Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները Արցախի ներկայացուցիչներին չեն ընդունում, մինչեւ հիմա չեն ընդունել Արցախի Հանրապետության նախագահին». Սեյրան Օհանյան

Նոյեմբեր 15,2023 13:23

Ձեր կառավարման տարիներին ադրբեջանցի դիպուկահարը կրակում էր իր տան մեջ գտնվող տավուշեցուն եւ ՀԱՊԿ-ը հավասարության նշան էր դնում Հայաստանի ու Ադրբեջանի մեջ լավագույն դեպքում. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս դիտարկմանն ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց. «Ես այն ժամանակ էլ, հիմա էլ ասում եմ՝ երբ սահմանին դիպուկահար է կրակում, այդ մեկ դիպուկահարի կրակելու, նույնիսկ փոքր ստորաբաժանումների գործողությունների շրջանակներում տվյալ պետության պարտականությունն է իր պետության տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը պահպանելը եւ այդ դիպուկահարների կրակոցներին պատասխանելը: Եթե հիշում եք, 2015-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եկել է, եղել է մեր սահմաններում եւ համապատասխան գնահատական տվել է»:

Խոսելով Արցախի խնդրի մասին՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Արցախի էջը փակված չէ: Դեռ ավելին՝ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիվ քաղաքականության հետեւանքով վերջին սեպտեմբերյան գործողությունների ընթացքում տեղի են ունեցել էթնիկ զտումներ, ցեղասպանություն եւ Արցախը հայաթափվել է: Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային հարթակում պետք է պատասխան տա, պետք է ենթարկվեն տարբեր պատժամիջոցների: Երկրորդը՝ Արցախի հակամարտության չավարտված լինելու պայմաններում պետք է խիստ միջոցառումներ ձեռնարկել՝ Արցախի սուբյեկտայնության պահպանման համար: Դրանք ուղղված պետք է լինեն Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը, նաեւ Արցախի ժողովրդի նկատմամբ համապատասխան քաղաքականության իրականացմանը ՀՀ-ում, որպեսզի նրանք մնան ՀՀ-ում՝ հետ վերադառնալու համար պայմանների ձեւավորմամբ: Եթե հակամարտությունն ավարտված չէ եւ Արցախը որպես սուբյեկտ թեկուզ ոչ իր տարածքում գոյություն ունի, դա նշանակում է միջազգային ընդունված կամ այլ ընդունելի հարթակներում բանակցությունների շարունակականությունն այլընտրանք չունի: Մենք տեսնում ենք, որ այս ուղղությամբ կա որոշակի հապաղում եւ տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները այս հարցից հրաժարվել են, գոնե պետական ինստիտուտների պահպանման ուղղությամբ: Այսինքն, իրենց համար Արցախի էջը փակված է, իրենք միայն զբաղվում են սոցիալական եւ հումանիտար խնդիրներով: Պատճառները մի քանիսն են: Ի վերջո` մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին չեն ընդունում, մինչեւ հիմա էլ չեն ընդունել Արցախի Հանրապետության նախագահին: Երկրորդը՝ կա ինքնակազմակերպման խնդիր»:

Օհանյանն ասաց, որ իրենք հանդիպումներ են ունենում տարբեր ուժերի հետ, աշխատանք են տանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930