Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե խոսքը գնում է «պիպետկայի» մասին, իրենք էլ «պիպետկա» են ձեռք բերել՝ առանց մեջի կաթիլների». Սեյրան Օհանյան

Նոյեմբեր 15,2023 13:46

Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խոսելով Ֆրանսիայից, Հնդկաստանից ձեռք բերվող զինամթերքների մասին, ասաց, որ դրական է գնահատում իշխանությունների այդ քայլերը: Նա նշեց, որ նախկինում ՌԴ-ի հետ զարգացման ծրագիր է եղել, որը հնարավորություն է տվել էժան սպառազինություն ձեռք բերել, բայց այն ժամանակ էլ այլ պետություններից սպառազինություն ձեռք բերելն արգելված չի եղել, փոքր քանակի ձեռք բերվել են եւ ԽՍՀՄ երկրներից, ե՛ւ Չինաստանից. «Մենք ձեռք ենք բերում այնպիսի սպառազինություն, որոնք «գաբարիտներով» շատ մեծ են, հանկարծ վաղը խնդիր չառաջանա դրանց խոցման հետ կապված հարցում: Պետք է նաեւ հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, նաեւ այլ ծառայությունների հետ համադրված աշխատանք կատարվի դրանց ընտրության համար»:

Հարցին՝ եթե դրական եք գնահատում, այս իշխանության հրաժարականը ինչո՞ւ եք պահանջում, նա բացատրեց, որ դրական է գնահատում որոշակի ուղղություններ. «Ինչ վերաբերվում է այսօրվա իշխանությունների ընդհանուր գնահատականին, դուք Հայաստանում չե՞ք ապրում, չե՞ք տեսնում ինչ կատարվեց սահմանին, ինչպես թուրք-ադրբեջանական տանդեմը հարձակվեց Արցախի վրա, Արցախն ամբողջությամբ հայաթափվեց»:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, ասել էր. «Հայաստանը կարողանում է զենք ձեռք բերել անհամեմատ ավելի շատ ու անհամեմատ ավելի շատ երկրներից, քան ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ կամ կերազեր ամենապայծառ երազում: Սովոր էիք, համակերպված էիք, որ «պիպետկով կաթացնեն» այնքան զենք, ինչքան պետք է ու «չկաթացնեն» այնքան զենք, երբ դրա կարիքը չլինի, որպեսզի այդտեղ էլ Հայաստանը հաշվարկված կերպով ծնկի բերվի ու գործի դրվեն այլ սցենարներ»:

Այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Այդ խոսույթը այսօրվա իշխանությունների լեքսիկոնի մեջ է՝ պիպետկա օգտագործել: Եթե խոսքը գնում է պիպետկայի մասին, իրենք էլ պիպետկա են ձեռք բերել՝ առանց մեջի կաթիլների՝ ռազմական տեխնիկա՝ առանց սպառազինության: ՀՀ ԶՈՒ-ն սկսել է կայանալ զրոյից, ֆիդայական ջոկատներից ձեւավորել ենք կանոնավոր բանակ, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զգալի քանակություն ենք ձեռք բերել մեր գործընկերներից, մի մասը՝ ձրի: Ռազմական տեխնիկա եւ սպառազինություն ենք ձեռք բերել նաեւ հակառակորդից՝ որպես ռազմական ավար՝ մարտական գործողությունների ժամանակ: Դրանք վերանորոգվել ու օգտագործվել են հենց նրանց դեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930