Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդային միության ելույթների տպավորություն ենք ստանում, միջին կենսաթոշակը 52 %-ով ցածր է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից, ի՞նչ եք անելու»․ Թադեւոս Ավետիսյան

Նոյեմբեր 15,2023 13:08

«Դուք ասում եք, որ 7 տոկոս տնտեսական աճեր են լինելու հաջորդ եւ հետագա տարիներին եւ ասում եք, որ խոստումները կատարում եք։ Խորհրդային միության ելույթների տպավորություն ենք ստանում։ Հիմա միջին կենսաթոշակը 52 տոկոսով ցածր է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Ո՞նց եք անելու, որ այդ 52 տոկոս աճը 2025-2026 թվականին ապահովվի՝ չնայած նրան, որ որոշակի գնաճ է լինելու, այսինքն՝ նվազագույն սպառողական զամբյուղը հետո աճելու է։ Այսինքն՝ տարեկան մոտ 30 տոկոսով աճեցնելո՞ւ եք միջին կենսաթոշակը եւ կարողանալո՞ւ եք 7 տոկոս տնտեսական աճի պարագայում պահպանել մակրոտնտեսական հավասարակշռության կանոնը»,- ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Թունյանն ի պատասխան ասաց․ «Մենք արդեն երկու տարի ունենք՝ պոստֆակտում գնահատելու համար։ 2022 թվականի համար նախատեսել էինք 7 տոկոս, ունեցել ենք 12,6 տոկոս տնտեսական աճ, 2023 թվականի համար կանխատեսել էինք 7 տոկոս, կունենանք 7,2 տոկոս։ Եվ հաջորդ տարվա համար նույնպես 7 տոկոս ենք նախատեսում։ Մեր կառավարության ծրագրով կանխատեսվում է տարեկան միջինը ունենալ 7 տոկոս տնտեսական աճ։ Այսինքն՝ այդ աճն է մեզ հնարավորություն տալու գեներացնել այնքան միջոցներ, որով կլուծվեն այն խոստումները, որոնք մենք տվել ենք, այդ թվում՝ կենսաթոշակների հետ կապված։ Մենք ուղղակի բարի կամքի խոստումներ չենք տվել ու օդից վերցված բաներ չենք ասել։ Դրա տակ եղել են հաշվարկներ։

Դուք նշեցիք, որ կենսաթոշակները սպառողական զամբյուղին զիջում են, ճիշտ եք ասում։ Առաջ ավելի շատ էին զիջում, հիմա կամաց-կամաց փորձում ենք կրճատել։ Ու ուզում եմ հիշեցնել, որ մեր խոստումները վերաբերվում են 2026 թվականին։ Այսինքն՝ մենք պետք է 2026 թվականին այդ խոստումն իրականացրած լինենք։ Ընդ որում, մենք ոչ թե չոր թիվ ենք դրել, ոչ թե ասել ենք՝ թոշակը կլինի 75 000 դրամ, այլ դա կապել ենք սպառողական զամբյուղի հետ, որպեսզի ինքներս մեր ձեռքերը կապենք։ Այսինքն՝ այնպես չլինի, որ գներն աճեն, սպառողական զամբյուղի գինը դառնա 100 000 դրամ, հետո ասենք՝ թոշակը մեր խոստացածով ենք բարձրացրել։ Այսինքն՝ մենք ինքներս մեր առջեւ նշաձողը բարձրացրել ու խիստ ենք դրել, որպեսզի կարողանանք բովանդակային օգուտ տալ հասարակությանը։ 2026 թվականին, երբ մենք ունենանք այլ վիճակ, որը կշեղի մեր խոստումներից, կարծում եմ՝ այդ ժամանակ այդ հարցերի պատասխանները կարող ենք տալ»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ այսօրվանից պարզ է, որ այդ խոստումը գնում է դեպի չկատարման։

«Ֆանտաստիկայի ոլորտից չէ այդ ամենը վերցված, եւ մենք էլ խոստումներ տալուց այնպիսի խոստումներ չենք տվել, որոնք անիրականանալի լինեն։ Կենսաթոշակների նոմինալ ավելացումից բացի՝ մենք ունենք նաեւ այլ համակարգեր, որոնք կենսաթոշակառուների համար լրացուցիչ եկամուտներ են ավելացնում»,- արձագանքեց Բաբկեն Թունյանը։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930