աղջիկներինն է։ Էլիդա Քոչարյանը 60 կգ քաշային կարգում մենամարտելու է իտալուհի Դոնատելլա Ֆերրատիի հետ, իսկ 63,5 կգ քաշային կարգում Սոնա Հարությունյանի մրցակիցը լինելու է Բելառուսը ներկայացնող Վալերիա Ստրիժակը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ