Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Փաշինյան, ինչպես միշտ, ձեզ բնորոշ մանիպուլյացիայով խեղում եք բառերն ու արտահայտությունները»․ Լիլիթ Գալստյան

Նոյեմբեր 15,2023 18:02

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձավ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարությանը, որ բուհերի կառավարման խորհուրդները քաղաքականացված չեն։

«Այսօր բուհերի քաղաքականացման հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ինձ հորդորեց իբրեւ նախկին՝ չխոսել այդ մասին կամ բերել գոնե մեկ փաստ։ Խնդրեմ, բերեմ փաստերը՝ Սուրեն Պապիկյան՝ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ, Տիգրան Ավինյան՝ Պոլիտեխնիկի կառավարման խորհրդի նախագահ, Վահագն Խաչատուրյան՝ Տնտեսագիտականի, դուք՝ տիկին Անդրեասյան, Մանկավարժականի խորհրդի նախագահն եք։ Նաեւ ավելացնեմ, որ բուհերում քաղաքական հայացքների համար զտումներ են տեղի ունենում։ Փորձեք հիմնավորել, որ սրանք քաղաքական զտումներ չեն կամ բուհերի քաղաքականացման մասին չեն խոսում»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես այդ թեմային մի քանի անգամ անդրադարձել եմ եւ ասել եմ՝ երբ մենք ասում ենք, որ կուսակցական պատկանելություն չպետք է լինի բուհերում, դա չի նշանակում, որ որոշ կուսակցություններ եւ քաղաքական խմբեր պետք է գաղտնի բջիջներ ստեղծեն այնտեղ եւ բուհերին դարձնեն քաղաքական գործիքակազմի մաս։ Ես լսում էի ձեր ելույթը, ուզում եմ ուշադրություն դարձնել ձեր ձեւակերպման վրա։ Դուք ասացիք՝ ինձ բուհում դասեր չտվեցին՝ իմ քաղաքական վարքագծի համար։ Դուք չասացիք՝ իմ հայացքների կամ կուսակցական պատկանելության։ Դուք ձեր հարցին պատասխանեցիք։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ հնարավորությունը պետք է չարաշահվի, մենք տվել ենք այդ հնարավորությունը։ Մենք էլի ուրիշ ոլորտների, խմբերի տվել ենք այդ հնարավորությունը, բայց, կներեք, երբ այդ հնարավորությունը չարաշահվում է եւ օգտագործվում ընդդեմ նպատակի, դա չի նշանակում, որ կառավարությունն ուղղակի լուռումունջ պետք է շարունակի հետեւել։ Բուհերը բոլորը կառավարության կողմից հիմնադրված մարմիններ են, եւ ամենամեծ լիազորությունը ՀՀ-ում հենց կառավարությունն ունի այդ բուհերի այսօրվա եւ վաղվա համար»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ դասագրքերի շուրջ ստեղծված աղմուկին․ «Մենք չենք ասում, որ դասագրքերում ամեն ինչ անթերի է, մենք ասում ենք, որ նոր համակարգ է ստեղծվել, որը պետք է մեզ եւ ՀՀ-ին հնարավորություն տա ավելի ու ավելի որակյալ դասագրքեր ունենալ մեր աշակերտների սեղանին»։

Question and answer session between the members of the RA National Assembly and the RA Government took place at the RA NA

Լիլիթ Գալստյանն արձագանքեց․ «Պարոն Փաշինյան, ինչպես միշտ, ձեզ բնորոշ մանիպուլյացիայով խեղում եք բառերն ու արտահայտությունները։ Նախ դուք հնչեցրել եք՝ որեւէ կուսակցական չպետք է բուհ կառավարի։ Երկրորդ, ձեզ մի դրեք դատավորի դերի մեջ՝ քննարկելու իմ քաղաքական վարքագիծը, որը վստահաբար դրսեւորվել է բուհից դուրս։ ՀՀ Սահմանադրությունը, Կրթության մասին օրենքը թույլ է տալիս ԱԺ պատգամավորներին պատգամավորական աշխատանքին զուգահեռ՝ զբաղվել ակադեմիական եւ ստեղծագործական գործունեությամբ»։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես ինձ դատավորի իրավունք վերապահում եմ մի քիչ պակաս նրանից, ինչ դուք եք վերապահում ձեզ դատավորի լիազորություն։ Առավոտից իրիկուն ում բռնում եք, դատում եք, մեզ էլ ասում եք՝ դատավորի լիազորություն մի վերապահեք։ Ես ընդամենը մեջբերեցի այն, ինչ ասում եք։ Դուք ասացիք, որ՝ քաղաքական վարքագծի համար ինձ ժամեր չեն տվել, չի նշվել, որ բուհից դուրս քաղաքական վարքագծի։ Ինչ վերաբերում է մնացած դեպքերին, կներեք, մնացած դեպքերին ուղղակի ծանոթ չեմ, որ որեւէ ձեւով արձագանքեմ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930