Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում կծնվեն 23 արցախցիներ․ այստեղ բնակություն է հաստատել 1050 ընտանիք

Նոյեմբեր 15,2023 17:02

Այսօր Շիրակի մարզում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը, որի ժամանակ փոխմարզպետ Աննա Մարտիկյանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց Արցախից բռնի տեղահանված ու այս մարզում բնակություն հաստատած մեր հայրենակիցների ինտեգրման համար իրականացված աշխատանքները։

Նա նաև մանրամասնեց, թե որ երկրից ինչ օգնություն է եկել և ինչպես են բաշխել։

Փոխմարզպետը նշեց, որ Շիրակի մարզում բնակություն է հաստատել 1050 ընտանիք՝ 4148 արցախցիներ։ Արցախցիների մեծ մասը՝ 703 ընտանիք՝ 2851 քաղաքացի տեղավորվել են Գյումրիում։

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում 120 ընտանիք են բնակություն հաստատել, Ախուրյանում՝ 100։

Անի խոշորացված համայնքում 82 ընտանիք, Ամասիայում և Աշոցքում, որտեղ խստաշունչ ձմեռ է, համեմատաբար քիչ է արցախցիների թիվը, նրանց համար հեշտ չէ Շիրակի բնակլիմայական պայմաններին հարմարվելը։

Ամասիայում՝ 26 ընտանիք են, Աշոցքում՝ 19-ը։

«Հոկտեմբերի 3-ի դրությամբ հյուրանոցներում և հյուրատներում տեղավորված անձանց թիվը կազմել է 591, նոյեմբերի 13-ի դրությամբ այդ թիվը նվազել է՝ հասնելով 14-ի։ 577 քաղաքացի մեր աջակցությամբ տեղափոխվել են առանձնատներ ու բնակարաններ։

Այս պահին Շիրակի մարզի հյուրանոցներում և պետական համայնքային տարածքներում հիմնականում այն ընտանիքներն են, որոնք դժվարանում են վարձով բնակարան գտնել և տեղափոխվել, քանի որ ընտանիքի կազմը բաղկացած է 1 կամ 2 անձից և տրամադրված գումարը չի բավարարի տան վարձակալության համար»,-ասաց Աննա Մարտիկյանը։

Նա նաև նշեց, որ կեցության համար հարմարեցված ընդհանուր տարածքներում տեղակայվել են բռնի տեղահանված 67 քաղաքացի։

Փոխմարզպետի տեղեկացմամբ, Շիրակի մարզի դպրոցներում ուսումը շարունակում է 687 աշակերտ, բուհերում՝ 45 ուսանող, որոնցից 38-ը Շիրակի պետական համալսարանում։

Աննա Մարտիկյանն անդրադարձ կատարեց նաև արցախցիների աշխատանքի տեղավորմանը։

Տեղեկացրեց, որ մարզի բուժհաստատություններում աշխատանքի է ընդունվել 5 բուժաշխատող, ևս 2-ը անցնում են փորձաշրջան։ 5 արցախցիներ աշխատանքի են ընդունվել դպրոցներում, 32-ը ևս ցանկություն են հայտնել կրթական հաստատություններում աշխատելու։ Նրանց տվյալները Շիրակի մարզպետարանն ուղարկել է Կրթության, գիտության, մշակույթ և սպորտի նախարարություն։

«Մարզում այս պահի դրությամբ ժամանակավոր և մշտական աշխատանքի է տեղավորվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 62 քաղաքացի, ինչպես նաև առաջարկվել են 71 թափուր աշխատատեղեր», -ասաց Աննա Մարտիկյանը։

Վերջինս նշեց, որ շուտով նորից աշխատանքի տոնավաճառ կկազմակերպեն Գյումրիում՝ մեր հայրենակիցներին աշխատանքի տեղավորելու նպատակով։

Ամենաուրախալի նորությունն այն է, որ 5 արցախցի երեխա է ծնվել Շիրակի մարզում, 23 հղի ևս հաշվառված են։

Երբ փոխմարզպետն այս տվյալներ էր ներկայացնում, համայնքապետերից մեկը նստած տեղից հիշեցրեց, որ մահվան մեկ դեպք է գրանցվել։

Փոխմարզպետը նաև ասաց, որ կառավարության 4 որոշումներով Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 170 մլն․ դրամ, որից 80 մլն․-ը հյուրանոցային ծառայությունների, 70 մլն․-ը սննդին և 20 մլն․-ը այլ նպաստների (հրատապ օգնություն տրամադրելու) համար։

Ըստ բանախոսի, այսօրվա դրությամբ ծախսվել է շուրջ 155 մլն 327 հազար դրամ, որից շուրջ 75 մլն․ 742 հազար դրամը հյուրանոցային ծառայությունների, շուրջ 68 մլն․ 285 հազար դրամը սննդի և շուրջ 11 մլն․ 300 հազար դրամը այլ նպաստների (հրատապ օգնություն տրամադրելու) համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930