Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այսպիսի որոշումներ ենք կայացնում, որպեսզի մեզ եւ ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ տանք հետագա անելիքների մասին»․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 15,2023 17:11

«Ի՞նչ է այս ամենը նշանակում, ձեր այս քայլով արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու հո՞ղ եք նախապատրաստում։ Եթե այո, ապա հստակ ձեւակերպեք, թե լավ կամ վատ, այդուհանդերձ հողի վրա գոյություն ունեցող անվտանգային համակարգը ի՞նչ անվտանգային համակարգով եք պատրաստվում փոխել։ Եթե դուրս չեք գալու ՀԱՊԿ-ից, ապա ստացվո՞ւմ է, որ նեղացկոտ երեխայի այս քաղաքականությամբ եք որոշել ՀԱՊԿ անդամներին, մասնավորապես, Ռուսաստանին խելքի բերել»,- այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Հիշեցնենք, որ հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ նիստին։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Մենք չենք պատրաստվում եւ մեր մտքին էլ չկա այդպիսի բան, եւ ես խորհուրդ կտայի՝ նման բառապաշար չօգտագործել՝ խելքի բերել որեւէ մեկին։ Ես կնախընտրեի ասել, որ մենք ոչ թե հրաժարվել ենք, այլ որոշում ենք կայացրել կոնկրետ այդ միջոցառումներին ներկա չգտնվել տարբեր պատճառներով։

Ինչ վերաբերում է հարցի այն հատվածին, թե արդյոք ես որեւէ բանի համար հող եմ նախապատրաստում, ես որեւէ բանի համար հող չեմ նախապատրաստում,որովհետեւ այդ հողը կամ կա, կամ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց։

Դուք հարց տվեցիք նաեւ, թե ի՞նչ անվտանգության համակարգով ենք պատրաստվում աշխատել կամ ապահովել երկրի անվտանգությունը։ ՀԱՊԿ-ում տեղի ունեցող պրոցեսների հետ կապված մեր դիրքորոշումների հետ կապված ամենակարեւոր արձանագրումն այն է, որ, ցավոք, ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած դե յուրե պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին։ Դա կրկնվել է մի քանի անգամ, եւ մենք ամենայն հարգանքով մեր բոլոր գործընկերների նկատմամբ, ուղղակի արձանագրում ենք, որ մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչո՞ւ ենք մենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում, ասում՝ չստանալով ոչ մի արձագանք, վերադառնում, հետո հաջորդ անգամ գնում նույն բաները կրկնում։

Ամենամեծ ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ ՀԱՊԿ-ը, ըստ էության հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, ինչը կարող է նշանակել, որ մենք այդ պայմաններում ուղղակի լուռ մասնակցելով՝ կարող ենք միանալ այն տրամաբանությանը, որը որեւէ կերպ կասկածի տակ կդնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Մենք մեզ նման բան թույլ տալ չենք կարող։ Մենք այսպիսի որոշումներ ենք կայացնում, որպեսզի մեզ եւ ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ տանք հետագա անելիքների մասին»։

«Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների ակնհայտ սրացում է գնում է, ո՞րն է մեր վարվող քաղաքականությունը։ Պատերազմի ժամանակ դուք ակնհայտորեն վեկտոր եք փոխում, դուք ցանկանում եք մի խրամատից մյուսը վազել։ Այս արկածախնդրությունն ո՞ւր է տանելու Հայաստանին»,- հարցադրումը շարունակեց Ագնեսա Խամոյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք չեն հրաժարվել, որ ՀԱՊԿ-ը առաքելություն ուղարկի Հայաստան։ «Մենք ասել ենք՝ ո՞ւր եք ուղարկում առաքելություն, որտե՞ղ։ Ասվել է՝ Հայաստանի Հանրապետություն։ Մենք ասել ենք՝ ցույց տվեք ձեր պատկերացրած Հայաստանի Հանրապետությունը։ Մեզ ցույց չի տրվել ՀՀ-ն, մենք ենք ցույց տվել ՀՀ-ն, ասել են՝ այս արձանագրումը պետք է արվի, ինչը ՀԱՊԿ-ը չի արել։ Քանի դեռ չի արել, մենք չենք կարող նման առաքելություն ընդունել, որովհետեւ կստացվի, որ ՀԱՊԿ լղոզված պատկերացումը մենք լեգիտիմացումը ենք եւ նաեւ Ադրբեջանի ներխուժումներն ենք լեգիտիմացնում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ իրենց քաղաքականության մասին հայտարարել է, այն է՝ անվտանգային հարաբերությունները դիվերսիֆիկացնում են։ «Դիվերսիֆիկացնում ենք, որովհետեւ անվտանգային ոլորտում մեր գործընկերները, այդ թվում, օբյեկտիվ պատճառներով մեզ չեն կարողանում զենք-զինամթերք վաճառել։ Հիմա մենք իրենց ասում ենք՝ շատ լավ, խնդրում ենք մեզնից չնեղանալ, բայց մենք պետք է նաեւ այլ անվտանգային գործընկերներ փնտրենք։ Եվ մենք փնտրում ենք, գտնում ենք այդ անվտանգային գործընկերներին, փորձում ենք կնքել պայմանագրեր, ձեռք բերել ինչ-որ սպառազինություն, ռազմական տեխնիկա։ Դա է մեր քաղաքականությունը։ Մենք որեւէ քաղաքականության փոփոխման մասին չենք պատրաստվում հայտարարել, քանի դեռ չենք որոշել լքել ՀԱՊԿ-ը»,- ասաց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930