Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերջնականապես ոչինչ չի կործանվի եւ չի հաստատվի

Նոյեմբեր 15,2023 14:00

«Զարգացման նպատակի» եւ «առաջընթացի» մասին տեսլականները հակասության մեջ են մտնում իրականության հետ

Վերջերս ծանոթներիցս մեկը խոստովանեց, որ 2018 թվականին փողոց էր փակել: Նրանից ես բացարձակապես նման բան չէի սպասում: Բայց իմ այդ ծանոթը, որի հայացքները հիմա բացարձակապես իշխանամետ չեն, ասաց, որ ոգեւորված էր, անկեղծ ցանկանում էր, որ սուտը կործանվի եւ արդարությունը հաստատվի: Իհարկե, մասամբ դա խառնվածքի խնդիր է: Ես, օրինակ, որեւէ քաղաքական գործընթացով չեմ ոգեւորվում եւ ստի վերջնական կործանմանը, ինչպես նաեւ արդարության անվերապահ հաստատմանը չեմ հավատացել եւ չեմ հավատում:

Այստեղ, սակայն, խնդիրը ոչ միայն խառնվածքն է, այլեւ ընդհանրապես արեւմտյան, քրիստոնեական ամբողջ ավանդույթը, ըստ որի՝ մենք ապրում ենք հանուն որոշակի վերջնական նպատակի, որի իրագործումը տեղի կունենա ինչ-որ X ժամի՝ մեզ համար անհայտ: Հանուն ինչի՞ է պետք նեղություններ եւ զրկանքներ կրել: Ի՞նչը պետք է մեզ ոգեշնչի՝ մեր ուղին անցնելու համար: Բնականաբար, Քրիստոսի Երկրորդ Գալուստը, Ահեղ դատաստանը. այդ եւ նմանատիպ այլ իրադարձությունների արդյունքում ամեն ինչ, այսպես ասած, տեղը կընկնի:

Արեւմտյան հոգեւոր մշակույթը, փիլիսոփայությունը՝ մինչեւ 19-րդ դարը ներառյալ, զարգանում էին այդ «վերջնական նպատակի» նշանաբանի տակ: Հեգելի մոտ Համաշխարհային ոգին այդպես էր ծավալվում տրամաբանական եւ պատմական ասպարեզում: Մարքսը, ինչպես նաեւ, օրինակ, նույն ժամանակաշրջանի ֆրանսիացի փիլիսոփա Օգյուստ Կոնտը այդ ամենն իջեցնում էին նյութական հողի վրա, եւ ամեն մեկը՝ յուրովի փորձում էին այդ «առաջընթաց զարգացումը» բացատրել հստակ բնական կամ տնտեսական օրինաչափություններով:

Բոլոր այդ տեսություններում կա որոշակի նպատակ, հանգրվան, օրինակ, կոմունիզմը, որին այդ ամբողջ գործընթացը (մեր գլխում, տնտեսության կամ բնության մեջ ծավալվող) հանգելու է: Հին աշխարհը կկործանվի, նորը կհաստատվի՝ այնպես, ինչպես նկարագրված է աստվածաշնչյան Հայտնության մեջ կամ որեւէ այլ ձեւով: Ֆրանսիացի յակոբինները կամ ռուս բոլշեւիկները դա չափազանց գռեհիկ կերպով էին պատկերացնում: Բայց ինչպես էլ պատկերացնենք, ըստ այդ մոտեցման, ստացվում է, որ «առաջընթացի» նպատակը կամ հանգրվանն է մեր կյանքին իմաստ տալիս:

Սակայն 19-րդ դարի վերջին տասնամյակներում արդեն իսկ պարզ դարձավ, որ նման «առաջընթացի» հանդեպ կույր հավատն այնքան էլ հիմնավոր չէ: Նիցշեն իր «Զվարթ գիտություն» աշխատության մեջ (1882թ.) գրում է երեք մոլորությունների մասին. ա/ որ գիտությունը մոտեցնում է մեզ Աստծո բարությանն ու իմաստությանը (Նյուտոն), բ/ որ բարոյականության, գիտելիքի եւ երջանկության միջեւ անքակտելի կապ կա (Վոլտեր), գ/ որ գիտության միջոցով հաղթահարվելու են մարդկանց անցանկալի բնազդները (Սպինոզա):

20-րդ եւ հատկապես 21-րդ դարում այն գաղափարները, որոնց հեղինակներն էին վերոհիշյալ երեք մեծ մտածողները, մեղմ ասած, չեն հաստատվում, իսկ հաստատվում են հենց Նիցշեի կանխատեսումները: Ոչ մի նշույլ չկա, որ մարդկությունը գնում է ինչ-որ արդար կամ գոնե՝ պակաս գիշատիչ կարգերի հաստատման ուղղությամբ: Վախենամ, որ ճիշտ հակառակը՝ մենք ականատես կլինենք այնպիսի աղետների, որոնց առաջ նախորդ դարի երկու աշխարհամարտերը պարզապես խամրելու են:

Դա չի նշանակում, իհարկե, որ այն հատվածում, որտեղ մենք ապրում ենք եւ ակնհայտ աղբ ենք տեսնում, պետք չէ այդ աղբը հավաքել եւ դեն գցել: Բայց՝ առանց մեծ հույսերի, որ դրա արդյունքում ինչ-որ չարիք կկործանվի, եւ ինչ-որ լավ բան կհաստատվի:

…Մոտ 30 տարի առաջ ամանորյա ընդունելության ժամանակ դաշնակցական մի լրագրող հարցրեց նախագահ Տեր-Պետրոսյանին, թե որն է մեր ազգային նպատակը: Նախագահը նախ ասաց՝ «հաստատ Սեւրի պայմանագիրը չէ»: Ինչպես հայտնի է, մեր քաղաքական սպեկտրի որոշ մասի համար Երկրորդ Գալուստը մարմնավորվում է Սեւրի դաշնագրի եւ Վիլսոնի քարտեզի տեսքով: Այնուհետեւ Տեր-Պետրոսյանն ասաց, որ մեր ազգային նպատակը պետությունը կայացնելն է: Թերեւս: Բայց պետք է ասել, որ այս հարցում մենք նույնպես պարծենալու առիթ չունենք: Հատկապես վերջին 5 տարվա ընթացքում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930