Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը փոխանցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթը, որտեղ նա քննադատել էր՝ ՊՆ-ի կապիտալ ծախսերը կատարվել են 55%-ով, այսինքն, 226 մլրդ-ից միայն 124,6 մլրդն է կատարվել. «Դա որակվեց որպես վատ իմաստով խնայողություն: Նա ելույթում ասաց, որ բանակի համազգեստի, հանդերձանքի մրցույթը 2023-ին է տեղի ունեցել, որտե՞ղ են հասել այս պրոցեսները՝ բանակի հանդերձանքը փոխելու»:
Պապիկյանը պատասխանեց. «Նախ, տարին դեռ չի ավարտվել, երկրորդ՝ վստահեցնում եմ, որ այն թվերը, որ հնչեցին այստեղից, այս պահին արդեն ակտուալ չեն, որովհետեւ այդ թվերում փոփոխություններ կան, այս պահին 65% կատարողականի մասին է խոսքը: Վստահեցնում եմ, որ տարվա ավարտին ընդառաջ պրոցեսը շարունակվում է եւ շատ հարցեր կախված են լինում շինարարների կատարողականները ներկայացնելուց: Տվյալ պարագայում ճտերը կհաշվենք դեկտեմբերի 24-ին եւ վստահեցնում եմ, որ հաճելի անակնկալ կսպասի պարոն Մանուկյանին, որովհետեւ վստահ եմ, որ նա ուզում է, որ այդ ծախսերն իրացվեն եւ նպատակային իրացվեն»:
Ինչ վերաբերում է հագուստին, Պապիկյանն ասաց, որ իսկապես, այս տարի ուզում են հագուստը փոխել. «Դա լոկ մի հագուստի գույնը մյուսով փոփոխելու նախաձեռնություն չէ, դա նաեւ բովանդակային փոփոխություն է: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրության կարծիքը պետք է արտահայտվի, որովհետեւ, իմ կարծիքով, զինվորականի հագուստը պիտի որակապես լինի շատ բարձր, հարմարավետ եւ համապատասխանի ներկա միջազգային չափորոշիչներին՝ իր բոլոր բաղադրիչներով՝ այդ նպատակով մենք բաց մրցույթ ենք հրավիրել՝ նպատակ ունենալով ներգրավել Հայաստանի բոլոր մասնագետներին, որոնք կարող են ներկայացնել իրենց պատկերացումները նոր համազգեստի մասին:
Արդյունքը եղել է այն, որ մասնակցել են հայաստանյան մի շարք ընկերություններ, որակավորման առաջին փուլն անցել են, սակայն երկրորդ փուլում միայն մի ուղղության՝ մի զորատեսակի համար են հայտ ներկայացրել: Մնացածի մասով, ցավոք, մասնակիցներ երկրորդ փուլում չենք ունեցել: Հիմա մենք աշխատում ենք մեր միջազգային մասնագետների հետ, առաջիկա օրերին կստանաք առաջարկներ, այն կադապտացնենք մեր պատկերացումներին, մեր հայկական սիմվոլիկային:
Կարդացեք նաև
Խոսքը նաեւ այն համազգեստներին է վերաբերվում, որոնք պաշտոնական են, տոնական են: Դրա արդյունքում արդեն մրցույթ կհայտարարենք ձեռքբերման համար: Պետք չի հիմա արդեն գնահատական տալ, որ մենք ձախողել ենք: Մենք չենք ձախողելու այդ բարեփոխումը, որովհետեւ խոսքը լոկ փոփոխության մասին չի: Մենք էլ կարող էինք օգտագործել նախկին փորձը, հայտարարել նոր գույնի մրցույթ եւ ստանալ տարբեր երանգներով կտորներ, որոնք արվել են նախկինում: Մենք դա չենք ուզում անենք»:
Պապիկյանը վստահեցրեց, որ 2024-ին հասցնելու են ունենալ նոր ձեւ ու նոր բովանդակություն ունեցող համազգեստ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ