«Մեր երկրում դատական համակարգ գոյություն չունի: Երեւանի դատարանում մնացել են 3-4 դատավորներ, որոնք որ ՔՊ-ականների ցուցումները չեն կատարում, այդ մարդկանց ոչ մի գործ չի մակագրվում, որը որ կունենա հնչեղություն: Մնացած բոլոր դատավորներն ընդունել են իրենց կրոնը, չգիտեմ կրոնի անունն ի՞նչ է, եւ կատարում են պատվերներ»,- այսօր դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրի դատավոր Սուսաննա Գզոգյանը որոշում կայացրեց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգել 3 ամսով։ Նման միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազը՝ պահանջելով շարունակական կալանք կիրառել:
Տիգրան Աթանեսյանը հավատացնում է, որ նախկին իշխանությունների պաշտոնավարման շրջանում, անգամ Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում, նման բան չի եղել:
Պաշտպանական կողմը բողոքարկելու է դատարանի որոշումը. թեեւ չի վստահում եւ հավատում հայրենի դատական իշխանությանը, բայց իրավական բոլոր ընթացակարգերը պահելու են, քանի որ «Դորիան Գրեյի դիմանկարը բոլորի համար պետք է պարզ լինի»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նարեկ Մալյանի մյուս պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ասաց, որ չի կարծում, թե այդ որոշումը կայացվել է դատարանի շենքում: Բայց, անկախ նրանից, թե որտե՞ղ է այդ որոշումը կայացվել, վստահեցնում է՝ պատասխանատվության 90 տոկոսը դատավորինն է: Պաշտպանը հավատացած է՝ Նարեկ Մալյանի գործով վճիռ արդեն կա, պարզապես պետք է գա այդ օրը, երբ այն կընթերցեն:
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Նարեկ Մալյանին աջակցելու էր եկել նաեւ Forza Italia կուսակցության անդամը: Նա հայտարարեց, որ սպասում էր Նարեկ Մալյանի ազատ արձակմանը դատարանի դահլիճից, բայց հասկացավ, որ պետք է պայքարը շարունակել: Իտալացի քաղաքական գործիչը հիասթափված է հայկական դատարանի որոշումից:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց՝ երկու ամսով: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար: Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»: Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:
Հիշեցնենք` ավելի վաղ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար, Նարեկ Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ Այս տարվա հունիսի 30–ին Նարեկ Մալյանն արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ