«Ունենք արտաքին պարտքի աճ։ Կառավարությանը որ ասում ես՝ արտաքին պարտքն աճում է, ասում են՝ պարտք-ՀՆԱ հարաբերությունը նվազել է։ Ավելի պարզ ու կենցաղային լեզվով ասած՝ կառավարությունն ասում է՝ 1000 դրամն աղքատի համար մեծ փող է, հարուստի համար հեչ փող չէ»,- այս մասին ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ կառավարությունը մոռանում է ասել, որ ՀՆԱ-ն հիմնականում աճում է արտաքին գործոնների հիման վրա, իսկ այդ պարտքը բոլորս ենք փակելու։
«Պարտքի կառուցվածքում կան էական ոչ հաճելի փոփոխություններ։ Մասնավորապես, պարտքի տոկոսադրույքն ավելի թանկացել է, պարտքի ժամկետայնությունն ավելի նվազել է։ Այստեղ կան մարդիկ, որոնք հասկանում են՝ ինչ է նշանակում, երբ պարտքը թանկանում է, ժամկետայնությունը՝ նվազում է։ Կառավարությունը փոխանակ գնա ավելի էժան ծրագրային վարկերի հետեւից, գերադասում է պարտատոմսեր թողարկել։ Դրա հետեւանքով կորում է պարտքի արդյունավետության գնահատման հետագծելիությունը։ Երբ կառավարությանն ասում ենք՝ համահայկական հիմնադրամի դրամահավաք ինչո՞ւ չեք անում, ասում է՝ մենք այնքան փող ենք հավաքում, որ ինչո՞ւ գնանք Սփյուռքից փող խնդրենք։ Բա որ էդքան փող եք հավաքում, ինչո՞ւ եք այդքան արտաքին պարտք վերցնում, թանկ պարտք»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ