Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մենք բյուջեն մեծացրել ենք, ջհանդամին, թե չեն կրակելու, ջհանդամին, թե չեք մեռնելու, բայց գոնե կուշտ կմեռնեք․ սա կառավարության մահախոսական է»․ Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 15,2023 15:55

ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում անդրադարձավ 2024 թվականի բյուջեի ընդունման առթիվ Նիկոլ Փաշինյանի ուղերձին։ «Խոսվեց մի հրաշք երկրի մասին, որտեղ մենք երջանկությունից պետք է ուղղակի պար գանք, մինչդեռ մենք ունենք 150 հազարից ավելի տեղահանված, հայրենազրկված հայրենակիցներ, որոնց նվազագույն իրավունքների պաշտպանության մասին անգամ հիմա ՀՀ իշխանությունները ռիսկ չեն անում նույնիսկ բարձրաձայնել։ Բայց այդ հրաշք ներկայացմանը մեկտեղ՝ մենք այս ուղերձում կարդում ենք մեկ այլ նախադասություն՝ մենք բյուջեն հաստատում ենք այնպիսի միջավայրում, երբ ունենք ահագնացող անվտանգային խնդիրներ եւ տասնյակ հազարավոր բռնի տեղահանված անձինք, ում պետք է ապահովենք առաջնահերթ հոգատարությամբ եւ միջնաժամկետ հատվածում ապահովենք արժանապատիվ կեցությունը ՀՀ-ում։ Երկրորդ մասը հրաշալի կլիներ, եթե շարունակություն ունենար՝ եւ ամեն ինչ անենք, որպեսզի մարդիկ վերադառնան իրենց հայրենիքը, իրենց պատմական ու արմատներով հայրենիքը։ Բայց ահագնացող անվտանգային խնդիրների մասին հատվածն ընթերցելիս՝ հասկանում ես, որ իրականում կառավարության ուղերձը վերաբերում է հետեւյալին՝ ժողովուրդ, մենք բյուջեն մեծացրել ենք, փորձելու ենք այս բոլոր ծրագրերն իրականացնել, ջհանդամին, թե չեն կրակելու, ջհանդամին, թե չեք մեռնելու, բայց գոնե կուշտ կմեռնեք։ Սա ուղերձ չէ, սա մահախոսական է»։

Նա առաջարկեց փոխել ոճը, որ ավելի կոնկրետացում ու հստակ պատկերացում լինի անվտանգային համակարգի վերաբերյալ․ «Ուղերձում անվտանգության առումով ամենաշատ բառը, որը փորձեցի գտնել, վերաբերում էր Պետական պահպանության ծառայությանը՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման բլոկին»։

Արծվիկ Մինասյանը հավելեց․ «Նախորդ տարիներին ես հիշում եմ, որ հպարտորեն այս ամբիոնից հայտարարվում էր արժանապատիվ Հայաստանի եւ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին, անվտանգության երաշխիքների լիարժեք ապահովման մասին, այլեւս հայը չպետք է ենթարկվի ցեղասպանության վտանգին, չպետք է լքի իր բնակավայրը։ Հիմա, եթե այս բյուջեն դրա շարունակությունն է, եւ մենք տեսնում ենք, թե ինչ հետեւանք ունենք, շատ տխուր եզրահանգման է բերում դա, պարոն Փաշինյան։ Եթե նախորդ դրսեւորումներն այս բյուջեով էլ պետք է լինի, դա բերելու է շատ ծանր հետեւանքների»։

Արծվիկ Մինասյանը դիմեց կառավարությանը․ «Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնություններին, մեր խմբակցությունը լավագույն օրինակներից մեկն է։ «Հայաստան» խմբակցությունը  հայ ժողովրդի հետ ապրող ու պայքարող ազգային փոքրամասնությունների ամենամեծ պաշտպանն է։ Բայց եթե ազգային փոքրամասնություն ասելով՝ նկատի ունեք ադրբեջանցիներին, որոնք, ըստ կառավարության առանձին ներկայացուցիչների հայտարարության, պետք է վերադառնան Հայաստան, ապա դրանց իրավունքների պաշտպանության մասով մի ակնկալեք աջակցություն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930