Լրահոս
Օրվա լրահոսը

Չգիտակցվեց, որ «աղետի բաղադրատոմս»՝ ստատուս-քվոն հավերժական չէր կարող լինել

Նոյեմբեր 15,2023 13:30

Լույս է տեսել Նժդեհ Հովսեփյանի «Ստատուս-Քվոյի հայկական ճարտարապետությունը Լեռնային Ղարաբաղում» պատմաքաղաքագիտական հետազոտությունը: Հետազոտությունն առաջին անգամ հրապարկվել է «Enilghr» հանրային հետազոտությունների կենտրոնի կայքում: Ասել է թե՝ գիրքը լույս է տեսել 44-օրյա պատերազմից հետո:

Ինչպես հեղինակն է գրում. «Սույն հետազոտությունը, սակայն, հեղինակվել է ռեալիզմի քաղաքական տեսության հենքով` ելակետում ունենալով հակամարտ կողմերի ուժային հավասարակշռության, առկա ռեսուրսների եւ մեծ ու փոքր դերակատարների բազային նեղ շահերի հարացույցները: Չհավակնելով իրավունքի ուժի տեսության վերլուծությանը կամ քննադատությանը` հարկ է նկատել, որ այն վերջնարդյունքում այդպես էլ հստակորեն չի պատասխանում, թե ինչպես պետք է լուծեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժային բալանսի խախտման եւ արտաքին ուժային կենտրոնների` սեփական բազային շահերով պայմանավորված քաղաքականության հարցերը»:

Գիրքը երկլեզվով է` հայերեն եւ անգլերեն:

Հետազոտության նախաբանում երիտասարդ պատմաբանը գրում է. «1994թ.-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտութունը տաքից փոխարկվեց պաղի, իսկ հակամարտ կողմերը Արցախի լեռներից ու մարտադաշտերից տեղափոխվեցին բազմակողմ եւ եռակողմ(երկկողմ) գագաթնաժողովներ: Հակամարտության սրացման եւ սառեցման փուլերի, բազմաթիվ դերակատարների նեղ շահերի եւ ընդհանուր բարիքի շրջաններում դրա էությունը` թե բովանդակային, թե ձեւական առումներով, տարիների ընթացքում վերափոխվեց: Ինչպես Հայաստանի, ԼՂ-ի ու Ադրբեջանի, այնպես էլ միջազգային հանրության համար հակամարտությունն ուներ բացարձակապես ուրույն ընկալում, որի լուծման հարցում կողմերի պատկերացումների հակասականությունը տարեցտարի խորանում էր: Այդ պայմաններում հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցային ճանապարհով, որքան էլ այդպիսի հանձնառություն էին ստանձնում բոլոր կողմերը, հանգում էր փակուղու»:

Գիրքը բաղկացած է վեց բաժիններից` «Ստատուս-Քվոն պատերազմի եւ խաղաղության կիսամիջոց», «Հայդատականության նորօրյա գաղափարական հանգրվանը», «Փոխզիջումը` որպես դավաճանության եւ հայրենասիրության «աղվեսադրոշմ», «Երկլեզու էլիտա եւ երկդիմի քաղաքականություն. հայկական բլեֆ», «Հայկական երազանք. ստատուս-քվոյի պահպանումը» եւ` «2018թ. հեղափոխություն. «Տարեկանի արտում`անդունդի եզրին»:

Հեղինակը բացի պատմաքաղաքական փաստական աղբյուրները բարեխղճորեն համադրել-վերլուծելուց, մեկնաբանություններ է անում:

Ըստ նրա, մեր պարտության պատճառներից էր նաեւ այն, երբ «հայ քաղաքական միտքը թուլություն ունեցավ ճնշվելու «հայրենասիրական պատմության» դոգմաներից, զանցառնելով քաղաքական համատեքստի, աշխարհագրության ու քարտեզի գործոնները: Կառչած մնալով մի պատմական փուլում ձեւավորված ստատուս-քվոյից, որը հաջորդ պատմափուլում այլեւս անխուսափելիությամբ փոխված էր լինելու եւ չէր արտահայտելու այդ` ձեռնտու պահի ստատուս-քվոյի իրողությունները, հայ քաղաքական ընտրանու մեծագույն մասը եւ վերջինիս ազդեցությամբ նաեւ հանրության ճնշող մեծամասնությունը հավաքականորեն ի վիճակի չեղան ընդունելու իրենց շուրջ գոյություն ունեցող միջավայրի փոփոխությունը եւ ադապտանալու դրան համապատասխանորեն:

Ասել է՝ թե չգիտակցվեց, որ «աղետի բաղադրատոմս»՝ ստատուս-քվոն հավերժական չէր կարող լինել: Ըստ հեղինակի` պատերազմը եւ դրա ծանր արդյունքը փաստեցին հայկական «իսրայելացման» փորձի ձախողումը` փլատակների տակ թողնելով թե Հայաստանը, թե Արցախը:

Հեղինակը «հավելված» հատվածում ներկայացնում է համառոտ ժամանակագրությունը, սկսած 1988թ. փետրվարի 20-ի Ղարաբաղյան շարժման մեկնարկից մինչ 2020 թվականի նոյեմբերի 9/10 եռակողմ համաձայնության ստորագրումը` Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության նախագահների միջեւ, որի համաձայն՝ ռազմական գործողությունները դադարեցվում են…

Հետազոտության վերջաբանում հեղինակը գրում է. «Ազատությունն առանց պատասխանատվության անարխիա է, իշխանությունն առանց պատասխանատվության` աղետ: Այսպես կարելի է բնորոշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի քաղաքական կառավարող ընտրանու գործունեությունը 1998թ.-ից վեր: Տեղական ու գավառական հայրենասիրությանը տուրք տալով` այդ ընտրանին արտաքին քաղաքականությունը վարում էր մի կողմից` այնքանով, որքանով այն սպասարկում էր երկրի ներսում իշխանություն պահելու եւ գաղափարական դիկտատուրայի օրակարգը, մյուս կողմից` միջազգային ասպարեզում հարցերը ձգձգելու, առաջարկներին համաձայնելու, սակայն անկատար թողնելու մարտավարությամբ…քաղաքական էկոլոգիան հագեցած էր պաթետիկ հայրենսիրության թթվածնով…»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Նժդեհ Հովսեփյանը «Դիվանագիտություն եւ միջազգային հարաբերություններ» առարկայական ծրագրով ուսանել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում։

«Թավիթյան» հիմնադրամի կրթաթոշակով սովորել է ԱՄՆ Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում՝ «Հանրային քաղաքականություն եւ կառավարում» ծրագրով:

«Առավոտ» օրաթերթ
14.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930