Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասը տարիե ի վեր թատերական բեմին վրա կը քալեմ… Թող նստեիր…»

Նոյեմբեր 15,2023 12:30

«Մեծապատիվ մուրացկանները»՝ ներառական թատերախմբի խաղացանկում

Օրերս «Հույսի կամուրջ» թատերախումբը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում հանդիսատեսի դատին հանձնեց Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» ներկայացումը։ Այդ առիթով զրույցի ենք հրավիրել թատերախմբի հիմնադիր ղեկավար Հասմիկ Խաչերյանին եւ թատերախմբի ռեժիսոր Լեւոն Իվանյանին։

– Գրեթե երեք տասնամյակ է, որ տարբեր առիթներով լսում ենք «Հույսի կամուրջ» թատերախմբի անունը, բայց համոզված ենք՝ քչերը գիտեն, թե ի վերջո ո՞րն է այն առանձնահատկությունը, որ պարբերաբար նշվում է, թե թատերախումբն աշխարհում եզակի է կամ բացառիկ իր տեսակի մեջ։

Լեւոն Իվանյան.- Եթե կարելի է՝ ես պատասխանեմ այդ խիստ մասնագիտական հարցին։ Խոսքը վերաբերում է ոչ այնքան մեկ առանձնահատկությանը, որքան մի քանի առանձին հատկությունների փնջին, ինչի շնորհիվ թատերախումբը առանձնանում է իր եզակիությամբ, այն էլ՝ ոչ ավել- ոչ պակաս՝ աշխարհում։ Ո՞ր որակներն են, որ թատերախմբին թույլ են տալիս հաստատուն գործունեություն ծավալել 27 տարի, որն արդեն շատ մեծ թիվ է ոչ պետական հոգածության թատրոնների համար եւ, ի վերջո՝ ինչո՞ւմն է իր եզակիությունը։ Մեկ տասնյակի հասնող որակներից ես կառանձնացնեմ երեք հիմնական գործոն. առաջինն այն է, որ հաշմանդամության խնդիրներին առնչվող թատերական ներկայացումներ թեեւ շատ կան աշխարհում, բայց դրանք հիմնականում կրում են մեկ-երկու անգամյա ակցիաների տեսք եւ մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել աշխարհում հատուկ կարիք ունեցող անձանց համար գործող այն ստեղծագործական խմբերին, որոնք գործում են գոնե մինչեւ տասը տարի։ Այսպիսով՝ առաջին եզակի որակը դա գործի երկարակեցությունն է։ Երկրորդն այն է, որ ամեն տարի նորացվող թատերախումբը հավաքագրելիս երբեք որեւէ կարգի ընտրություն չի կատարվում, ինչը ամենայն դաժանությամբ իրականացվում է պրոֆեսիոնալ արվեստի ոլորտում եւ ինչը մեր դեպքում պարզապես համարվում է, ոչ ավել-ոչ պակաս՝ անբարոյականություն։ Մեր գլխավոր սկզբունքը մասնակցի ցանկությունն է, մենք աշխատում ենք անձնային ամենաբարդ խնդիրներ ունեցող մանուկների եւ պատանիների հետ։ Երրորդը՝ որ առաջին 5-6 տարիներին խումբը գործում էր միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ հիմա թատերախումբը դարձել է ներառական, քանի որ տարիների ընթացքում ջնջվեց այն պատնեշը, որ մի ժամանակ կար հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ անձանց միջեւ, եւ հիմա մեզանում վաղուց արդեն չկա այդ սահմանը, որը եւ բոլորի, եւ երկրի համար, ապրելակերպի բարձր կուլտուրա է։ Մնացած 7-8 որակների մասին հետո կասեմ, եթե մեր զրույցի ծավալը թույլ տա։ Միայն ավելացնեմ, որ թատերախումբը գործում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության կազմում, գոյություն ունի թատերախմբի հիմնադիր ղեկավար Հասմիկ Խաչերյանի կազմակերպական անխորտակելի ջանքի շնորհիվ։ Ինչպես ամեն մեծ գործում, միշտ մեկը կա, ով կրում է գործի ամբողջ ծանրությունն ու պատասխանատվությունը եւ մեր դեպքում կամ այս դեպքում՝ այդ մարդը Հասմիկ Խաչերյանն է։ Ես միշտ գործել եմ  բեմարվեստի պրոֆեսիոնալ ոլորտում, բայց այս հարցում միշտ հանդես եմ եկել որպես Հասմիկին օգնող, աջակցող։
– Տիկին Խաչերյան, հասկանալի է, որ ձեզ համար դժվար կլինի թատերախմբի 27 տարիների գործունեությունը հակիրճ ներկայացնելը, այնուամենայնիվ, որո՞նք են այն մղումները եւ մեծ նպատակը, որն էլ մեծ ուժ է տալիս այդ իրապես շատ բարդ ծրագիրն իրագործելու համար։

– Առաջներում՝ ընդամենը 20-30 տարի առաջ, ընդունված էր, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները դիտարկում էին որպես միայն բժշկական եւ սոցիալական խնդիրներ, իսկ հատուկ կարիք ունեցող անձանց հետ ամենափոքր շփումն անգամ, գոնե իմ դեպքում, ինձ համար երեւաց ամենասովորական, պարզ մարդկային ցանկությունների մի հսկայական ծավալ, որ ուշադրությունից դուրս էր մնացել, իբր «շատ հասկանալի» պատճառներով։ Դա երեխաների պարզ ցանկությունն էր բոլորի նման մասնակից լինել երգ ու պարին, տոներին, ստեղծագործական աշխատանքներին եւ ի վերջո բեմ բարձրանալ եւ մարդկանց հետ կիսվել իրենց շնորհներով ու խոր թաքնված կարողություններով։ Այն տարիներին անհնար էր թվում այս ոլորտում մշտապես գործող թատրոն ունենալու գաղափարը եւ ինձ մնում էր ոչ թե խոսքերով կամ ծրագրերով հանդես գալ, այլ փորձել միջոց ու հնարավորություն ստեղծել երեխաների համար, ովքեր նույնիսկ ծնողների հետ այդ թեմաներով չէին էլ խոսում։ Հասկանալի էր, որ պետք էր օրինակը ստեղծել, որից հետո միայն հնարավոր կլիներ խոսել ծրագրային ապահովման կամ միջոցների հատկացումների մասին։ Ինձ համար պարզ էր, որ մտնում էի մութ անտառ, բայց վստահ էի, որ երեխաների եւ պատանիների կողմից մեծ արձագանք կունենամ եւ հենց իրենց ցանկություններն էլ մեծ ուժ կտան այդ դաշտը ստեղծելու համար։ Իսկ առաջին ներկայացումը 1996թ. ես միայնակ բեմադրեցի եւ զգացի, թե ինչ բարդ ու դժվարին աշխատանք է բեմական ստեղծագործական աշխատանքը, բայց միեւնույն ժամանակ տեսա, թե ինչ մեծ սիրով են երեխաները մասնակցում դրանց։ Ինձ արդեն պարզ էր, որ պետք է համագործակցեմ մասնագետ ռեժիսորի հետ։ Իվանյանին գիտեի մի այլ խմբի հետ աշխատանքից եւ միանգամից իրեն հրավիրեցի։ «Մեծապատիվ մուրացկանները» 30-րդ ներկայացումն է, որ հանձնում ենք հանդիսատեսի դատին։ Այս տարիների ընթացքում 400-ից ավելի այն երեխաներն ու պատանիները, ովքեր մեզ հետ են աշխատել, բեմական խոսքի ու գործողության հղկված որակներն իրենց հետ տանում են կյանք։ Արդյունքում մենք ամեն տարի կարողանում ենք փոքրիկ երջանկություններ պարգեւել թատերախմբի մասնակից երեխաներին, գուցե եւ ավելի շատ իրենց ծնողներին։ Հավանաբար այսքանը։ Բայց շատ քիչ բան ասացի թատրոնի գործունեության մասին, թեեւ տվեցի ձեր հարցի հիմնական պատասխանը։

Լ. Ի.– Ես միայն կհավելեմ, որ թատերախումբը ներկայացրել է հայ եւ համաշխարհային թատերգության հրաշալի ընտրանի՝ Շեքսպիր, Մոլիեր, Սերվանտես, Դեմիրճյան, Թումանյան, Գոցցի, Գոլդոնի, Գոգոլ, Անդերսեն, Շվարց… ինչպես նաեւ ժամանակակից գործեր, որոնք ոչ միայն հետաքրքիր են հանդիսատեսին, այլեւ կամային առումով խիստ դաստիարակչական են  մասնակիցների համար։

Հ. Խ.– Կրկնում եմ՝ չհասցրեցի շատ կարեւոր այլ հարցրի մասին եւս խոսել՝ փառատոների մասնակցության, շրջագայությունների, թատերախմբի աշխատանքներին մասնակցելուց հետո կյանքում աշխատանքային եւ դիրքային հաջողությունների հասած անձանց մասին եւ, ի վերջո, մեր ամենամեծ նվաճման՝ ներառականության շնորհիվ բոլորի համար հավասարաչափ պայմաններ ստեղծելու խնդրում մարդկանց մեջ սահմանները ջնջելով, առանց սահմանների անսահման հնարավորություններ ստեղծելու բարդ խնդրում։

– Վերջում Պարոնյանի նմանությամբ.

– Տասը (27) տարիե ի վեր թատերական բեմին վրա կը քալեմ…

– Թող նստեիր։

– Եվ ազգին ծառայություն կընեմ։

– Աղայություն ընեիր թո՛ղ։

– Տասը տարիե ի վեր բարոյական դպրոցի մը մեջ ազգին վարժապետություն կընեմ։

– Ի՞նչ փույթ ինծի։

– Եվ իրավունք ունիմ ինծի համար տրվելիք ներկայացման ձեզի պես ազնիվ մեկն ալ հրավիրել։

– Ես պետք չունիմ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Հասմիկ Խաչերյանը եւ Լեւոն Իվանյանը։

«Առավոտ» օրաթերթ
14.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930