Լրահոս
Օրվա լրահոսը

Խառնաշփոթ՝ իշխանական վերնախավում

Նոյեմբեր 15,2023 12:00

Լուրջ կընկալվի՞ իրարամերժ հայտարարություններ անելու, բարձրաձայն մտածելու քաղաքական գիծը

«Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար: Բայց կա նաեւ ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը», ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս այս մասին հայտարարել է հայաստանյան քաղհասարակության նախաձեռնած «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովի ընթացքում: «Մենք լսում ենք քաղաքացիական հասարակությանը ու փորձում ենք հասկանալ, թե Հայաստանի համար որոնք են լավագույն գործիքները, որ կարող են ե՛ւ անվտանգություն, ե՛ւ զարգացում ապահովել ու տարածաշրջանում ունենալ խաղաղություն»,- ասել է նա։ Ըստ Գրիգորյանի` Հայաստանը համոզվել է, որ ժողովրդավարությունը լավագույն գործիքն է՝ հասցեագրելու ներքին խնդիրները. «Հիմա մեր հանրության մեջ ամենամեծ հարցը դա է՝ արդյո՞ք ժողովրդավարությունը նաեւ կարող է արտաքին անվտանգություն ապահովել։ Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը լուրջ աջակցություն ստանա՝ դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը, անվտանգության ոլորտում իր ռեսուրսները»:

ՀՀ ԱԽ քարտուղարը նաեւ հայտնել է, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու, նույնիսկ՝ անվտանգության։ Արմեն Գրիգորյանը, սակայն, չի մանրամասնել, թե Երեւանն Արեւմուտքի հետ ինչպիսի գործակցություն է ակնկալում անվտանգության ոլորտում: «Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է, եւ այդ թիրախավորումից պաշտպանվելու համար անհրաժեշտ է նաեւ՝ Հայաստանը լուրջ աջակցություն ստանա. Հայաստանը աջակցություն ստանա՝ դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը, Հայաստանը աջակցություն ստանա՝ անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացնելու իր ռեսուրսները», – պարզաբանել է Գրիգորյանը:

Նա շեշտել է, որ անվտանգության թեմայով նախկինում Երեւանը նման մակարդակի քննարկումներ չի ունեցել Արեւմուտքի հետ, բերելով Ֆրանսիայի օրինակը: Երեւանն ու Փարիզն անցած ամիս ռազմական համագործակցության, այդ թվում՝ պաշտպանական սպառազինության մատակարարման պայմանագիր կնքեցին. «Դեռեւս օրինակելի երկրներ կան, օրինակ՝ Ֆրանսիան, ում հետ ռազմական ոլորտում մենք շատ մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ ե՛ւ հավաքական Եվրոպան, ե՛ւ անհատական երկրների հետ մենք կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը: Եվ երբ ես ասում եմ անվտանգային համագործակցություն, դա միայն ի նկատի չունեմ ռազմականը՝ անվտանգություն ավելի լայն կոնտեքստում»: Արդյո՞ք Արեւմուտքի հետ հարաբերությունների խորացմամբ Երեւանը նպատակ ունի փոխել արտաքին քաղաքական վեկտորը, Գրիգորյանն այդ հարցին չի անդրադարձել։

Նկատենք, որ ԱԽ քարտուղարը օրերս հրաժարվեց մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հավաքին՝ առանց պատճառները հստակեցնելու։ Արմեն Գրիգորյանն այժմ «ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարի» մասին է հիշատակում, նշանակում է, նա որպես պետության բարձրաստիճան պաշտոնյա, առնվազն, չի բացառում նման հնարավորությունը Հայաստանի համար:

Իշխանությունը կարող է ունենալ Հայաստանի ապագայի մասով տարբեր կարծիքներ: Ավելին` աշխարհաքաղաքական այս վայրիվերումների պայմաններում, իշխանությունները պարտավոր են վերլուծել Հայաստանի շուրջ ծավալվող գործընթացները: Արդյո՞ք ՀՀ իշխանություններին ամենօրյա ռեժիմով տրամադրվում են նման վերլուծություններ տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ, արդյո՞ք նրանք ծանրութեթեւ են անում այդ զարգացումների դրդապատճառները, հնարավոր հետեւանքները, հետագա հնարավոր փոփոխությունները:

Մեր իշխանության ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե իշխանության ներսում չկա միասնական դիրքորոշում նման կարեւոր հարցի վերաբերյալ` Հայաստանը պե՞տք է շարունակի դաշնակցել այն դաշինքներին, որոնցում հիմա է ներկայացված, թե՞ ոչ:

Մոսկվայից արդեն ամենշաբաթյա ռեժիմով կոշտ քննադատություն է հնչում Հայաստանի ուղղությամբ: Հերթական այդպիսի քննադատությունից հետո էլ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը չմասնակցեց ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը։ Արմեն Գրիգորյանը հայաստանցի միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որը չմասնակցեց Ռուսաստանի առաջնորդած կառույցների հանդիպումներին, Նիկոլ Փաշինյանն էլ այս տարի ԱՊՀ գագաթնաժողովին չգնաց, պաշտպանության նախարարը՝ ՀԱՊԿ ու ԱՊՀ պաշտոնակիցների հավաքին։ ՀԱՊԿ զորավարժություններին էլ Հայաստանն այս տարի չմասնակցեց։

Վերոնշյալ հավաքներին չմեկնելու պատճառների մասին հրապարակային պարզաբանումներ թեեւ չեն հաղորդվել, սակայն, պաշտոնական Երեւանը տարբեր մակարդակներով խոսել եւ շարունակում է խոսել Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության, ՀԱՊԿ-ի ունեցած դիրքորոշումների մասին` հստակ ի ցույց դնելով Հայաստանի դժգոհությունը:

Պաշտոնական Երեւանն ու Մոսկվան կոշտ հայտարարություններից բացի, հիշեցնենք, որ նաեւ կոնկրետ քայլերի են անցել, այդ թվում՝ բողոքի նոտաների փոխանակման։ Այս պայմաններում շատերը չեն բացառում, որ Հայաստանի նկատմամբ տնտեսական ու քաղաքական կոշտ ճնշումներ կարող են կիրառվել:

Հստակ է, որ Մոսկվային դուր չեն գալիս Արեւմուտքի հետ Հայաստանի սերտ շփումները՝ հայ-ամերիկյան զորավարժությունները, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների տեղակայումը, նաեւ Պուտինին կալանավորելու օրդեր տված ՄԱԿ-ի միջազգային դատարանի կանոնադրությանը միանալը։

Մոսկվան ունի իր շահը ու հետապնդում է իր շահերը: Բայց նաեւ ակնհայտ է, որ Ռուսաստանում օգտվում են ստեղծված մթնոլորտից եւ Հայաստանի ներկայիս ղեկավարությանն են մեղադրում` նպատակաուղղված ու համառորեն հայ-ռուսական «դաշնակցային հարաբերությունները քայքայելու» փորձերի մեջ։

ՀՀ իշխանությունների կողմից ոչ միասնական հայտարարությունները, մի տեսակ ավելի խառնաշփոթ են ստեղծում: Պաշտոնական Երեւանի դժգոհություններն, իհարկե, արդարացված են` Մոսկվան ձախողել է դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ այն օրվանից, երբ սկսել է զինել Ադրբեջանին, ադրբեջանական ներխուժումներից հետո, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից հետո մինչ օրս Մոսկվան որեւէ անգամ չի քննադատել Ադրբեջանի իշխանություններին, չի հայտարարել, որ պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Սակայն, այս ամենով հանդերձ, Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը դեպքի Արեւմուտք վեկտոր չի փոխում, ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չի եղել, ռուսական ռազմաբազան հանելու քննարկում եւս չկա։

«Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որի շրջանակներում մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, մեզնից առաջ է ստորագրվել: Այսինքն՝ մենք ոչ մի բան չենք փոխում: Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչ որ կա, ոչ մի բան մենք չենք չեղարկել, ոչ մի տեղից դուրս չենք եկել», – մեկ ամիս առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջերս էլ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Փաշինյանը նշեց՝ ՀԱՊԿ-ն անհրաժեշտ գործողություններ չի կատարել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, եւ դա հիասթափեցնող է. «Նաեւ Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, եւ այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել»։ Այս ամենը, նրա խոսքով, «հարաբերությունները դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտություն է առաջացրել։ «Ավելի ճիշտ եւ անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությանը, ապա դրա առավելությունները Փաշինյանի համար տեսանելի չեն. «Իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք դրա առավելությունները, ցավոք, չենք տեսել»։ Նշանակո՞ւմ է, արդյոք սա, որ Ռուսաստանից պահանջելու են հանել ռազմաբազաները Հայաստանից, այս հարցադրմանը Փաշինյանը պատասխանել է. «Մենք նման հարց չենք քննարկում: Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, եւ, իհարկե, նաեւ կարծում եմ՝ սա Հայաստանի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ ՀԱՊԿ միջեւ աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»:

ՀԱՊԿ-ի գործառույթներից հիասթափություն հայտնած Փաշինյանից The Wall Street Journal-ը հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ այդ կազմակերպության անդամ։ «Մենք հարցերի քննարկման փուլում ենք, որովհետեւ չենք ուզում որեւէ հարցում սխալ հասկացած լինենք ՀԱՊԿ-ին եւ չենք ուզում, որ ՀԱՊԿ-ն որեւէ հարցում սխալ հասկացած լինի մեզ: Դրա համար պետք է հետեւողական աշխատանք տանենք, մինչեւ կհասունանա որեւէ եզրակացություն անելու պահը»,- պատասխանել էր Փաշինյանը:

Մեկ ամիս առաջ ռուսական ոչ պաշտոնական աղբյուրները Փաշինյանի` Եվրախորհրդարանում ելույթն անվանել էին անպատասխանատու եւ սադրիչ, հատկապես` Ռուսաստանին եւ հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող։ Հիշեցնենք, Փաշինյանը Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար մեղադրեց ՌԴ խաղաղապահ զորախմբին ու ՄԱԿ-ին, նաեւ հայտարարեց, թե այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր ԼՂ-ից փախչում էին ՀՀ, անվտանգության ոլորտի դաշնակիցները ՀՀ-ին ոչ միայն չէին օգնում, այլեւ այդ օրերին իշխանափոխություն անելու եւ ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում։

Օրեր առաջ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, սակայն, ընդգծել է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու իրավական պրոցես այս պահին չկա։ Հայաստանը ներկայումս չի դիտարկում ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, իր հերթին նշել էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ավելի վաղ։ «Այս պահին մենք չենք քննարկում այդ հարցը»,-պատասխանել էր նա` ի պատասխան լրագրողների հարցադրումների, թե արդյոք կա՞ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն։ Միաժամանակ, ըստ Խանդանյանի, Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխության հարց չկա. «Որովհետեւ վեկտորն ուղղված է դեպի Հայաստան, նրա անկախության եւ ինքնիշխանության ապահովում»: Նա նաեւ հավելել էր. «Արտաքին կողմնորոշումը այնպիսի արտաքին քաղաքականության իրականացումն է, որը կապահովի Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը»: Ճշտող հարցին, այդ անվտանգության երաշխավորը Ռուսաստա՞նն է, թե՞ Արեւմուտքը, նա պատասխանել էր. «Դա Հայաստանն է, առաջին հերթին ՀՀ զինված ուժերը եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը եւ այն բոլոր գործընկերների հետ հարաբերությունների խորացումը, որոնք կիսում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն անսասան պետք է մնա, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը անսակարկելի արժեքներ են»:

Հայաստանի իշխանական վերնախավի դիրքորոշումներում որոշակի խառնաշփոթ է: Եթե նրանք որդեգրել են իրարարամերժ հայտարարություններ անելու, բարձրաձայն մտածելու, հասարակական տրամադրություններ շոշափելու, ապա միայն` որոշումներ ընդունելու գիծ, նման գործելաոճը աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ հազիվ թե լուրջ ընկալվի: Չհաշված, որ նման կեցվածքից ակնհայտորեն օգտվում է Հայաստանի «դաշնակիցը»` այսպես ասած` իր մեղքերը բարդելով Հայաստանի վրա, բոլոր հնարավոր բարդությունների հարցում մեղադրանքի սլաքներն ուղղում է պաշտոնական Երեւանի ուղղությամբ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 14.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930