Հարցազրույց Կանադայում ՀՀ նախկին դեսպան, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հետ
– Ի՞նչ անելիք ունի Հայաստանը:
– Հայաստանի ներսում պետք է փոփոխություններ արվեն: Հայաստանը պետք է դառնա ժամանակակից եվրոպական երկիր, այլ ոչ թե հետամնաց միջինարեւելյան չգիտես ինչ…. Խոսքը միայն վերջին մարտահրավերների մասին չէ, մենք վերջին 30 տարում սխալ ուղղությամբ ենք գնացել, դրա համար էլ Արցախը կորցրել ենք: Մենք Ադրբեջանի հետ մրցել ենք, թե մեզնից ով է ավելի Ադրբեջան, ով է ավելի կոռումպացված, ով է ավելի ավտորիտար, մրցավազքում, բնականաբար, հաղթել է Ադրբեջանը, որովհետեւ ավելի ավտորիտար է ու կոռումպացված: Մենք շանս ունեինք հաղթելու, եթե լինեինք ժողովրդավար, այդտեղ ունեինք շանս: Ամեն դեպքում, պայքարը դեռ ավարտված չէ, եւ պետք է այդ ուղղությամբ գնանք: Հարեւաններից պետք է այդ առումով առաջ ընկնենք: Մարդու իրավունքների պաշտպանություն եւ այլն․ դրանք բառակապակցություններ են, որոնք այնքան էլ լուրջ չեն ընկալվում մեր երկրում տարբեր խավերի կողմից, բայց այլ ճանապարհ, այլընտրանք չկա:
– Նշում եք, որ 30 տարի սխալ քաղաքականություն են վարել: Ձե՞զ նկատի ունեք նաեւ:
Կարդացեք նաև
– Ես մեղադրում եմ բոլորիս:
– Նախկին իշխանություններին, որի մաս էիք կազմում, փորձե՞լ եք ժամանակին ասել, որ սխալ ճանապարհով ենք գնում:
– Այո, իհարկե: Բոլոր իշխանություններն էլ սխալ ճանապարհով են գնացել, դրա համար էլ Արցախը կորցրինք: Եթե տեր չլինենք հիմա մեր երկրին, Հայաստանը եւս կկորցնենք: Կարծում եմ` այստեղ մեծ գաղտնիք չեմ բացում:
– Այսինքն, պարտված իշխանություններին հավասար հարթության վրա եք դնում նախկին իշխանությունների հետ:
– Ես ընդհանուր, խոհափիլիսոփայական եզրակացություն արեցի: Թե ով ինչ է արել, դրան կարելի է անդրադառնալ առանձին: Առանձին թեմա է:
– Եթե ցանկանում եք, որ Հայաստանը դառնա եվրոպական երկիր, հավանաբար կողմ եք, որ թեքվենք դեպի Արեւմուտք:
– Ոչ, բացարձակապես: Մենք պետք է կայուն հարաբերություններ ունենանք բոլոր կենտրոնների հետ, հատկապես՝ դաշնակից Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ՝ Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ: Չի կարելի դրանք անել մեկը մյուսի հաշվին եւ չի կարելի վատ հարաբերություններ հաստատել նրանցից որեւէ մեկի հետ:
– Բայց հնարավո՞ր է ռուսական վեկտորի պահպանմամբ դառնալ եվրոպական երկիր:
– Ամեն ինչ հնարավոր է, Ռուսաստանը երբեք մեզ չի խանգարել լինել նորմալ երկիր եւ ունենալ ժողովրդավարություն: Ամեն ինչ մեր ցանկությամբ է, եթե ցանկանանք, ամեն ինչի էլ կհասնենք:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: