Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը և արցախահայերի սոցիալական կացությանը նվիրված քննարկում Բուխարեստում

Նոյեմբեր 15,2023 16:55

Նոյեմբերի 14-ին, Ռումինիայի Հանրապետության Կրոնից նախարարության և Ռումինիայի Հայոց թեմի նախաձեռնությամբ Բուխարեստում տեղի ունեցավ ժողով-քննարկում՝ նվիրված Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանը, արցախահայերի առջև ծառացած հումանիտար ծանր իրավիճակի վերացմանը միտված Ռումինիայի կառավարության և եկեղեցական համայնքների ներգրավմանը։

Հանդիպումը նախագահում էր Ռումինիայի Կրոնից նախարար տիար Չիպրիան Օլինիչը, մասնակցում էին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ. Վարլաամ եպիսկոպոս Պլոյեշտիանուն, Ռոմանո-Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս և Բուխարեստի մետրոպոլիտ Գերաշնորհ Աուրել Պերկան, Գրեկո-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Գերաշնորհ Միխայ Ֆրացիլը, Հունգար Լութերական եկեղեցու ներկայացուցիչ Մարտոն քահանա Իլիեշը, Հունգար Բողոքական եկեղեցու եպիսկոպոս Կատո Բելայի ներկայացուցիչը, Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ Նեվսկի քահանա Էվերետը, Ռումինիայի Հայոց թեմի թեմական խորհրդի անդամներ, հոգևորականներ։

Բացման խոսքով հանդես եկավ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։ Իր խոսքում Սրբազան Հայրն ի դեմս Ռումինիայի Կրոնից նախարարության շնորհակալություն հայտնեց ռումին կառավարությանը հանդիպման կազմակերպման համար։ Այնուհետև Տաթև Սրբազանը մասնակիցներին ներկայացրեց հայրենազրկված արցախահայերի ծանր կացությունը և առկա մարտահրավերները՝ ընդգծելով վերջիններիս օժանդակելու անհրաժեշտությունը։

Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանն անդրադարձավ Արցախի հոգևոր և պատմամշակութային հարուստ ժառանգությանը՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության փաստագրված ապացույցներ։

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 100.000-ից ավելի բռնի տեղահանված արցախահայության սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական վիճակը և այս ուղղությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից իրականացվող ծրագրերը։

Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ. Վարլաամ եպիսկոպոս Պլոյեշտիանուն ներկաներին փոխանցեց Դանիել պատրիարքի ողջույնի խոսքը, որից հետո ելույթներով հանդես եկան մասնակից բոլոր եկեղեցիների ներկայացուցիչները՝ իրենց աջակցությունը բերելով արցախահայությանը և պատրաստակամություն հայտնելով նպաստելու սոցիալական նախաձեռնություններին։

Ռումինիայի Կրոնից նախարարությունը, Ռումինիայի Հայոց թեմի հետ համագործակցաբար, անգլերենից ռումիներեն էր թարգմանել և հրատարակել Արցախի հոգևոր, պատմամշակութային ժառանգության և Արցախի մասին տեղեկատվական գրքույկ, որը բաժանվեց բոլոր մասնակիցներին։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930