Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը հարցրեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին․ «Մի քանի տարի է՝ ինչ իրավիճակ ունենք ոստիկանության վայրագությունների հետ կապված, երբ մարդկանց ուղղակի ծեծում են տեսախցիկների առջեւ։ Եվ խոսքը միայն իմ վերջին դեպքի մասին չէ, մենք անցած տարի էլ ունեցանք նման դեպքեր։ Հետո գալիս են, ոստիկաններին բերում են, սուտ ցուցմունք են տալիս, իբր իրենց հարվածել են, հետո մեղադրանքներ են առաջադրվում, գործը տարվում է դատարան, դատարանն էլ բնականաբար կալանք է տալիս, մարդկանց փակում են։ Հետո ինչ-որ ժամանակ հետո գործը կարճվում է։ Եվ այդ ամենը հետեւանք չի ունենում, ձեւական բացվում են ծառայողական վարույթներ։ Դուք նաեւ այդ մարդկանց եք դնում շատ վատ վիճակում, որովհետեւ բոլորն էլ հետագայում քրեական գործերով են անցնելու։ Եթե այս իշխանությունը նրանց պահում է, հետագայում այդպես չի լինելու»։
Վահե Ղազարյանն ասաց․ «Ես ուզում եմ սկսել նրանից, որ ոստիկանության ծառայողները վայրագությամբ են զբաղվում։ Երկար տարիներ աշխատելով ոստիկանությունում՝ այս ամբիոնից ուզում եմ հայտարարել՝ երբեւիցե նման գրագետ ձեւով, նման համբերատար չի աշխատել ոստիկանությունը, ինչպես ծառայում է հենց հիմա։ Ինչ վերաբերում է ձեր դեպքին, դուք լավ տեղյակ եք, կա քրեական վարույթ, կա ծառայողական քննություն։ Ծառայողական քննությունը կասեցված է՝ մինչեւ քրեական վարույթի ավարտը»։
Վահե Ղազարյանն ասաց, որ ոստիկանությունը 24-ժամյա ռեժիմով է աշխատում, եւ ունենք այս պատկերը։ «Եվ չենք թույլ տա, որ որեւէ մեկն այս երկրում փորձի այն արարքը կատարի, որը եղել է նախկինում»,- հավելեց նա։
«Մի քիչ փորձեք ավելի օրիգինալ լինել, այդ նախկին-ներկա այս ամեն ինչը, մարդիկ հոգնել են դրանից։ Գիտեմ՝ քաղաքական կոզր է, նախկինում եղած վատ, շատ դեպքերում նաեւ իրականում վատ երեւույթները մեջբերելով՝ կարծես արդարացնում եք այս ամենը։ Իմ հարցը վերջին մի քանի տարիներին է վերաբերում, այն, ինչը իմ վրա զգացել եմ՝ ոնց է ոստիկանը ծեծում, հայհոյում տեսախցիկների առաջ, ոնց է ընկած մարդուն քացով խփում, ոնց են անչափահասներին խեղդում, աղջիկներին կոպիտ տանում։ Երկու ոստիկանի ցուցմունքով ես այսքան ժամանակ անցկացրել եմ կալանքի տակ ու դեռ շատ երկար կանցկացնեի, եթե այս ամենը չլիներ։ Ուղղակի ամոթ է»,- արձագանքեց Լեւոն Քոչարյանը։
Կարդացեք նաև
ՆԳ նախարարն ասաց․ «Պարոն Քոչարյան, քրեական գործն իրոք հարուցված է։ Ինչ վերաբերում է մարդկանց ուղղորդելուն, ես ձեզ վստահեցնում եմ, նման բան չկա ու չի էլ կարող լինել։ Եվ ամենակարեւորը՝ ոստիկանության այսօրվա պահվածքը երբեւցե նման պահվածք չի ունեցել։ Եվ դա այսօր բոլորի աչքին տեսանելի է։ Երեւան քաղաքում 2022 թվականից մինչ օրս գրեթե ամեն օր եղել են հանրահավաքներ, մասսայական անկարգություններ, Երեւանում ոչ մի անգամ փշալար չի փռվել, ոչ մեկի քթից արյուն չի եկել, դա ո՞ւմ շնորհքն է»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց իր դեպքը։ «Պարոն Մանուկյան, ես օֆիցիալ ասում եմ՝ ձեր գործն իմ անմիջական հսկողության տակ է։ Բյուջեի քննարկման ժամանակ դուք ասացիք՝ ինչ-որ լեյտենանտ խփել է, եւ ես ասում եմ՝ մենք դրանով աշխատում ենք, այդ գործն իմ անմիջական հսկողության տակ է։ Նախնականով դա պատահականություն է եղել, եւ դա եղել է ցուցարարների կողմից։ Իսկ եթե դուք իմանայիք՝ լեյտենանտն ով է, հաստատ կբարձրաձայնեիք»,- ասաց Վահե Ղազարյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ