Լրահոս
Օրվա լրահոսը

8 տարեկան Մարտինն Արցախից դուրս գալուց առաջ բակում փոս է փորել, խաղալիքները թաքցրել, որ թուրքերը չգտնեն․ հույս ունի, որ հետ է գնալու. Փաստինֆո

Նոյեմբեր 15,2023 13:04

Փաստինֆո. 8-ամյա Մարտինը Արցախի իրենց տունն է երազում տեսնում։ Անցած գիշեր դարձյալ Աշանի իրենց տանն էր։ Արթնացել ու մայրիկին անմիջապես պատմել է երազը։

«Շատ է գյուղի հետ կապված երազներ տեսնում․ կարոտում է տունը, ընկերներին, դպրոցը․․․ Այսօր վեր կացավ, թե՝ մամ, մեր տանն էի երազումս, բայց պապիկն էլ կար։ Թուրքերն էլի կրակում էին, պապիկն ասաց, որ չվախենամ․․․»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Աշանից բռնի տեղահանված Շողեր Գրիգորյանը՝ փոքրիկի մայրը։

Տիկին Շողերը չորս ամիս առաջ է կորցրել հորը․ գյուղից դուրս գալուց առաջ մի բուռ հող է վերցրել նրա գերեզմանից։ Արցախի ազատության համար իրենց կյանքը զոհած տղաների շիրիմներին ևս հրաժեշտ են տվել, նոր հարկադրված գաղթի ճանապարհը բռնել։
Հոր մշակած այգու ծառերի միրգը չորացրել, տնտեսած մի քանի գդալ աղով պահածոներ էին փակել, կարտոֆիլ , լոբի, կաղամբ ցանել, որ ձմեռը յոլա գնան։ Համոզված էին, որ ձմռանն էլ պաշարված են լինելու։

«Անգամ պատերազմի ընթացքում՝ ամսի 20-21-ին եղբայրս նուռը հավաքել, ճզմել էր։ Էդ ժամանակ էլ չէինք է պատկերացնում, որ ստիպված ենք լինելու դուրս գալ մեր տներից․․․ Որ կապ չկար, չէինք իմանում, թե անգամ կողքի գյուղում ինչ է կատարվում։ Կապը վերականգնվելուց հետո ենք սկսել սարսափելի լուրերը ստանալ ու այդ ժամանակ ենք հասկացել, որ ամեն ինչ շատ լուրջ է, շատ․․․»,-պատմում է Արցախից բռնի տեղահանված կինը։

Գյուղի դիմացի լեռան վրա ընկած ռումբերից են հասկացել, որ պատերազմն սկսվել է։

«Բերդաշենի բարձունքներից մեկը հենց մեր գյուղի դիմաց է ընկնում։ Որ կրակոցների ձայներ լսեցինք, սկզբում մտածեցինք, թե սովորականի պես դարձած կրակոցներից է, բայց որ դուրս եկանք բակ ու տեսանք, թե ինչպես սնարյադներն ընկան էդ լեռան վրա, հասկացանք, որ պատերազմ է»,-ասում է մեր զրուցակիցը։

Աշանը պատերազմի առաջին ժամերին է շրջափակման մեջ հայտնվել․ Ստեփանակերտ-Ննգի ճանապարհն ադրբեջանցիները սկզբից ևեթ են կտրել։ Սկզբի երկու-երեք օրն այդ պայմաններում անգամ Աշանը Հացի ու Նոր Շեն գյուղերից տեղահանված բնակչությանն է ընդունել։ Աշանի մանկապարտեզում այդ գյուղերի բնակիչները երկու օր պատսպարվել են։

«Մեր տներում էլ ենք տեղավորել մեր հարևան գյուղերից եկած մարդկանց։ Բարեկամս էլ էր Նոր Շենում․ ամսի 19-ին, որ իմացել է թուրքերը մոտենում են, երեխան գրկած՝ ոտքով է հասել մեր գյուղ․․․ Ի՞նչ գիտեինք, թե բոլորս մի քանի օրից փախստական ենք դառնալու, մեր տուն ու տեղը հարկադրված թողնելու ենք ու գաղթի ճանապարհը բռնենք․․․»,-հառաչում է տիկին Շողերը։

Հուզմունքը զսպել չի կարողանում զրուցակիցս, երբ որդու մասին է խոսում։ Հայաստան հասնելուց հետո է իմացել, որ 8 տարեկան Մարտինը գյուղից դուրս գալուց առաջ բակում փոս է փորել ու խաղալիքներն այնտեղ թաքցրել․ «Վերջերս ասաց՝ մամ, գիտե՞ս, բակում փոս եմ փորել ու խաղալիքներս սաղ լցրել էնտեղ, որ թուրքերը չգտնեն։ Էնտեղ թաքցրել եմ, որ երբ հետ գնանք, էլի խաղամ․․․»։

Տիկին Շողերը համագյուղացիներին ևս հուզմունքով է հիշում։ Աշանցիները միշտ համերաշխ ու միմյանց հասնող են եղել։ Ասում է՝ անգամ գյուղից դուրս գալուց են այդպես եղել․ ով բենզին ուներ, կարող էր դուրս գալ, հետն ինչքան մարդ կարողացել՝ տարել է, մնացածներին էլ բենզին են տվել, որ հասնեն Ստեփանակերտ, իսկ Ստեփանակերտից արդեն բոլորն իրար հետ դեպի Կոռնիձոր են շարժվել։

«30 ժամ 8 տարեկան երեխուս գիրկս եմ եկել։ Բա ի՞նչ անեի, պետք է մի կերպ տեղավորվեինք մեքենայի մեջ։ Էն լիքը տնից մի երկու շոր ենք վերցրել։ Մենակ 10 ձեռք բրդյա անկողին ունեինք, մի ձեռքն էլ չենք կարողացել հանել, տեղ չկար․․․»,-ասում է նա։

Բռնի տեղահանված տիկին Շողերը որդու հետ այժմ Էջմիածնում բարեկամի տան է ապրում։ Ասում է՝ ի վիճակի չէ տուն վարձելու, քանի որ շատ բարձր են վարձերը։ Չգիտի, թե երբ կգտնի հարմար տուն՝ մեկ սենյականոց մի տուն, որտեղ որդու ու մոր հետ կկարողանա ապրել։ Ինչպես ինքն է ասում՝ մի հրաշքի է սպասում։ Մինչ այդ, աշխատանքի համար է դիմել։ Հիմա մի քանի ժամ ունի․ քիմիա է դասավանդում Էջմիածնի դպրոցներից մեկում, հույսն էլ չի կորցնում, որ մի փոքր բնակարան կկարողանա գտնել ու կամաց-կամաց ուշքի գալ ապրած մղձավանջից․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930