Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրի դատավոր Սուսաննա Գզոգյանը որոշում կայացրեց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգել 3 ամսով։
Նման միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազը՝ պահանջելով շարունակական կալանք կիրառել:
«Հայաստանի հանրապետությունը դեռ կա, չէ՞, չեն լուծարել. շուտ դատվեմ, Հայաստանի հանրապետությունում դատվեմ»,- այսօր մինչ նիստի մեկնարկը հեգնեց Նարեկ Մալյանը: Իսկ արդեն նիստի ժամանակ, անձնական տվյալները լրացնելիս, երբ դատավորը հարցրեց՝ ո՞ր երկրի քաղաքացի եք, Նարեկ Մալյանը պատասխանեց. «Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացի եմ»:
Պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ զարմացած է մեղադրող կողմի միջնորդությունից, քանի որ ոչինչ չի փոխվել, ընդամենը գործն է հասել դատարան: Շարունակական կալանքի դեպքում հիմքի փոփոխություն է պահանջվում: Նա նկատեց, որ, ըստ էության, Վերաքննիչ դատարանը փախուստի ռիսկը վերացրել է, մինչդեռ այստեղ մեղադրողը խոսում է փախուստի ռիսկի մասին:
Կարդացեք նաև
Նարեկ Մալյանի մյուս պաշտպանը՝ Տիգրան Աթանեսյանն էլ հավելեց, որ այս փոքրիկ դահլիճում համաշխարհային իրադարձություն տեղի ունեցավ, քանի որ մեղադրողը ոչնչացրեց ՄԻԵԴ-ը՝ իր ողջ նախադեպային իրավունքով:
«Մի լրագրողի ընտրել եք ձեզ ղեկավար, սպանել է 5 հազար մարդ, հանձնել է երկիրը եւ ինքն իրեն ասում է դավաճան. բա չասի՞»,- դատարանին դիմելով` վրդովվեց Տիգրան Աթանեսյանը:
Նարեկ Մալյանը դիտարկում չհայտնեց, ասաց, որ միանում է պաշտպանների դիրքորոշմանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց՝ երկու ամսով: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար: Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»: Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:
Հիշեցնենք` ավելի վաղ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար, Նարեկ Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ Այս տարվա հունիսի 30–ին Նարեկ Մալյանն արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ