Ես սիրում եմ տրանսպորտում հետեւել մարդկանց, նայել, թե ինչով են նրանք զբաղվում, ինչպես են «ժամանակ սպանում»: Պարզ է, որ նրանց ճնշող մեծամասնությունը հեռախոսով մտած է սոցցանցերի մեջ: Բայց հետաքրքիր բան եմ նկատել՝ շատերն արագորեն «թերթում են» բուն նյութը եւ խորանում են մեկնաբանությունների մեջ: Այսինքն՝ նրանց հետաքրքրում է ոչ այնքան լուրը, նույնիսկ՝ ոչ այնքան կարծիքը, որքան այն, թե ինչպես են այդ կարծիքը «ջախջախելու»:
Դրա հետեւանքներից մեկն այն է, որ վիրտուալ կյանքի այդ հատվածում մշակվում է որոշակի լեզու, որը նման չէ այն լեզվին, որով մարդիկ շփվում են իրական կյանքում, ինչպես նաեւ այն լեզվին, որով գրվում են գրքերի, ամսագրերի, թերթերի տեքստերը: Դա (երեք զուտ «գրքային» բառեր օգտագործենք) համբակների, դեռակիրթների, թերավարժների լեզուն է: Բնականաբար, այդ լեզուն հագեցած է վիրավորանքներով, անհանդուրժողականությամբ, ատելությամբ: Ընդ որում, երբ այդ լեզվով խոսում են իշխանության կողմնակիցները, դա OK է, երբ նույնն անում են ընդդիմադիրները, նրանցով զբաղվում են իրավապահները:
Բայց լեզուն, ինչպես հայտնի է, մտածողության արտացոլումն է: Ես նույնպես ամիսը մեկ-երկու անգամ, զուտ մասնագիտական հետաքրքրությունից ելնելով, աչքի եմ անցկացնում մեկնաբանությունները՝ կարեւոր չէ՝ իմ կամ որեւէ մեկի նյութի: Եվ միշտ զարմանում եմ, թե որքան են մարդիկ կաղապարված իրենց նախապաշարումների մեջ: Ցանկացած, նույնիսկ «կիսաքաղաքական» նյութի մեկնաբանների 90 տոկոսը ստեղնաշարին է մոտենում «նախկինների» կամ «ներկաների», ռուսների կամ եվրոպացիների (ամերիկացիների) հանդեպ իրենց սերը կամ ատելությունը արտահայտելու համար:
Ես այդ մեկնաբանությունների մեջ չեմ տեսնում անձը, նրա անկրկնելիությունը, յուրահատկությունը: Ես տեսնում եմ դժբախտ մարդկանց, որոնք գտնվում են հասարակության (տվյալ դեպքում՝ սոցցանցային հասարակության) ճնշման տակ, որի հետեւանքով ձեւավորվել է միֆերի որոշակի համակարգ: Բնականաբար, դա նոր երեւույթ չէ՝ մարդկանց մեծամասնությունն այդպիսին է մարդկության գոյության ողջ ընթացքում: Տվյալ պահի առանձնահատկությունն այն է, որ նախ՝ ճնշումը ոչ մի վայրկյան չի դադարում, այդ մարդիկ գործնականում մշտապես «կապի մեջ են», երկրորդ՝ թվային տեխնոլոգիաների միջոցով այդ ճնշումը հնարավոր է «սկանավորել» եւ չափել: Նման ահավոր, աննախադեպ ճնշմանը հակադրվելը, իմ կարծիքով, միակ «ապստամբությունն» է, որն օգուտ կբերի թե՛ մեր, թե՛ ցանկացած այլ երկրին, թե՛ մարդկությանն ընդհանրապես:
Կարդացեք նաև
…«Այնտեղ, որտեղ հաղթանակ է տանում գորշությունը, իշխանության են գալիս «սեւերը», – ասում է Ստրուգացկիների վիպակի հերոսներից մեկը: Ահա թե որտեղից են այդ «սեւերը» հայտնվել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նորակոչիկից պահանջել ռազմական ճիշտ գործողություն նույնն է, թե սովորական քաղաքացուց պահանջել ճիշտ քաղաքացիական կամ քաղաքական ընտրություն, վերջապես քաղաքականությունը նույնքան խելք ու փորձ է պահանջում, որքան ռազմական արվեստը, որը սովորում են եւ փորձառու դառնում բանակում ծառայելու ժամանակ: Նորակոչիկը զիջում է փորձառու զինվորին նրանով, որ նորակոչիկին վախեցնել, մանիպուլացնել, օգտագործել ու պարտության տանելը խաղուպար է, իսկ փորձառու զինվորը ե՛ւ ուժեղ ոգի ունի ե՛ւ ուժեղ ռազմական շնորհք եւ նրան պարտության տանել հնարավոր չէ՝ միայն կարելի է ասենք պլանավորված ժամանակավոր նահանջի: Սա ճիշտ է եւ սովորական անփորձ նորակոչիկ քաղաքացիների համար, երբ նրանց առանց քաղաքացիական կամ քաղաքական բանակում ծառայելու ուղարկում են ընտրատեղամասեր քաղաքական ընտրություն կատարելու, դեռ մի բան էլ համոզում են նրան, որ դա ժողովրդավարական քաղաքակրթական արժեք է: Նման ընտրողին վախեցնելն ու մանիպուլացնելը նույն խաղուպարն է եւ այստեղ բացի հանցավոր մանիպուլացիայից ոչ մի այլ արժեք չկա:
Ի՞նչ անել: Առանց գաղափարախոսության, առանց ազգային սկզբունքների եւ արժեքների քաղաքականությունը նման է անգլուխ հավի, որը վազել գիտի, բայց թե ո՞ւր եւ ինչի համար՝ չգիտի, որովհետեւ խելք չունի: Ո՞րը պետք է լինի մեր գաղափարախոսությունը: Կրթել եւ դաստիարակել սուբյեկտին ներքեւից՝ սուբյեկտ ընտանիքը ստեղծվում է այդ ընտանիքի սուբյեկտ անդամներից, սուբյեկտ ընտանիքներից ստեղծվում է սուբյեկտ համայնք, սուբյեկտ համայնքներից ստեղծվում է սուբյեկտ պետություն.. Սուբյեկտ՝ նշանակում է քաղաքական, ուժային եւ տնտեսական բանակներում ծառայած կենտրոնացված համակարգերին, այսինքն՝ բարձրագույնս կրթված դաստիարակված փորձառություն եւ հզորագույն ոգու ուժ ունեցող զինվորին, սուբյեկտը պետք է այդ բոլոր բնագավառներում դառնա փորձառու մարտիկ, սա է իսկական քաղաքացին, որին կարելի վստահել քաղաքական ընտրության իրավունքը: Միայն սուբյեկտ համակարգերով ենք մենք ի վիճակի դիմագրավել այլասերված գլոբալիստներին ծրագրերին եւ օրակարգերին: Այն, որ եղբայրական ժողովուրդները իրար կոտորում են, սա պատճառ է այդ ժողովուրդների քաղաքական անգրագիտության եւ որպես հետեւանք՝ հանցավոր մանիպուլյացիայի այլասերված գլոբալիստների կողմից: Մենք սուբյեկտ ժողովուրդներով՝ ազգերով պետք է մշակենք եւ աշխարհին պարտադրենք մեր նորմալ գլոբալիստական օրակարգը: