Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը՝ Լիլիթ Գալստյանին․ «Ես ձեր փոխարեն կլռեի, չէի խոսի բուհերի կուսակցականացվածության մասին»

Նոյեմբեր 15,2023 14:59

ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ բուհերն այսօր առավել քան երբեւէ կուսակցականացված են։ «Կառավարման խորհուրդների ՔՊ-ացումն ուղղակի անհերքելի է, իսկ քաղաքական հայացքների համար դասախոսների հետապնդումը հրապարակային է, ցինիկ եւ անպատժելի, ինչը տեղի ունեցավ նաեւ ինձ հետ, երբ ճակատիս պարզապես ասացին՝ քո քաղաքական վարքագծի համար ժամեր չես ստանա»,- ասաց Գալստյանը։

Իր ելույթում Լիլիթ Գալստյանը քննադատեց կառավարությանն` անարդյունավետ ծախսեր իրականացնելու համար։ «Անարդյունավետ կամ մսխված ծախսերի տասնյակ էջեր կարելի է լցնել՝ Սնուփ Դոգին նվիրած 8 մլն դոլարից մինչեւ 9 տոկոսանոց քաղաքապետի 220 հազար դոլարանոց բեմադրությունը կամ լուծարված ու գոյություն չունեցող ՏՏ ընկերություններին 180 մլն դրամի հատկացումը»,- ասաց նա՝ քննադատելով նաեւ դասագրքերի ոլորտում վարվող քաղաքականությունը։

Պատգամավորին արձագանքեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․ «Տիկին Գալստյան, դասագրքերի ոլորտում աղմուկը շատ է մի պարզ պատճառով՝ տարիների մոնոպոլիա է կոտրվել։ Մի դասագրքի համար մենք տարիներ շարունակ պետական բյուջեից միայն տպագրության համար վճարել ենք 1044 դրամ։ Այս պահին դասագրքի ստեղծման, փորձաքննության, տպագրության համար վճարում ենք 741 դրամ։ Դաշտն ազատականացվել է, հայտնվել են նոր մասնակիցներ։ Բովանդակության համար կաշխատենք, անհոգ եղեք, 30 տարվա խնդիրները միանգամից չեն լուծվում»։

Ժաննա Անդրեասյանը հավելեց․ «Ես ձեր փոխարեն չէի խոսի բուհերի կուսակցականացվածության, քաղաքականացվածության եւ մնացած խնդիրներից։ Կլռեի ուղղակի այդ մասին։ Ես ինքս դասախոս եմ եղել տարիներ շարունակ եւ իմ վրա եմ զգացել այն բոլոր խնդիրները, որ ունեցել է կրթական համակարգում ներգրավված անձը, այդ թվում՝ քաղաքական հետապնդման իմաստով։ Պիտի խնդրեմ մի օրինակ բերեք որեւէ բուհի խորհրդի կուսակցականացվածության, ու դուք դա չեք կարող բերել։ Որեւէ բուհի առաջ դրված չէ քաղաքական խնդիր, եւ որեւէ բուհ ներգրավված չէ որեւէ հարցում։ Բուհում մեր բոլոր աշխատանքներն ուղղված են միայն նրան, որ թույլ չտանք այդ գործունեությունն այլ կուսակցությունների ու խմբերի կողմից»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930