Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ականատես ենք դասական քաղաքական հետապնդման». Տիգրան Աթանեսյանը՝ Նարեկ Մալյանի գործի մասին

Նոյեմբեր 15,2023 14:43

«Այն մուտք էր գործել Քրեական օրենսգիրք, կարծեմ 2020 թվականին, պանդեմիայի ժամանակ եւ Նարեկ Մալյանն այդ քրեական հոդվածն անվանում է իր անվան հոդված: Որոշեցին ստեղծել մի քրեական նորմ, որպեսզի Նարեկի նման մարդկանց փորձեն լռեցնել: Մենք ականատես ենք դասական քաղաքական հետապնդման: Բացարձակ խայտառակություն է իրավական տեսանկյունից»,- այսօր դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն՝ անդրադառնալով իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին:

Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց՝ երկու ամսով: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար: Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»: Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:

Preliminary hearings in the case of Narek Malyan took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts

Հիշեցնենք` ավելի վաղ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար, Նարեկ Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ Այս տարվա հունիսի 30–ին Նարեկ Մալյանն արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։

«Պարզապես հաշվեհարդար է: Գործող իշխանությունը, քանի որ հասկանում է, որ գործել է ազգային դավաճանություն եւ բերել է մեզ ազգային աղետի՝ բոլոր կարմիր գծերն անցած՝ պետք է փորձի լռեցնել բոլորին, զսպել արդարացի զայրույթը: Այս գործը դրա վառ ապացույցն է»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

ՔՕ տվյալ նորմի խայտառակություն լինելն էլ, ըստ փաստաբանի, այն է, որ դրանում ասվում է՝ «… բռնության կոչ՝ կապված մի խումբ անձանց քաղաքական կամ ինչ-որ հայացքների հետ…». «Սա նշանակում է, որ օրինակ, «Գորշ գայլերի» կողմնակիցները Հայաստանում, պաշտպանվում են այդ հոդվածով, պեդոֆիլները, եթե ակումբ ունենան՝ պաշտպանվում են այդ հոդվածով. դու չես կարող նրանց քննադատել»:

Նարեկ Մալյանի դեպքում, պաշտպանը մանրամասնում է՝ խոսքն ուղղված է ՔՊ-ականներին ու ոչ թե այն պատճառով, որ դա կուսակցություն է, այլ, որ այդ կուսակցությունը «հանձնել է Արցախը, սպանդի է տարել հայորդիներին, բերել է ազգային աղետ». «Այսինքն, սա է նրանց խմբային շահը: Նարեկի քննադատական խոսքը ուղղված է դրան: Ընդունենք, որ դա է իրենց խմբային շահը, իսկ դա այդպես է, ի՞նչ քննադատական խոսք։ Վիրավորանքից, հայհոյանքից եւ արդարացված բռնությունից բացի՝ ոչինչ չի հասնում դրան: Խոսքը չի գնում, որ ՔՊ-ի ծրագրում գրված է, որ 2050 թվականին մենք լինելու ենք ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, Նարեկը դրան է դեմ, դեմ է նրան՝ ինչին մենք բոլորս ականատես ենք: Իրենք մեկնաբանում են՝ ինչպես ուզում են ու մարդուն կալանավորում են, կալանքի որեւէ հիմք չունենալով: Քրեական հետապնդումը դեռ մի կողմ, ինչի՞ են կալանավորում: Նարեկը 4-5 տարի է այդ հետապնդումների մեջ է եւ չի գնում Հայաստանից, չի էլ գնալու, Նարեկի տեսակն այնպիսինն է, որ Նարեկին չեն կարող ստիպել, որ գնա»:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930