Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրանզիտոր երեւույթ… սիներգիկ համագոյակցություն». ԿԲ նախագահն իր «խուճուճ» ելույթի համար Գուրգեն Արսենյանից նկատողություն ստացավ

Նոյեմբեր 15,2023 12:12

«Մենք առաջին Կենտրոնական բանկն ենք եղել, որ 2020-ին տոկոսադրույքը պրոակտիվ բարձրացրել է: Աշխարհի բոլոր ԿԲ-ները Covid-ի ժամանակ սխալվեցին, մտածում էին, դա տրանզիտոր երեւույթ է լինելու, մենք այդ տեսությանը չէինք հավատում, կարծում էինք, որ Covid-ի ժամանակ ստեղծած արհեստական պահանջարկը, որը նպատակ ուներ օժանդակելու հանրությանը, ստեղծելու էր հավելյալ պահանջարկ, որն առաջարկից ավելի մեծ էր լինելու ու իր մեջ ունենալու էր գնաճային ներուժ»,- ԱԺ-ում այսպես Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խիստ մասնագիտական լեզվով խոսում էր գնաճից, իրենց վարած քաղաքականությունից, ազգային արժույթից: Նա վստահեցնում էր, որ իրենց վարած հենց այդ քաղաքականության «շնորհիվ» աշխարհում առաջին ԿԲ-ն են եղել, որ իր հասարակության համար գնաճի խնդիրը լուծեց եւ այսօր Հայաստանում «գնաճ չկա»:

Պատասխանելով Արծվիկ Մինասյանի հարցերին՝ ԿԲ նախագահն ասաց. «Ես կարծում եմ, որ չափազանց կարեւոր է, որ կապիտալ ներդրումները, որոնք որ լինեն, լինեն այնպիսի սիներգիկ համագոյակցութան մեջ մասնավոր ներդրումների հետ, որպեսզի կարողանան երկտեղել իրար»:

Այս ամենը լսելով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց. «2024-ի բյուջեի նախագիծն ենք քննարկում, դա պետության կյանքի հնարավորությունների, ցանկությունների նկարագրությունն է հաջորդ տարվա: Դուք տալիս եք խիստ մասնագիտական գնահատական, որը հասկանալի է երեւի 15 պատգամավորի, ոչ ավել: Միգուցե հնարավորություն ունենաք ձեր գնահատականները տալուց օգտագործել մասնագիտական այնպիսի տերմինաբանություն, որը հասանելի լինի մեր քաղաքացիներին, որովհետեւ հետո դժվար է լինում նրանց բացատրել՝ այ, ԿԲ նախագահը ի՞նչ էր ասում: Մարդկանց մենք ի՞նչ ենք ասելու՝ ի՞նչ էր ասում ԿԲ-ն, լա՞վ կլինի, թե՞ վատ կլինի»:

Պատգամավորը հորդորեց «սովորական մահկանացուների»՝ քաղաքացիների համար հասկանալի լեզվով խոսել, որովհետեւ տնտեսագիտական կրթությունը հասանելի չէ շատերին:

ԿԲ նախագահը արձագանքեց. «Կրիտիկան, խորհուրդը ընդունվեց, ուղղակի երբ նայում ենք այլ երկրների ԿԲ նախագահները, երբ ելույթ են ունենում Սենատում կամ Կոնգրեսում, իրենց խոսակցությունը բացառապես պրոֆեսիոնալ է»:

Գուրգեն Արսենյանի արձագանքն ուշագրավ էր. «Ես ձեզ հետ լրիվ համաձայն եմ, պարոն Գալստյան, երբ որ հնարավորություն կունենաք ելույթ ունենալ Սենատում կամ Կոնգրեսում, լրիվ մասնագիտական ելույթ ունեցեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930