Լրահոս
Օրվա լրահոսը

«Թերեւս պարզամտություն կլինի այդ մարդկանցից ակնկալել ներողություն եւ ամոթի զգացողություն». Պապոյանը՝ ընդդիմադիրների մասին

Նոյեմբեր 15,2023 12:45

ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն ասաց, թե հեղափոխական հարթակից հանրությանը տված խոստումները կատարել են: Օրինակ, ասել էին, որ տարեկան միջին գնաճը կկազմի 7%, կազմել է ավելի քան 7%, ու դա հնարավորություն է տալիս 5 տարում 40%-ով ավելացնել, իսկ 10 տարում կրկնապատկել ՀՆԱ-ն. «2024-ի համար տնտեսական աճի խոստումը ոչ միայն կատարված է, այլ նաեւ նորից գերակատարված»:

Նա անդրադարձավ ընդդիմադիրների այն քննադատություններին, որ տնտեսական աճը կա, բայց դա մարդկանց կյանքում բան չի փոխում. «Եթե 2018-ի սկզբին նվազագույն կենսաթոշակը կազմում էր ընդամենը 16 հազար դրամ, ապա այսօր այն կազմում է 36 հազար դրամ: Այսինքն, մի ամբողջ 28 տարի էր պետք, որ նվազագույն կենսաթոշակը դառնա 16 հազար դրամ եւ ընդամենը 5 տարի՝ եւս 18 հազար դրամով բարձրացնելու համար: Ահա սա այն բազմաթիվ դեպքերից մեկն է, որն արտացոլում է մինչհեղափոխական Հայաստան պետության ձախողումը: Ընդ որում, հատկանշական է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ նվազագույն կենսաթոշակը ավելի բարձր թիվ է կազմում, քան նվազագույն պարենային զամբյուղը: Սա մի կողմից հպարտության զգացողություն է արթնացնում, մյուս կողմից՝ ամոթի: Հպարտության, քանի որ մաս եմ կազմում այն թիմի, որը վերջապես կարողացավ մեր կենսաթոշակառուներին տալ ավելի բարձր թոշակ, քան նվազագույն պարենային զամբյուղն է: Բայց որպես քաղաքացի, որպես պատգամավոր ամոթի զգացում ունեմ, որ պետությունը 30 տարի շարունակ մեր տատիկ-պապիկներին տվել է ավելի քիչ կենսաթոշակ, քան նվազագույն զամբյուղն է:

Իհարկե, աներկբա է, որ ամաչելու պատճառ եւ առիթ ունեն բոլորովին այլ մարդիկ, որոնք տասնամյակներով այս հարցի պատասխանատուն են եղել, ավելին՝ այսօր նրանց մի մասը կամ նրանց հարազատները նստած են այս դահլիճի ընդդիմադիր հատվածում: Թերեւս պարզամտություն կլինի այդ մարդկանցից ակնկալել ներողություն եւ ամոթի զգացողություն ոչ միայն այս, այլեւ այլ հարցերով, ինչպիսիք են տասնամյակներով երկիրը կոռուպցիայի մեջ թաղելը, ժողովրդին հարստահարելը, երկրի զարգացումը դանդաղեցնելը եւ դրանով անվտանգային այնպիսի խնդիրներ առաջացնելը, որոնք ցայսօր իրենց զգացնել են տալիս»:

Գեւորգ Պապոյանը մոռացավ նշել, որ ինքն էլ է եղել նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչը եւ ժամանակին հպարտությամբ կրել է ՀՀԿ-ի կրծքանշանը՝ լինելով Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930